Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Սարգսյան. «Իշխանություններից սպասելի է անգամ առանց աուդիտի հայտարարել, որ թանկացնելու են, դեռ մի բան էլ ավելի»

Օգոստոս 14,2015 18:35

«Ոչ թալանին նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը Aravot.am-ի հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է իրենք կրկին դիմեն քաղաքացիական անհնազանդության մեթոդների: Պարզապես չցանկացավ պայքարի մեթոդների մասին փակագծեր բացել՝ ռազմավարական խնդիրներից ելնելով:

Նշենք, որ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշված էր. «Եթե իշխանավորները դասեր չքաղեն իրենց սխալներից, խելքները գլուխները չհավաքեն և շարունակեն իրենց լկտի քաղաքականությունը, ապա կրկին կտեսնենք քաղաքացիներին փողոցում, բայց այս անգամ կլինի շատ ավելի վճռական ու կոշտ տրամադրված պայքար։ Հետագա իրավիճակի ողջ պատասխանատվությունը կմնա անձամբ Աբրահամյան Հովիկի և Սարգսյան Սերժի վրա»:

Մեր այն հարցին՝ սա համարել նախազգուշացու՞մ, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Ոչինչ չի բացառվում, բոլոր հարցերը պարզ կլինեն Սիրահարների այգում սեպտեմբերի 1-ին կայանալիք «Երիտասարդության համախմբում» հավաքի ժամանակ»:

Մաքսիմ Սարգսյանը փոխանցեց, որ իրենք մտահոգություններ ունեն այն աուդիտորական կազմակերպության վերաբերյալ, որին իշխանությունները տրամադրված են ընտրել: Նա փոխանցեց. «Ինֆորմացիան հիմնականում փակ են պահում, իսկ մենք խնդիրներ ենք տեսնում այն աուդիտորական ընկերության հետ կապված, որին միտված են ընտրելու: Աշխարհում կան չորս հիմնական հեղինակավոր աուդիտորական ընկերություններ, ինչքանով որ հասկացել ենք, սա այդ չորսից մեկը չէ: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը, ապա երբ պարզ կլինի՝ աուդիտը տեխնիկական է լինելու, թե ֆինանսական, որ կազմակերպությունն է իրականացնելու, այդ ժամանակ էլ հստակ կլինի մեր մասնակցության հարցը»:

Մեր հարցին միտում տեսնո՞ւմ եք, որ աուդիտի միջոցով ուզում են իշխանությունները հիմնավորել իրենց՝ հոսանքի թանկացման որոշումը, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Իշխանությունների պահվածքը չենք հասկանում: Ընկել են ինչ-որ հիստերիայի մեջ, չեն կողմնորոշվում աուդիտ հայտարարել, թե՝ ոչ, չեն պատասխանում ոչ մի հարցի, վերջին պահին մի վատ տարբերակ են գտնում ու իրականացնում: Իրենք այն աստիճանի են, որ ամեն ինչ սպասելի է իրենցից, անգամ առանց աուդիտի հայտարարել, որ թանկացնելու են դեռ մի բան էլ ավելի»:

Մեր հարցին՝ այդ դեպքում կրկի՞ն դուրս են գալու փողոց, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Մենք չենք էլ հեռացել փողոցից, պարզապես պայքարի մարտավարության հետ կապված հարցերով ենք զբաղված»:

Մեր հարցին՝ այդ դեպքում արդյոք չե՞ն փոշմանել, որ իշխանությունների հետ գնացել են բանակցությունների աուդիտի առաջարկից հետո, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց. «Մենք ուղղակի պայքարն այլ դատ տեղափոխեցինք:

Ուզում էինք նաև աուդիտի դաշտ մտնել, որ այդ ոլորտն էլ փակ չմնա»: Ինչ վերաբերում է փոշմանելուն, Մաքսիմ Սարգսյանը եզրափակեց. «Թույլ տվեք չմեկնաբանել, քանի որ դեռ հասկանալու շատ հարցեր ու ժամանակ կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31