Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամռան ամիսներն այլևս ընթերցանության համար չեն». Արքմենիկ Նիկողոսյան

Օգոստոս 14,2015 17:08

«Եթե տարիներ առաջ մենք անհամբերությամբ սպասում էինք ամռանը, որ դիտենք մեր սիրած ֆիլմերը և կարդանք այն գրքերը, որոնք դպրոցական կամ բուհական ծրագրերից դուրս էին, ապա այժմ ամռան ամիսներն այլևս ընթերցանության համար չեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ մեր օրերում մարդիկ զբաղվածության և այլ հանգամանքների պատճառով կարողանում են կարդալ միայն այն ժամանակ, երբ հասցնում են: Վերջին տարիների հարցումները ցույց են տալիս, որ ավելի շատ կարդում են հունվար-փետրվար ամիսներին: Իսկ ամռանը ե՛ւ ընթերցողների թիվն է նվազում (ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային նյութերի), ե՛ւ գրախանութ այցելողների:

«Ամառվա հիմնական լրահոսը, ֆեյսբուքյան քննարկումների գերակշիռ մասը վերաբերում են հանգստին: Մարդիկ ավելի շատ նախընտրում են հանգստանալ, ինչ-որ սելֆիներ անել և ի ցույց դնել իրենց թխահարված մաշկը, քան խոսել գրքերի մասին կամ կիսվել դրանցից ստացած տպավորություններով»,- նկատել է Ա. Նիկողոսյանը:

Գրականագետը խոսեց նաև զբոսաշրջիկների կողմից պահանջված գրականության մասին, առանձնացրեց զբոսաշրջիկների երկու խումբ՝ օտարազգիներ, որոնք գալիս են Հայաստանը տեսնելու, ճանաչելու, բացահայտելու, և սփյուռքահայեր. «Օտարազգիներին ավելի շատ հետաքրքրում են այն գրքերը, որոնք վերաբերում են Հայաստանի պատմությանը, մշակույթին, գեղատեսիլ վայրերին, և հիմնականում ալբոմային գրքերն են պահանջված նրանց կողմից: Իսկ սփյուռքահայերը Հայաստանում փնտրում են գրքեր (հիմնականում՝ նորագույն հրատարակություններ), որոնք վերաբերում են հատկապես արևմտահայ և սփյուռքահայ գրողներին»,- ասաց Ա. Նիկողոսյանը:

Ամռան ամիսներին գրադարան այցելողների թիվն էլ է նվազում: Այս մասին փաստում է Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը: Նրա խոսքով՝ այդ ամիսներին ընթերցողներն էլ են փոխվում. «Շատ ենք ունենում նոր գրանցվող ընթերցողներ, ինչպես նաև «դրսում» սովորող ուսանողներ, որոնք իրենց արձակուրդի շրջանը տրամադրում են Հայաստանի ազգային գրադարանի՝ մամուլի, հազվագյուտ գրականության և այլ հավաքածուների ուսումնասիրմանը»,- նշեց Հ. Ղազարյանը:

Ինչ վերաբերում է Ազգային գրադարանում ամենապահանջված գրքերին, բանախոսն ասաց, որ արդեն երկու տարի է՝ գրադարանը յուրաքանչյուր ամիս առանձնացնում է տասը ամենաշատ պահանջված գրքերը ու նաև նշում է, թե քանի ընթերցող է այդ գրքերը պատվիրել:

«Տարվա չորս ամիսների ամենապահանջված գիրքը Ստենդալի «Կարմիրն ու սևն» էր,- տեղեկացրեց Հ. Ղազարյանը,- իսկ հուլիսինը Կոելիոյի «Տասնմեկ րոպեն» էր, երկրորդ տեղում՝ «Աննա Ֆրանկի օրագիրը», ապա՝ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Կուպրինի «Փոսը», Ելինեկի «Դաշնակահարուհին» և այլն»:

Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրենի խոսքով՝ իրենց հիմնական ընթերցողները ուսանողներն են և գիտաշխատողները, որոնց թիվը կտրուկ կաճի սեպտեմբերից սկսած:

Գրադարան այցելել-չայցելելը, սակայն, լուրջ հիմքեր չի տալիս ենթադրություններ անելու ընթերցողների թվի աճի կամ նվազման մասին: Արքմենիկ Նիկողոսյանը, օրինակ, իրեն արդեն գրադարանի այցելու չի համարում. «Պատճառը Ազգային գրադարանի փառահեղ ծրագրերից մեկն է,- ասում է նա.- գրադարանը թվայնացնում է իր ունեցած ողջ գրականությունը: Մինչև 1920 թվականը լույս տեսած գրքերի 99%-ն արդեն թվայնացվել է, և այսօր կարելի է առանց գրադարան գնալու էլ բացել դրանք ու կարդալ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31