Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Արմեն ճամբար» անունով հայկական որբանոցի պահպանման նպատակով կազմակերպվող դիմադրության 100-րդ օրը անհայտ անձանց 9 հոգանոց խումբը հարձակում է գործել տարածքը պահպանող երիտասարդների վրա: Այս տեղեկությունը հաղորդել է «Today’s Zaman»-ը:
Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, երբ ակտիվիստ Էնսարի Տասկայան ընկերներին ավտոբուսի կանգառում թողնելուց հետո վերադառնում էր ճամբար: Մոտավորապես 9 հոգի 2 մեքենաներով մոտեցել են ակտիվիստին եւ հարցրել են, թե որտեղ է գտնվում է ճամբարը: Տասկայան պատասխանել է. «Ինչո՞ւ եք հարցնում»:
Խումբը հարձակվել է Էնսարի Տասկայի եւ երկու ուրիշ ակտիվիստների վրա, որոնք ճամբարի դրսում փայտերը ձեռքերին կանգնած էին եւ փախուստի են դիմել: Ակտիվիստները թեթեւ վնասվածքներ են ստացել եւ դեպքի մասին տեղեկացրել են Թուզլայի ոստիկանությանը, որտեղ ակտիվիստներից մեկը կարծիք է հայտնել, թե հարձակվողները կարող է ֆաշիստներ լինեն:
Այս առնչությամբ «Արմեն ճամբարը» պահպանող խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես նշված է. «Այսօր «Արմեն ճամբարի» դիմադրության 100-րդ օրն է: 100 օր մենք կատարել ենք մեր պարտականությունը եւ պահպանել ենք հայ որբերի հիշատակը: Այս միջադեպից հետո էլ մենք կշարունակենք մնալ այստեղ: Այն, որ հարձակումը տեղի է ունեցել դիմադրության 100-րդ օրը, պատահականություն չէ: Մեզ մոտավորապես 80 օր առաջ ասել էին, որ ճամբարը կվերադարձվի Գեդիքփաշայի հայկական եկեղեցուն, սակայն մենք պատասխանել էինք, որ դա քաղաքապետի ընտրություններին ընդառաջ տարածված քարոզչություն է: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր կասկածները ճիշտ էին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ