«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ղեկավար Գրիգոր Ամալյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ երկար տարիներ Դուք աշխատել եք Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ, ամենադժվար որոշումներն այդ հանձնաժողովում Դուք եք կայացրել, օրինակ՝ «Ա1+»-ը փակելը: Հիմա, երբ արդեն զրկվել եք այդ պաշտոնից եւ ընդամենը ՓԲԸ-ի ղեկավար եք, չկա՞ ափսոսանք այդ որոշումների կայացման համար, երբ Ձեր կենսագրության մեջ դա արդեն ներառվել է:
Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Բացարձակ: Բացառապես կա վստահություն բոլոր կայացված որոշումների արդարացիության մեջ: Կա նաեւ ներքին հպարտության զգացողություն, որ որոշումները մշտապես ճիշտ են կայացվել: Եթե իմ որեւէ որոշման արդարացիության մասին կուզենաք քննարկում ունենալ՝ սիրով»:
Մեր հարցին՝ հանրության գնահատականը Ձեզ համար որեւէ արժեք չունի՞, նա պատասխանեց. «Հանրության գնահատականը խիստ կարեւոր է, բայց մասնագիտական որոշումների կայացման պարագայում բացառապես պիտի առաջնորդվես պրոֆեսիոնալ դատողությամբ: Ես պոպուլիզմ եմ գնահատում, երբ որեւէ մեկը գիտի, որ ճիշտ որոշումը հետեւյալն է, բայց հանրությանը սիրաշահելու համար կարող է ճիշտ որոշմանը դեմ քայլ անել: Ես պրոֆեսիոնալ եմ եւ մշտապես ճիշտ որոշումներ եմ կայացրել՝ առանց արտաքին կամ հանրային ճնշումներին տեղիք տալու»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, առանց Ռոբերտ Քոչարյանի հրահանգներին տեղիք տալո՞ւ եք այդ որոշումը կայացրել, Ամալյանը պատասխանեց. «Իհարկե, ինչո՞ւ միայն նախագահի: Ե՛վ հասարակ քաղաքացու, ե՛ւ նախագահի: Իմ իրավասությունների մեջ ես եղել եմ լիիրավ, բացառապես ինքնուրույն որոշումներ կայացնող»:
Կարդացեք նաև
Գրիգոր Ամալյանը վստահեցրեց, որ եթե այսօր էլ լիներ, նորից նույն որոշումն էր կայացնելու եւ փակելու էր «Ա1+»-ը:
Նա նույնիսկ պատմեց, որ այս տարիների ընթացքում միայն մի քաղաքացի է իր տան ավտոտնակի մոտ մոտեցել եւ քննադատել, թե ինչո՞ւ փակեցիք «Ա1+»-ը: Երբ հարցրել է, թե այդ հեռուստաընկերության ո՞ր հաղորդումն էիք սիրում ու դիտում, կինը պատասխանել է, թե՝ ոչ մի, ուղղակի որ բոլորն ասում են, ինքն էլ է ասում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ