Հուլիսի 31-ին հայաստանցի մարտիկ Դավիթ Խաչատրյանը Սոչիում անցկացված MMA մենամարտում միավորներով հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սուլթան Աբդուրազակովին եւ պահպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Դավիթը մեկ ամսով եկել է Երեւան: Այսօր նա «Peoplemeter» մամուլի ակումբում հանդիպեց լրագրողների հետ: «Ինն ամիս է, ինչ տեղափոխվել եմ Ռուսաստան եւ այս ընթացքում արդեն անցկացրած հինգ մենամարտերում էլ հաղթել եմ: Ցանկանում էի վերջին մարտում մրցակցիս հաղթել ժամանակից շուտ: Սակայն մոտ մեկ ամիս առաջ հիվանդացա եւ մարտի ժամանակ հասկացա, որ պայքարը շարունակվելու է մինչեւ վերջ: Բացի դա, մրցակիցս բավականին ուժեղ էր ու լավ էր պատրաստվել: Նաեւ նրան լավ չէի ճանաչում, որովհետեւ մարտից ընդամենը երկու օր առաջ նա փոխարինել էր իսկական մրցակցիս», – ասաց Դավիթ Խաչատրյանը:
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ հենց վերջին հինգ մենամարտերում նրա մրցակիցները մշտապես փոխվել են, Դավիթը հստակ պատասխան չտվեց. «Դժվարանում եմ ասել: Գուցե, իմ շատ բարձր վարկանիշն է պատճառը: Հավանաբար, գերադասում են հրաժարվել պայքարից ու պարտությունից՝ հաղթանակը «կարող է»-ի հույսին չթողնելով: Մեր մարզաձեւում թեկուզ մեկ պարտությունը մեծ նշանակություն ունի», – ասաց աշխարհի չեմպիոնը՝ համեստորեն խուսափելով հայտարարել, թե «վախենում են»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև