Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ով իրենից մի աստիճան վերեւ է, սողում է դրա առաջ, իսկ ով մի աստիճան ներքեւ՝ տրորում է». Պապյանը՝ սյունեցի պատգամավորի մասին

Օգոստոս 14,2015 13:03

Արա Պապյանը հակադարձում է Արմեն Կարապետյանին՝ ի՞նչ է նշանակում ՌԴ-ն մեծ երկիր է, ո՞ւմ համեմատ է մեծ երկիր

Սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը, խոսելով Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունների, ՀՀ նախագահի կեցվածքի մասին, ասել էր, թե ո՞նց կարելի է համեմատել ՌԴ նախագահին Ս. Սարգսյանի հետ, չի կարելի. «Մենք պետք է մեր մեջ արդեն հասկանանք, որ մենք ՀՀ փոքր երկրի՝ շատ քիչ հնարավորություններով երկրի քաղաքացի ենք:  Ո՞նց կարելի է տենց համեմատել: Օրինակ, մարդիկ կան, ասում են, որ Սերժ Սարգսյանի պահվածքը Պուտինի մոտ լավ չէր: Ոչ թե խեղճ էր, խեղճ չէր, ուղղակի Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է, Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահն է, որ ամբողջ աշխարհը սարսափում է այդ երկրից: Մեր բնակչությունը պետք է հասկանա, որ մենք Հայաստանի Հանրապետութան քաղաքացի ենք եւ դիմում ենք Ռուսաստանի երկրին, որ գնանք այնտեղ աշխատենք, մեր ընտանիքները պահենք: Ռուսաստանը չի գալիս Հայաստան աշխատի, որ իրենց ընտանիքը պահի»:

«Երկրներն ու երկրների նախագահներն իրավահավասար են: Ի՞նչ է նշանակում՝ ՌԴ-ն մեծ երկիր է: Ո՞ւմ համեմատ է մեծ երկիր՝ ՀՀ-ի՞, բայց չէ՞ որ ՌԴ-ի տնտեսությունն էլ ԱՄՆ-ի տնտեսության հետ համեմատած նույնքան փոքր է, որքան մերը՝ ՌԴ-ի հետ համեմատած: ՌԴ-ի բնակչությունն էլ Չինաստանի հետ համեմատած է շատ փոքր, այսինքն, ամեն ինչ հարաբերական է»,- Aravot.am-ի հետ զրույցում սյունեցի պատգամավորին այսպես հակադարձեց «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքերով՝ չեք տեսնի երկիր, որն իր տարածքի մեծությունից ելնելով՝ փոքր երկրի նախագահի հետ վատ պահվածք ունենա. «Դա սկզբունք է: Ես չգիտեմ ով է այդ պատգամավորը, բայց դա նրանից է ասում, որովհետեւ իր սեփական կյանքում նման ձեւով է ապրում: Այսինքն, ով իրենից մի աստիճան վերեւ է պաշտոնով, ինքը սողում է դրա առաջ, իսկ ով մի աստիճան ներքեւ է՝ տրորում է: Հասկանում եք, ԱՄՆ-ն էլ մեծ ու հզոր երկիր է, ԵՄ-ի մեջ էլ բոլորն իրար հավասար չեն, բայց այնտեղ Լիխտեյնշտեյնի նման երկիրը կարող է վետո դնի եւ ԵՄ-ն չկարողանա որեւէ բան անել: Եթե այդ պատգամավորի տրամաբանությամբ լիներ, աշխարհի մեջ պիտի մի քանի պետություն լիներ: Դա գալիս է արդեն ջունգլիի օրենքով: Ես չգիտեմ ինչ հարաբերություններ ունեն Պուտինն ու Սերժ Սարգսյանը, բայց մի բան ակնհայտ է՝ նման բաները պիտի երբեւէ միջպետական հարաբերություններում հաշվի չառնեն: Եթե ՌԴ-ն մեզ պիտի մի բան պարտադրի, թող պարտադրի: Ինչպես Հրանտ Մաթեւոսյանն է ասում՝ կանգնի, թող ինքը մի հատ խփի: Թող խփի, որ իր ձեռքն էլ ցավի, երկրորդ անգամ տեսնենք՝ ինքը կխփի՞, թե՞ չի խփի: Եթե մի բան ՌԴ-ի շահերին դեմ է, մենք ի՞նչը պետք է վեր դասենք՝ ռուսական շա՞հը, թե՞ մերը: Մե՛րը: Բայց, ցավոք, երբեմն դա չի լինում, որովհետեւ պետական շահից բացի, շատ որոշումներ կայացնելիս անձնական շահեր են հաշվի առնում, անձնական բիզնես շահեր՝ ո՞վ է պահելու ինձ հաջորդ ընտրություններում: Այսպիսի նրբություններ կան: Դրա համար են միշտ ուզում, որ քաղաքական գործիչը բացի քաղաքականությունից, ուրիշ որեւէ բանի մեջ մտած չլինի՝ այդ մարդու վրա լծակներ չեն լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31