Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեսպան Ղազարյանը մասնակցեց Սանտ’Աննա դի Ստացեմայի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

Օգոստոս 14,2015 10:53

Օգոստոսի 12-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Սանտ’Աննա դի Ստացեմայի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը:

Արարողության սկզբում ընթերցվեց Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ուղերձը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Սանտ’Աննա դի Ստացեմայի քաղաքապետ Մաուրիցիո Վերոնան, ով հատուկ ընդգծեց, որ այս տարվա հիշատակի միջոցառումը նվիրված է նաև 20-րդ դարի մարդկության դեմ կատարված առաջին ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դեսպան Ղազարյանն իր ելույթում կարևորեց ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման և այդ նպատակով հիշողության պահպանման անհրաժեշտությունը: Նա վերապրածների սերունդների բարոյական պարտքը համարեց անտարբեր չմնալը և «աչք չփակելը» մեր օրերում կատարվող ոճրագործությունների հանդեպ՝ այդ առնչությամբ նկատելով, որ այսպես կոչված «Իսլամական պետության» կողմից ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ այսօր իրականացվող գործողությունները հիշեցնում են 100 տարի առաջ հայերի դեմ իրականացված եղեռնագործությունը և չպետք է անպատիժ մնան: Նա ներկայացրեց ցեղասպանության կանխարգելման հարցում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականությունը, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի նախաձեռնած բանաձևերի ընդունումը, որին աջակցել են մի շարք երկրներ, այդ թվում` Իտալիան, ինչը վկայում է այն մասին, որ երկու երկրները ցեղասպանության դեմ պայքարի նույն ճակատում են: Դեսպանը հավելեց, որ Հայաստանն ու Իտալիան ՄԱԿ ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությունում նույնպես իրենց միասնական ջանքերն են բերում Միջին Արևելքի կայունության ու անվտանգության ապահովման գործին: ՀՀ դեսպանը նաև նշեց, որ եթե 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը համարժեք արձագանք ստանար միջազգային հանրության կողմից և նրա իրականացնողները ժամանակին պատժվեին, ապա 20-րդ դարը չէր դառնա ցեղասպանությունների դար: Նա հավելեց, որ քանի դեռ մարդկության դեմ ոճիրները միայն պատմությանը չեն պատկանում, այլ զանգվածային լրատվամիջոցների լրահոսում են, քաղաքակիրթ մարդկությունը շատ անելիք ունի դրանք կանխարգելելու գործում: Դեսպան Սարգիս Ղազարյանն իր ելութում նշեց, որ Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերի հիշատակի արարողությանը ներկա է նաև Գերմանիայի Մոերս քաղաքի քաղաքապետը և ափսոսանք հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին դեռևս որևէ թուրք քաղաքապետ չի մասնակցել: Նա կոչ արեց բոլորին չզբաղվել պասիվ հիշողությամբ, այլ իրազեկել նոր սերունդներին անցյալի ոճրագործությունների մասին և ակտիվորեն պայքարել ժխտողականության դեմ:

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի քաղաքական, զինվորական, հոգևոր և հասարակական շրջանակների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 100-ից ավելի քաղաքապետներ, Տոսկանայի նահանգապետ Էուջենիո Ջիանին, Իտալիայի պարտիզանների ազգային միության նախագահ Կառլո Սմուրալիան, Սանտ’Աննա դի Ստացեմայի և շրջակա բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց իտալական զանգվածային լրատվամիջոցների՝ մամուլի և հանրային հեռուստատեսության կողմից:

Տեղեկանք. Յուրաքանչյուր տարի օգոստոսի 12-ին Իտալիայում նշվում է ֆաշիստական Գերմանիայի կողմից 1944թ. փոքրիկ Սանս’Աննա դի Ստացեմա (Sant’Anna di Stazzema) քաղաքի 560 խաղաղ բնակիչների սպանության օրը: Այդ հանցագործությունը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես մարդկության դեմ իրականացված ոճիր: Միջոցառումն անցկացվում է Սանտ’Աննա դի Ստացեմայում՝ Իտալիայի նախագահի հովանու ներքո, երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ և յուրաքանչյուր տարի որևէ իտալացի կամ օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյա հրավիրվում է հիշատակի արարողությանը գլխավոր պաշտոնական ելույթով հանդես գալու: Անցյալ տարի նման ելույթ էր ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Այս տարվա հիշատակի միջոցառումը, բացի Սանտ’Աննա դի Ստացեմայի զոհերից, քաղաքապետարանի որոշմամբ, նվիրված էր նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31