Քանի դեռ քաղաքական գնահատական չի տրվել 1998-2008թթ. Քոչարյանի եւ Օսկանյանի իշխանավարմանը
Մամուլում տեւական ժամանակ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե նախկին արտգործնախարար եւ նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը առաջիկայում կհայտարարեն նոր կուսակցության ստեղծման մասին: Այդ կուսակցության ստեղծումը կապվում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի լոբբինգի եւ քաղաքական դաշտում նրա վերադարձի ապահովման հնարավորությունների հետ:
Եթե նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել ակտիվ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ, բնական է, որ Վարդան Օսկանյանը, լինելով Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ թիմակիցը, իր գործունեությամբ ասոցացվելու է երկրորդ նախագահի հետ:
Լուրեր են պտտվում, որ Վարդան Օսկանյանը ինտենսիվ քաղաքական հանդիպումներ է ունենում: Անցյալ ամիս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հանդիպում է տեղի ունեցել Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի միջեւ, որը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել էր, որ այդ հանդիպման ժամանակ քննարկել են Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից կուսակցություն հիմնելու հարցը: «Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Վահե Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն, ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաեւ ես»,- նշել էր Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Ենթադրություններ կան, թե նոր ստեղծվելիք կուսակցությունը կարող է լինել արեւմտյան ուղղության, ինչը, ԲՀԿ գործունեությունը եւ առհասարակ Վարդան Օսկանյանի տասնամյա իշխանավարումը ԱԳ նախարարի պաշտոնում հիմք ընդունելով, բավական տարօրինակ կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա իշխանավարման ժամանակ ռամկավարական մի շարք օբյեկտներ` «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում, տրվեցին Ռուսաստանին: Սակայն հայաստանյան իրականությունում ամեն ինչ հնարավոր է, մանավանդ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, բացի մի քանի գործիչներից, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերն, ըստ էության, լռելյայն սատարեցին:
Սերժ Սարգսյանը գնում է սահմանադրական փոփոխությունների կշիռ ու ազդեցություն ունեցող ընդդիմության բացակայության պայմաններում: Ընդդիմադիր քաղաքական որեւէ ուժ, որը կարող է այսօր բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնել, գոյություն չունի:
Այստեղ կարող են հակադարձել, թե հասարակության մեծ մասը դժգոհ է իշխանություններից, եւ ամենավերջին իրադարձությունները Բաղրամյան պողոտայում վկայեցին այն մասին, որ բողոքավոր հասարակությունը կարող է դուրս գալ փողոց: Այո, դա այդպես է, բայց այսօր գործող քաղաքական որեւէ ուժի ղեկավարման պայմաններում այդքան հասարակություն փողոց դուրս չի գա: Բացի այդ, մեր հասարակությանը սահմանադրական փոփոխությունները, կարծես, առանձնապես չեն էլ հետաքրքրում:
Նման իրավիճակում, կարծես, բավական բարենպաստ իրավիճակ է նոր կուսակցություններ ասպարեզ բերելու տեսանկյունից:
Վարդան Օսկանյանը Քոչարյանի հավատարիմ զինակիցն է, վերջին տարիներին նա անկաշկանդ շփվում էր նաեւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ՝ չնայած իր իշխանավարման տարիներին առաջին նախագահի թիմակիցների կողմից դաժան քննադատությանը: Վարդան Օսկանյանը խնդիր չունի աշխատելու նաեւ Սերժ Սարգսյանի հետ, թեեւ վերջին տարիներին քննադատել է նրա գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ տնտեսական քաղաքականության մեջ:
Օրերս նա իր տեսակետն է ներկայացրել՝ բերելով տասը պատճառ սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասելու համար: Նրա ներկայացրած որոշ գնահատականներին կարելի է համաձայնել, որոշներին՝ ոչ: Օրինակ` որ այսօր սահմանադրական փոփոխությունների կարիք, քաղաքական եւ հասարակական պահանջ չկա, դա, թերեւս, տրամաբանական է: Բայց այն, որ 2005-ին, երբ փոփոխվեց Սահմանադրությունը, կա՛ր դրա հրամայականը, իրականությունից հեռու գնահատական է:
Օսկանյանի մատուցմամբ` այսօրվա Սահմանադրությունը պատշաճ կիրառության եւ արդար ընտրությունների պարագայում մեր պետության համար ճիշտ տարբերակն է: Հավանաբար, հնարավոր է, բայց զարմանալի է, որ «արդար ընտրությունների» մասին խոսում է մի գործիչ, որի իշխանավարման տարիներին կեղծվել են բոլոր համապետական ընտրությունները:
Ըստ Օսկանյանի` «Իշխող քաղաքական ուժը, որը համակարգի փոփոխության գլխավոր նախաձեռնողն է, օրինակարգության շատ լուրջ դեֆիցիտ ունի, որը մեծ ստվեր է գցում սահմանադրական փոփոխությունների ամբողջ գործընթացի վրա»:
Լեգիտիմության պակաս ուներ նաեւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը, բայց Օսկանյանը ոչ միայն շարունակում էր աշխատել նման «օրինակարգության դեֆիցիտ» ունեցող իշխանության ներսում, այլեւ Ռոբերտ Քոչարյանի հետ կրել է Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու ազատությունների, մամուլի նկատմամբ ոտնձգությունների պատասխանատվությունը: 1998-2008-ին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ են առեղծվածային պայմաններում սպանվել, Պողոս Պողոսյանը, հոկտեմբերի 27-ը, իսկ Քոչարյանի եւ Օսկանյանի իշխանավարման ֆինալը «նշանավորվեց» Մարտի 1-ով ու տասը զոհերով:
Քանի դեռ քաղաքական գնահատական չի տրվել 1998-2008 թվականներին Քոչարյանի եւ Օսկանյանի իշխանավարմանը` նրանք կարող են ամբիցիաներ ունենալ նոր քաղաքական ուժ ստեղծելու, քաղաքական դաշտում դերակատարություն ստանձնելու: Այդ ամբիցիաները մշտապես դրսեւորվել են. Քոչարյանը պարբերաբար հարցազրույցներ էր տալիս, Հայաստանի գահավիժող տնտեսական վիճակից խոսում, իսկ Օսկանյանը ԲՀԿ-ում սպասում էր, թե Գագիկ Ծառուկյանով երբ է Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալվելու: Բայց այդ ծրագրերը չիրականացան, նա, թերեւս, կրկին կփորձի:
Նոր կուսակցություն ստեղծելու եւ քաղաքական ասպարեզում դերակատարություն ունենալու ծրագրերը դեռ ամենեւին չեն վկայում այն մասին, որ այդ ուժերը ընդդիմադիր են լինելու: Ոչ ոք չի կարող բացառել, որ այսօր քաղաքական դաշտի ամայության պայմաններում ստեղծված եւ նոր ստեղծվելիք կուսակցությունները որոշակի պահից սկսած Սերժ Սարգսյանի հետ ընդհանուր հայտարարի չեն գալու` սահմանադրական փոփոխություններով հաջորդ խորհրդարանում իրենց «հասանելիք» տեղն ունենալու նպատակով:
Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջեւում է, նույնիսկ կարելի է ասել` նոր է սկսվում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2015
Կիկոսի պատմությունն է: Մարդը դեռ կուսակցությունը չի ստեղծել եւ դեռ հարց է՝ կստեղծի՞, իսկ դուք արդեն գուշակում եք չստեղծված ուժի դերակատարությունն ու նպատակները: