Ի՞նչ է փոխվել այժմ՝ ըստ Պարույր Հայրիկյանի
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար անընդունելի ու հակասական է իշխանությունների՝ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ ունեցած մոտեցումները: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հայրիկյանը նկատեց. «Քանի կար՝ իշխանությունները խոսում էին Վենետիկի հանձնաժողովի մասին կարծես մի վերին ատյանի մասին: Հետո ինչ-որ հակասության հանդիպեցին, միանգամից նրանց մոտեցումը փոխվեց, թե՝ Վենետիկի հանձնաժողովն ո՞վ է, մենք պարտավոր չենք նրա որոշումներն ընդունել»:
Հետաքրքրվեցինք՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի, մասնավորապես նոր Սահմանադրության նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածների նկատմամբ հանձնաժողովի մոտեցման վերաբերյալ, համաձայն որի՝ նախագծի 34-րդ եւ 15-րդ հոդվածները չպետք է մեկնաբանվեն իբրեւ նույնասեռ ամուսնությունների արգելք: Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ժողովրդավարության մասով եմ նայել, ու երբ տեսել եմ, որ ժողովրդի համար առաջնային հարցում կան հակաժողովրդավարական հոդվածներ, մյուսները չեմ էլ կարդացել: Ինչ է առաջարկում Վենետիկի հանձնաժողովը, երբ ժողովրդավարության մասին նրա ուղղումները մեր իշխանությունները չեն ընդունում եւ պատրաստվում են արհամարհել»: Մեր այն հարցին՝ ՀՀԿ-ականների հայտարարություններից նման տպավորությո՞ւն է ստացել, պարոն Հայրիկյանը պատասխանեց. «Բավական է, որ գոնե մեկ հոգի ՀՀԿ-ից հայտարարի, թե Վենետիկի հանձնաժողովն ինչ գիտի, մենք գիտենք մեր խնդիրները, արդեն հասկանալի է, որ արհամարհելու են»: Ըստ Պարույր Հայրիկյանի՝ դա այն հարցը չէ, որ արժե ժամանակ կորցնել. «Չարժե այդ հարցի վրա ժամանակ կորցնել, ինչպես ժամանակ չեմ կորցնի սրանց ներկայացրած նախագծի վրա, քանի որ ժողովրդավարությունն արհամարհում է»:
Պարույր Հայրիկյանի համար ընդունելի է հանձնաժողովի առաջարկը՝ հանել առավել մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների միջեւ ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը:
Կարդացեք նաև
Նա մանրամասնեց. «Այո, դա խելքին մոտ է, քանի որ չի կարելի ժողովրդի ներկայացուցչական մարմինը, որը նրա համար է, որ ներկայացնի քաղաքացուն եւ արդյունքում օրենսդիր գործունեություն ծավալի, հնարավորություն է ստանում վերածվել գործադիրի: Երկրորդ փուլն անցկացվում է այն դեպքում, երբ անպայման մեկը պիտի կառավարի, բայց մենք չունենք կառավարական ճգնաժամ: Եթե կառավարական ճգնաժամից եք վախենում, ուրեմն թող ուղիղ ընտրություն կատարվի: Իրենց առաջարկածով՝ հինգ, մերով՝ երկու տարի վարչապետը կառավարում է, եւ եթե ունի թերություններ, կողքին է ԱԺ-ն, որը կարող է չեղյալ հայտարարել այդ վարչապետին»: Մեր այն հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի գնահատականներում երկակի չափանիշներ չի՞ նկատում, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Նրանք կուռ կառույց չեն, այլ տարբեր երկրների մասնագետներ են: Մյուս կողմից՝ իրենք կաշկանդված են այն գաղափարախոսությամբ, ու կա այն մոլորությունը, որ պետք չէ շատ միջամտել երկրի ներքին գործերին, աշխարհի ամեն ազգ ինքն իրավունք ունի որոշելու իր ներքին խնդիրները»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2015
“կա այն մոլորությունը, որ պետք չէ շատ միջամտել երկրի ներքին գործերին ”
մոլորություն,
ֆաշիստական ագենտից էլ ՞ինչ ա պետք սպասել