Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ փողոց դուրս կգան, բայց իշխանափոխություն չի՞ լինի

Օգոստոս 14,2015 10:30

Մինչ իշխանական եւ ընդդիմադիր գործիչները հանգստանում են, սահմանադրական հանրաքվեի ժամկետներն են հստակեցվում

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի նոյեմբերին։ Երեկ այդ մասին հայտարարել է Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Նրա խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում կավարտի աշխատանքը, ինչից հետո նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին: Նախագահն էլ, Ֆելիքս Թոխյանի համոզմամբ, հենց օգոստոս ամսվա ընթացքում նախագիծը կներկայացնի խորհրդարան: Երեկ «Առավոտը» փորձեց ՀՀԿ խմբակցության պատգամավորներից ճշտել` տեղյա՞կ են սպասվող զարգացումներին, կուսակցությունում կամ խմբակցությունում այդ մասին քննարկումներ եղե՞լ են: Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, պարզվում է, «ցավին անտարբեր, դավից անտեղյակ», վայելում են իրենց հանգիստը: Շատերի հեռախոսները պարզապես անջատված էին, իսկ մեկ-երկուսն, ում հետ հաջողվեց խոսել` հրաժարվեցին հարցերի պատասխանել, քանի որ արձակուրդում են: Իր արձակուրդն արտերկրում անցկացնող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը միայն ասաց, որ նման քննարկումներից, սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամկետների հստակեցումից ինքը տեղյակ չէ, քանի որ հանրապետությունում չէ: Ինչ վերաբերում է բուն գործընթացին, մեր զրուցակիցը դրական է վերաբերվում, ինքը մեծաքանակ առաջարկներ է ուղարկել հանձնաժողովին, որոնք քննարկման կարիք ունեն:

Վերջերս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ հանդիպման ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ աշնանը ակտիվ գործունեություն է ծավալելու եւ հանրությանը հրապարակ է դուրս բերելու` ընդդեմ այս բարեփոխումների. կարո՞ղ է սա վերաճել Հայաստանում իշխանափոխության հերթական ալիքի՝ մեր հարցին Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Որ առիթից առիթ կամ ժամանակ առ ժամանակ տարբեր առիթներ կփորձեն օգտագործել իշխանափոխության, վաղաժամկետ ընտրությունների անցկացման համար՝ չեմ կասկածում: Այլ հարց է, թե որքանո՞վ դրա համար նախադրյալներ կան, որքանո՞վ այդ փորձերը կարող են հաջողվել. այստեղ ես մեծ կասկածներ ունեմ: Պարզ է, որ ընդդիմության շարքերում միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ցանկացած առիթ օգտագործել` հանրային կյանքը լարելու համար, ընդ որում՝ նույնիսկ այն գիտակցումով, որ իրենք իշխանափոխության չեն հասնի, բայց կփորձեն իշխանությունների դեմ կարծիք ձեւավորել` դա հերթական ընտրություններում օգտագործելու համար: Սրանք քաղաքական տեխնոլոգիաներ են եւ կիրառվում են, բայց ենթադրել, որ սահմանադրական բարեփոխումը կարող է իշխանափոխության իրական հնարավորություն դառնալ, թույլ տվեք կասկածի տակ վերցնել: Ես չեմ կարծում, որ սահմանադրական բարեփոխումներին հանրությունն այդպիսի վերաբերմունք ունի»:

Դիտարկմանն էլ, որ հանրապետությունում սոցիալական լարվածությունը կարող է մարդկանց փողոց դուրս բերել, ինչի ականատեսը եղանք էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի ալիքի ժամանակ, սա սպառնալի չէ՞ իշխանությանը, ՀՀԿ խմբակցության պատգամավորը հակադարձեց. «Ոչ: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը շատ տպավորիչ էր, բայց հատուկ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այն հաջողեց, որովհետեւ զերծ մնաց կուսակցությունների մասնակցությունից: Այսօր որեւէ կուսակցություն այդչափ պոպուլյար չէ, որ կարողանա հանրությանը ոտքի հանել եւ առաջ տանել: Քաղաքացիական շարժումը ուղղված էր իշխանական կուսակցության դեմ, բայց իրենք մերժեցին ընդդիմադիր կուսակցություններին: Ու շարժումը հաջողեց նաեւ այդ պատճառով: Եկեք իրերն իրենց անուններով կոչենք ու մտածենք` արդյոք քաղաքական բեմահարթակում կա՞ն այն քաղաքական ուժերը, որոնք այդչափ հեղինակություն եւ վստահություն ունեն հանրության շրջանում եւ կարող են տանել իշխանափոխության, այդ թվում նույնիսկ սոցիալական նման խոցելի հարցադրումներն օգտագործելով: Թույլ տվեք կասկածել: Ես դրան չեմ հավատում»:

Սահմանադրական հանրաքվեի տեսքով սպասվող թեժ քաղաքական աշնան վերաբերյալ ընդդիմադիրների տրամադրությունները եւս չհաջողվեց ճշտել. եւ ԲՀԿ, եւ ՀԱԿ, եւ ՀՅԴ-ական պատգամավորները անհասանելի էին: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին` կհաջողե՞ն սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերն այս կարճ ժամանակահատվածում միավորվել եւ տապալել հանրաքվեն, թե՞ իշխանությունը կրկին կհաջողի, ասաց, որ իշխանությունը միայն մեկ հարցում է հաջողում` կեղծիքների, քանի որ այդ գործի մեծ վարպետներ են: Ինչ մնում է ընդդիմությանը` ասաց. «Նույնիսկ մեկ շաբաթում կկարողանա, եթե ցանկություն ու կամք լինի»:

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ բավական կոշտ է խոսել սահմանադրական բարեփոխումների մասին ու հայտարարել, որ ՀԱԿ-ն աշնանը ակտիվ գործողություններ է ձեռնարկելու, հասարակության լայն զանգվածներին կրկին փողոց է դուրս բերելու` սահմանադրական բարեփոխումները տապալելու համար, ՕԵԿ-ն այդ նույն նպատակով իր շուրջ է փորձում համախմբել հասարակությանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն էլ դեմ էր արտահայտվել համախմբվելուն` առաջ տանելով անհատական պայքարի տակտիկան եւ այլն, ո՞ր դաշտում է «Ժառանգությունը»` հարցին ի պատասխան հնչեց. «Միասնական դաշտում: Մեր բոլոր խնդիրները բխում են ներքին քաղաքական խնդիրներից, իսկ Հայաստանում չկա ներքին քաղաքականություն, կա կեղծիք: Հետեւաբար  մեզ համար առաջնայինն է ներքին քաղաքականության շտկումը, թեեւ ԵՏՄ-ի տարածք մտնելու արդյունքն է նաեւ սա: Բայց մեր քաղաքացիների մեծամասնությունը ներքաղաքական հարցերի լուծմանն է սպասում, ուստի, անկախ անձերից, «Ժառանգությունը» միշտ պատրաստ է միասնական հարթակում կանգնել: Մենք մեր պետության ու քաղաքացիների շահն ենք սպասարկում եւ ոչ թե անձերի»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31