Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կպատժվե՞ն Արարատյան արտեզյան ավազանի ջրերը գերշահագործած պաշտոնյաները

Օգոստոս 14,2015 14:03

Համահայկական բնապահպանական ճակատը մոտ մեկ ամիս առաջ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազությանը եւ Հատուկ քննչական ծառայությանը Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի գերշահագործման եւ դրանք վերացման եզրին կանգնեցնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ճակատի անդամները: Իրավապահներին ուղղված գրության մեջ ճակատի անդամները մեկ առ մեկ թվարկել են ջրերի գերշահագործման հետեւանքները՝ նշելով, որ Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը 3 անգամ կրճատվել է՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչեւ 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման եւ խմելու ջրից:

Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակները նվազել եւ ելքերը կրճատվել են մինչեւ 10 անգամ: Խմելու-կենցաղային կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր շատրվանող չէ:

1983-2013թթ. Խեւջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը կրճատվել են մոտ 6 անգամ: Ըստ նրանց՝ վտանգված են նաեւ Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը:  Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք շատրվանող չէ: Իսկ 2014 թվականին էլ ջրի պահանջարկը բավարարելու նպատակով Սեւանա լճից 100 մլն խմ ծավալով լրացուցիչ ջուր է բաց թողնվել, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը:

Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կկանգնի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ, ինչն էլ կառաջացնի ոչ միայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, այլ նաեւ կնպաստի արտագաղթի նոր ալիքի բարձրացմանը:

Ի պատասխան՝ երկու գերատեսչություններից բնապահպանական ճակատը ստացել է  պաշտոնական պատասխաններ, որոնց մեջ նշված էր, որ ճակատի հաղորդումը քննարկման նպատակով փոխանցվել է Արարատի մարզի համապատասխան ստորաբաժանումներին, որտեղ արդեն կա այդ խնդրով հարուցված քրեական գործ, եւ որ արդյունքների մասին կտեղեկացվի դիմումատուներին:

Երեկ ճակատը պաշտոնական նամակ է ստացել նաեւ Արարատի մարզի դատախազ Հ. Մելիք-Սարգսյանից, որտեղ ասվում է, որ ՀՀ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարները մեծ քանակությամբ օգտագործելու մասին հաղորդումը անհրաժեշտ է կցել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային  քննչական վարչությունում քննվող 27124313 քրեական գործին եւ հաղորդման մեջ նշված հանգամանքների շուրջ կատարել քննություն:

«Հուսով ենք, որ կիրականացվի լրիվ, օբյեկտիվ եւ անաչառ քննություն, իսկ օրինախախտ պաշտոնյաները՝ թե ներկայիս, թե նախկին, կենթարկվեն համարժեք պատասխանատվության»,- ասում են Համահայկական բնապահպանական ճակատի անդամները:

«Առավոտ» օրաթերթ

13.08.2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31