Լրահոս
Օրվա լրահոսը

Նազարյանն ուզում է հանրության փողերով հանրության վստահությունը գնել

Օգոստոս 14,2015 14:36

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակել է այն միջազգային խորհրդատվական ընկերությունների անունները, որոնց հանձնաժողովը հրավիրել է մեր երկրի էլեկտրաէներգետիկ համակարգում ուսումնասիրություն անելու: Հանձնաժողովը որոշել է հրավիրել այդ խորհրդատուներին, ինչպես ինքն է հիմնավորում՝ «Նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները»:

Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկները ուղարկվել էին www.vault.com ինտերնետային կայքի կարծիքով՝ համաշխարհային լավագույն հնգյակում ընդգրկված «Բեյն ընդ Քոմփանի» (Bain & Company), «Մաքքենզի ընդ Քոմփանի» (McKinsey & Company), «Բոսթն Քնսալթինգ Գրուպ» (The Boston Consulting Group), «Սթրաթեջի ընդ փարթ օֆ Փի դաբլյու Սի նեթվորք» (Strategy &, part of the PwC network), «Դելոիթ Քնսալթինգ» (Deloitte Consulting) ընկերություններին: Ընդ որում, ՀԾԿՀ-ն գնային առաջարկներ ստացել է միայն երկու՝ «Մաքքենզի ընդ Քոմփանի» եւ «Դելոիթ Քնսալթինգ»  ընկերություններից: Թե ի՞նչ գնով են մեզ խորհուրդ տալու այս 2 ընկերությունները՝ հանձնաժողովը լռում է:

Այս ընկերություններից յուրաքանչյուրի մատուցած ծառայություններն, ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, հարկատուներիս համար կարժենա նվազագույնը 100 հազար դոլար: Ընդ որում, նրանց այստեղ ժամանելու, կացության ու սնվելու հարցերը եւս պիտի հարկատուներս վճարենք:

artak-manukyan«Ինձ համար անհասկանալի է՝  ինչո՞վ է պայմանավորված, որ գործընթացը շարունակում են առանց տեխնիկական առաջադրանքի:  2 ընկերություն գին են առաջարկել, բայց ի՞նչ տեսակի ծառայության համար, այս իմաստով հանձնաժողովը թափանցիկ չէ: Մենք պետք է հստակ իմանանք, որ եթե մեր գումարներով Նազարյանը խորհրդատվություն է հրավիրում իր հեղինակությունը բարձրացնելու համար, ապա պիտի իմանանք ՝ ինչպիսի՞ տեխնիկական առաջադրանքի հիման վրա է հրավիրում: Այսինքն՝ պիտի ներկայացվեն կարիքները, թե ինչն են ուզում ուսումնասիրել: Իսկ հանձնաժողովը 2 բառով գրել է՝ էլեկտրաէներգետիկ համակարգում ուսումնասիրություն»,- ասաց տնտեսագետը:

Մանուկյանի կարծիքով՝ սա անգրագետ ծախս է՝ պետական բյուջեի ծախսային արդյունավետության տեսանկյունից. «Մի հատ հանձնաժողովին են խորհրդատվություն մատուցելու, մի հատ էլ աուդիտ պիտի լինի, ինչպես ՀՀ նախագահն էր ասել: Նորից եմ կրկնում՝ ինչո՞ւ այս 2 ծառայությունները միասին չեն անում, որով նաեւ ծախսերի տնտեսում կլիներ: Խնդիրն այն է, որ սկզբունքորեն իրար մոտ ծախսերն իրարից  առանձնացնում են: Հավանականությունը մեծ է, որ խորքային աուդիտ չի լինելու, այն, ինչ անելու են, լինելու է պոտենցիալ ներդրողի  համար գնահատական տալու, որպեսզի ՀԷՑ-ը վաճառվի»:  Տնտեսագետն ասաց, որ հանրության համար պարզ չէ, թե ի՞նչ խորության ուսումնասիրություն է լինելու, ո՞ր թվականների գործունեություն են ստուգելու:

Եթե հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ուզում է իր եւ իր ղեկավարած կառույցի նկատմամբ հանրության վստահությունը ձեռք բերի միջազգային կառույցների մատուցած խորհուրդներով ու թեկուզ հանրության կողմից վճարվող հարկերի հաշվին, ապա լավ կլիներ, ինչպես տնտեսագետն ասաց, թափանցիկություն ապահովեր այս գործընթացում: Այսինքն՝ հանձնաժողովը լավ կլիներ վստահություն ստանալու համար հրապարակեր շատ կարեւոր մի բան՝ տեխնիկական առաջադրանքը, հանրությանը մանրամասն ներկայացներ, ասեր՝ ժողովուրդ ջան, գալու են ուսումնասիրեն այս թվականների աշխատանքները ու պարզեն՝ չարաշահումներ եղե՞լ են, թե՞ ոչ, կամ ասենք՝ Հայաստանի էլեկտրական ցանցում աշխատողների թվաքանակը օպտիմա՞լ է, թե՞ ոչ, կամ՝ ինչպե՞ս անել, որպեսզի ՀԷՑ-ի կորուստները նվազեն, կամ խորհուրդ տան՝ արժե՞ Հրազդան ՋԷԿ-ի  արտադրած թանկ էլեկտրաէներգիան գնել, թե՞ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկել այլընտրանքային էներգետիկ աղբյուրների զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ արեւային:

Իսկ ուղղակի  ընդհանրական ասել, թե ուսումնասիրելու են էլեկտրաէներգետիկ համակարգը, տպավորություն է թողնում, որ արագ, ոտքի վրա որոշել են մի բան անել. այդպես դժվար էլ հանրության վստահությունը ձեռք բերեն:

Ինչ վերաբերում է հանձնաժողովի՝ միջազգային ընդամենը 5 ընկերություններին հրավեր ուղարկելուն, ըստ Մանուկյանի՝ տարօրինակ է: Տնտեսագետի կարծիքով՝ ոչինչ չէր խանգարում ավելի մեծ թվով ընկերությունների հրավեր ուղարկել, դժվար գործ չէր՝ մատի մեկ թեթեւ հարվածով էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկվում: Իսկ ընդամենը 5-ին հրավեր ուղարկելու արդյունքում ստացվեց, որ ընդամենը 2-ն են արձագանքել ու գին առաջարկել, սրա արդյունքում էլ հանձնաժողովի ընտրությունը սահմանափակվում է՝ ընդամենը 2-ի միջեւ պիտի ընտրություն կատարի: Մանուկյանի դիտարկմամբ՝ ստացվում է մրցակցությունը մեծ չէ խորհրդատվական ընկերությունների միջեւ. «Մենք բացառում ենք այլ խորհրդատվական ընկերությունների մասնակցությունը, ինչը հակասում է մրցակցության ոգուն եւ խտրական մոտեցումներ է պարունակում իր մեջ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31