Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է պարունակի մեր ընդունած սնունդը, որպեսզի առողջ լինենք

Օգոստոս 14,2015 15:34

Կանոնակարգված սնունդը հանդիսանում է մարդու բարդ օրգանիզմի նորմալ կենսագործունեության, առողջության, առույգության հիմնական գործոններից մեկը: Յուրաքանչյուր տարիքի՝ սկսած վաղ մանկական հասակից, բնորոշ է իրեն համապատասխան սննդի ռեժիմը: Սակայն 40-50 տարեկան եւ ավելի մեծահասակ մարդկանց համար սննդի անհրաժեշտ ռեժիմի պահպանումն առավել եւս կարեւոր է դառնում: Սննդի բավարար կալորիականության դեպքում օրգանիզմին ապահովում է անհրաժեշտ էներգիայով, որը դեռ ամբողջը չէ, քանի որ սնունդը ծառայում է ոչ միայն որպես էներգիայի աղբյուր: Այն օրգանիզմին պետք է տա նաեւ հումք՝ հյուսվածքների եւ բջիջների կենդանի կառուցվածքների համար: Օրգանիզմի միլիոնավոր բջիջներ ամեն օր, նույնիսկ յուրաքանչյուր վայրկյան քայքայվում  եւ փոխարինվում են նորերով: Այն առաջին հերթին վերաբերում է արյան կարմիր եւ սպիտակ գնդիկներին: Մարդու օրգանիզմի ամբողջ սպիտակուցի կեսը լրիվ չափով նորանում  է 5-7 օրվա ընթացքում: Դրա համար էլ սնունդն իր մեջ անպայման պետք է պարունակի բոլոր նյութերը, որոնցից կազմված է մեր մարմինը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր, վիտամիններ եւ ջուր:

Սպիտակուցները ստամոքսաաղիքային տրակտում մարսողական հյութերի ազդեցության տակ տրոհվում են մինչեւ ամինաթթուների, որոնցից հետագայում գոյանում է տվյալ օրգանիզմին հատուկ սպիտակուցը:

Սննդի մեջ սպիտակուցի առկայությունը հատկապես անհրաժեշտ է այն պատճառով, որ օրգանիզմում այն կարող է սինթեզվել միայն սննդանյութի սպիտակուցների կազմի մեջ մտնող ամինաթթուներից:

Կենդանական ծագում ունեցող սննդամթերքից միսը, ձուկը, կաթը, պանիրը, կաթնաշոռը, ձուն, խավիարը հարուստ են արժեքավոր, անփոխարինելի սպիտակուցներով: Բուսական ծագում ունեցող սննդամթերքներից համեմատաբար շատ սպիտակուց են պարունակում լոբին, սոյան, սիսեռը, իսկ հացը եւ ձավարը  աղքատ են դրանով: Կենդանական ծագում ունեցող սպիտակուցները՝ համեմատած ոչ կենդանականի հետ, կենտրոնական նյարդային համակարգի գրգռվածության բարձրացման շնորհիվ կարող են էլ ավելի ուժեղացնել սրտանոթային համակարգի գործունեությունը: Մասնագետները նյարդային համակարգը գրգռող մսամթերքին հակադրել են կաթնա-բուսականը, որը հանգստացնում է նյարդային համակարգը եւ լավացնում քունը: Դրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն սրտանոթային համակարգի նորմալ աշխատանքի համար, որը ամենեւին չի նշանակում մսամթերքից հրաժարվել:

Ճարպերը էներգիայի շատ արժեքավոր աղբյուր են համարվում, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են նաեւ որպես հումք՝ բջիջների կառուցվածքների համար: Օրգանիզմի համար օգտակար են հատկապես կաթի ճարպը, կարագը, քանի որ դրանք պարունակում են  վիտամին A: Բուսական ճարպերի օգտագործումն օգտակար է հատկապես տարիքավոր անձանց համար, կենդանական ճարպերը պարունակում են մեծ քանակության խոլեստերին, որի ավելացումը վնասակար է օրգանիզմի համար:

Տարեց հասակում անհրաժեշտ է սահմանափակել նաեւ ձուն, խավիարը, լյարդը, ուղեղը, երիկամները, սիրտը, թոքերը, ճարպոտ միսը, ձուկը, շոկոլադը եւ այլ մթերքներ, որոնք հարուստ են խոլեստերինով: Անհրաժեշտ է ընդգծել, որ խոսքը սահմանափակման, այլ ոչ թե նրանցից լրիվ հրաժարվելու մասին է:

Ածխաջրերը՝ շաքարը եւ կրախմալը, մարսողության ընթացքում վեր են ածվում գլյուկոզայի եւ հիմնականում օգտագործվում որպես էներգիայի աղբյուր: Եթե սննդի մեջ շատ են ածխաջրերը, քան այն պետք է օրգանիզմին, այդ դեպքում դրանց ավելցուկը վերածվում է ճարպի: Ահա թե ինչու չափից դուրս խմորեղենի եւ քաղցրավենիքների օգտագործումը հաճախ  հանգեցնում է ճարպակալման, որը նկատելիորեն դժվարացնում է սրտի աշխատանքը:

Հանքային աղերը նույնպես մեծ նշանակություն ունեն օրգանիզմի համար: Մարդու օրգանիզմին օրվա ընթացքում անհրաժեշտ է մինչեւ 10 գրամ կերակրի աղ: Չմոռանալով, որ կերակրի աղի չափից շատ օգտագործումը եւս վնասակար է:

Կալիումի աղերով հարուստ են բանջարեղենը եւ մրգերը, իսկ մագնեզիումի աղերով հարուստ են ոչ միայն մրգերն ու բանջարեղենը, այլեւ խոշոր աղացած ալյուրից թխված հացը, հնդկացորենը, ընկույզը եւ այլն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31