Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Խեչանյան. «Մեդալների տարափը Շվեդիայում անսպասելի չէր»

Օգոստոս 14,2015 16:27

Ծանրամարտի Հայաստանի 15 եւ 17 տարեկանների հավաքականները Շվեդիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունքներով նվաճեցին 6 ոսկե, 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ:

Երրորդ անգամ է այս տարիքային խմբերում Հին Աշխարհամասի առաջնություն անցկացվում ու մեր մարզիկների ձեռքբերումները նախադեպը չունեն: «Առավոտը» զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ:

– Մինչեւ մրցավայր մեկնելը նման արդյունքի սպասո՞ւմ էիք:

– Անսպասելի չէր: Գիտեինք, որ բարձր արդյունքներ են լինելու, քանի որ ֆեդերացիան լիարժեք ուսումնամարզական հավաքներ էր կազմակերպել ու բոլորն էլ լավ մարզավիճակում էին: Ավելին ասեմ. մարզիկներ ունեինք, որոնք նույնպես պատրաստ էին ոսկե մեդալների համար պայքարել: Բայց տարբեր պատճառներով չստացվեց: Օրինակ, 94 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, որ վնասվածք ստացավ, նույնպես ոսկու հավակնորդ էր եւ մրցակցելու էր հաղթող դարձած Սարգիս Կիրակոսյանի հետ:

– Ի դեպ, Գրիգորի վնասվածքը լո՞ւրջ է:

– Բոլոր մարզաձեւերում էլ վնասվածքներ լինում են: Ընդ որում, ծանրամարտն այս առումով մարզաձեւերի ցուցակում վերջին տեղերից մեկում է: Գրիգորը ձախ արմունկն է վնասել: Նրան, ինչպես կարգն է պահանջում նման դեպքերում, տարան հիվանդանոց՝ զննելու եւ որակյալ բուժում կատարեցին:

Այստեղ ուզում եմ նշել Սարգիս Կիրակոսյանի կամային որակները: Նա կարողացավ մնալ պայքարի մեջ ու հաղթեց իր եւ Գրիգորի փոխարեն:

– Լանդսկրոնա մեկնելուց առաջ թե տղաների եւ թե աղջիկների հավաքականների մարզիչները նույնպես նշում էին, որ լավ մասնակցության ակնկալիքներ ունեն: Բայց նրանց միեւնույն ժամանակ մտահոգում էր այն, որ պատանի մարզիկներից շատերն առաջին անգամ են արտասահմանյան մրցման մեկնում, այն էլ՝ միանգամից Եվրոպայի առաջնություն ու բացառված չէ, որ դա հոգեբանորեն ազդի նրանց վրա:

– Թաքցնելու բան չկա: Այդպիսի թեթեւ մտավախություն ունեինք: Երեխաներ կային, որոնք ոչ միայն երբեք Հայաստանից դուրս մրցման չէին մեկնել, այլեւ առաջին անգամ էին ինքնաթիռ նստում: Բայց ուսումնամարզական հավաքների ու նախապատրաստության ողջ ընթացքում ֆեդերացիան եւ մարզիչներն այդ ուղղությամբ բավականին մեծ աշխատանք էին կատարել ու արդյունքը, ինչպես տեսնում ենք, դրական է: Դա խոսում է նաեւ հայի հոգեւոր եւ ֆիզիկական ուժի մասին:

– Մեդալների հաշվարկներ կատարվե՞լ են:

– Անշուշտ: Մեր բոլոր ծանրորդներն առանձին վարժություններում եւ երկամարտում նվաճեցին 29 մեդալ: Մեդալների հաշվարկով Հայաստանի 17 տարեկան տղաների հավաքականը գրավեց 1-ին տեղը, իսկ թիմայինով, ոչ ամբողջական կազմով՝ 3-րդ:

– Շվեդիայում պարգեւատրում էին միայն երկամարտի արդյունքով հաղթողներին ու մրցանակակիրներին:

– Այո: Պատճառն այն էր, որ կազմակերպիչները չէին հասցրել, այսպես կոչված, փոքր մեդալները պատրաստել: Նրանք մեզ եւ մյուս պատվիրակություններին ասացին, որ դրանք կուղարկեն ավելի ուշ:

– Դուք այս ծանրորդների մեջ 2020 թվականի օլիմպիական խաղերի մասնակիցներ տեսնո՞ւմ եք:

– Նրանք դեռ շատ փոքր են ու ժամանակ դեռ շատ կա: Բայց որ հերթափոխ կա, միանշանակ է: Իհարկե, ֆեդերացիան նրանց հետ ապագայի հույսեր կապում է: Բայց երեխաները եւ մարզիչները պետք է շատ աշխատեն: Մենք մեր կողմից ամեն անհրաժեշտը կանենք: Օրինակ, ֆեդերացիան եկող ամսվանից պատանի ծանրորդներին ըստ իրենց արդյունքների մեկ տարով, մինչեւ հաջորդ մրցումները, համապատասխան ամսաթոշակ կնշանակի, որպեսզի ավելի ոգեւորված շարունակեն մարզումները, ձգտեն ավելիին: Իսկ տարեվերջին մրցաշրջանն ամփոփելու ժամանակ կխրախուսի:

– Մոտ մեկ ամսից կայանալու է Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Այնտեղից է՞լ նման հաջողություն սպասենք:

– Ֆեդերացիայի առաջնային խնդիրը մեծահասակների աշխարհի առաջնությունն է, որտեղ թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները շատ լուրջ խնդիրներ ունեն լուծելու: Այդ երկու հավաքականների կազմերում երիտասարդները քիչ չեն: Այնպես որ, նրանք չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Բայց ֆեդերացիան դեռ կկողմնորոշվի, թե քանի հոգով կմասնակցենք Եվրոպայի առաջնությանը եւ ովքեր կմեկնեն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31