«Հայոց աշխարհ» խորագիրը կրող նկարչական փառատոնը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին, մեկնարկեց Աբովյանի Հայ-ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում։ Հանդիսավոր բացման ժամանակ ելույթ ունեցողներն ընդգծեցին, որ նկարիչների վրձնահարվածներում կլինի Հայաստան աշխարհը՝ իր բնաշխարհով, բնակավայրերով, պատմաճարտարապետական հուշարձաններով։
«Հայկական ներկապնակ» ծրագրի ղեկավար, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն ընդգծեց, որ նման փառատոները հետաքրքիր են երկուստեք՝ եւ՛ արվեստագետների, եւ՛ արվեստասերների համար, որովհետեւ այս հարթակում նրանք հնարավորություն ունեն հանդիպելու, քննարկելու, երկխոսելու, միմյանց ավելի մոտիկից հասկանալու։
«Հայկական ներկապնակի» գեղարվեստական ղեկավար, նկարիչ Գագիկ Ավետիսյանի համոզմամբ՝ այս կերպ նկարիչներն էլ են ժամանակ առ ժամանակ ոչ թե մեկուսի, այլ հրապարակային կերպով կարողանում իրենց ստեղծագործական որոնումներին մասնակից դարձնել նաեւ արվեստասերներին՝ վարպետաց դասերի միջոցով։
Նկարիչ Ժորա Բարսեղյանի համոզմամբ՝ նկարչական այս ինքնատիպ հարթակը նոր մտքեր ու դրանց մարմնավորումն է բերում։ Նա բարձր է գնահատում արվեստագետ-արվեստասեր շփման այս ձեւը։
Կարդացեք նաև
Հայաստանի նկարիչների միության քարտուղար, նկարիչ Վահագն Գալստյանն իր ողջույնի խոսքում փառատոնի մասնակիցներին ստեղծագործական նոր որոնումներ եւ հարուստ բովանդակություն ունեցող նկարչական ասելիք ցանկացավ։
Հանդիսավոր բացմանը հաջորդեց ծրագրի ավագագույն սերնդի ներկայացուցիչ՝ 93-ամյա Արմեն Աթայանի վարպետաց դասը՝ Աբովյանի պատանի նկարիչների հետ։ Մեծ վարպետություն ունեցող նկարչի դասը վերածվեց կերպարվեստի նկատմամբ սիրո մեծ դրսեւորման եւ խոստովանության, ինչպես նկարչության նահապետի, այնպես էլ արվեստի ճամփան նոր բռնած երեխաների կողմից։
«Ամեն անգամ «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրին մասնակցելն ինձ համար տոն է դառնում,- ասում է Արմեն Աթայանը,- որովհետեւ տեսնում եմ, որ մարդիկ դեռ ապրում են արվեստով, արվեստագետների ստեղծած լավ գործերով։ Իսկ նկարիչների համար հնարավորություն է ստեղծվում դուրս գալ մեր արվեստանոցներից ու շփվել մեր գործընկերների եւ արվեստասերների հետ»։
Մասնակիցները տարբեր սերունդների ներկայացուցիչներ են՝ սկսած 93-ամյա Արմեն Աթայանից, վերջացրած երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով։
Նկարիչներն աշխատելու են երկու հարթակներում՝ մի մասն արվեստանոցում, մյուս մասը՝ բացօթյա նկարչության տարածքներում։
Փառատոնի օրերին պարբերաբար տեղի կունենան նորաստեղծ նկարների դիտում, կարծիքների եւ տեսակետների փոխանակություն, թեմատիկ վերլուծություններ, վարպետաց դասեր՝ արվեստի դպրոցների սաների, երիտասարդ նկարիչների, արվեստասերների հետ։
«Ուրախ եմ, որ այս փառատոնը նույնպես անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ,- մեր զրույցը եզրափակեց Սերգո Երիցյանը,- «Հայկական ներկապնակի» եւ նախարարության համագործակցությունը միշտ էլ արդյունավետ է եւ կարծում եմ, որ աշնանը հետաքրքիր ցուցադրություն կունենանք»։
ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2015