Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Գրիգորյանը՝ օպերային թատրոնի առաջիկա ծրագրերի եւ իր ակադեմիայի մասին

Օգոստոս 14,2015 12:07

Ճանաչված օպերային տենոր, Հայաստանի եւ Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հետ «Առավոտի» հանդիպումը երկու նպատակ էր հետապնդում. ծանոթանալ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի՝ վերջերս նշանակված գեղարվեստական ղեկավարի առաջիկա ծրագրերին եւ տեղեկանալ, թե, վերջապես, ե՞րբ կբացվի ճանաչված արվեստագետի նախաձեռնությամբ Օպերային արվեստի միջազգային ակադեմիան։

Գեղամ Գրիգորյանը նախ ասաց, որ ինչպես նախկինում, այնպես էլ օպերային թատրոնի գալիք՝ 2015-16 թթ. թատերաշրջանը կբացվի Տիգրանյանի «Անուշ»-ով, սեպտեմբերի 9-ին։ «Ծրագրել ենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում հանդիսատեսին ներկայացնել Բելինիի «Նորմա», Պուչինիի «Տոսկա» օպերային ներկայացումները, պատրաստվում ենք ձեռնամուխ լինել Սոֆա Ազնավուրյանի «Չի կարելի» մանկական օպերայի բեմադրական աշխատանքներին։ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի հետ համատեղ կիրականացնենք Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուրը», Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությամբ Խաչատրյանի համանուն բալետային բեմադրությունը եւ այլն։ Անկասկած, կվերականգնենք ժամանակին ինչ-ինչ պատճառներով թատրոնի խաղացանկից դուրս մնացած որոշ բեմադրություններ եւս։ Սա, իհարկե, մեր ծրագրերի մի մասն է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը։

Գեղամ Գրիգորյանի՝ թատրոն վերադառնալուն պես՝ շատ է խոսվում, թե անվանի արվեստագետը մտադրություն ունի  հրավիրել երիտասարդ երգիչների, արդյոք դա չի՞ ենթադրում «ազատվել» որոշ մեներգիչներից հարցին ի պատասխան՝ մաեստրոն հակիրճ ասաց. «Այն մեներգիչները, ովքեր պարզապես գործ չունեն անելու եղած խաղացանկային եւ առաջիկա բեմադրություններում, նրանց հետ կկնքենք պայմանագիր: Երբ նրանց անհրաժեշտությունը կզգանք՝ կհրավիրենք, թեկուզ՝ մեկ դերերգ կատարելու համար։ Թատրոններում, ոչ միայն մեր, անհրաժեշտ է թարմություն»։ Հավելեց նաեւ, թե  հաճախ են հրավիրելու դիրիժորների, երգիչների, բալետի արտիստների եւ նման գործընթացն ապահովելու է բարձրակարգ մենեջմենթը։ Նշեց նաեւ, որ ունեն պրոդյուսեր, ով արդեն զբաղվում է այդ աշխատանքներով։

Ազգային օպերային թատրոնում սեպտեմբերի 4-ին, ինչպես տեղեկացնում է հայտագիրը, օպերային դիվա Լյուբով Կազարնովսկայան եւ Գեղամ Գրիգորյանը հրավիրում են բարեգործական համերգի, որի հասույթը կտրամադրվի Օպերային արվեստի միջազգային ակադեմիայի շինարարական աշխատանքներին։ Այս առիթով պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ կայանալիք միջոցառմանը ելույթ կունենան նաեւ հրավիրյալ արտիստներ, այդ թվում՝ ճանաչված երգիչներ Ալեքսանդր Չերնովը Ռուսաստանից, Նիկոլա Ուլիվերին Իտալիայից, Վիշնիա Ռադոսադը Սերբիայից, դիրիժոր Անատոլի Լեւինը (ՌԴ)։ Երգիչը հատկապես նշեց, որ Հայաստանից այդ համերգին կմասնակցեն իր ուսանող, բաս Գոշ Սարգսյանը, սոպրանո Սոֆյա Թումանյանը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Անդրադառնալով ակադեմիային, մեր զրուցակիցը՝ առանց մանրամասնելու, ասաց, թե կլինեն նման եւս մի քանի բարեգործական համերգներ՝ ակադեմիայի աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։ Հարցին, թե՝ ովքե՞ր իրավունք կստանան սովորելու կամ կատարելագործվելու ակադեմիայում, եւ արդյոք այդ ուսումնական հաստատությունը միայն օպերային երգիչների՞ է ծառայելու, արվեստագետը պատասխանեց. «Ակադեմիան արդեն պատրաստի, ավելին՝ կայացած եւ գուցե ճանաչված երգիչների համար է, այսինքն՝ մեզ մոտ կվերապատրաստվեն օպերային երգիչներից բացի, դիրիժորներ, ռեժիսորներ, նկարիչներ, կարճ ասած՝ երաժշտական թատրոնի հետ կապ ունեցող տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդ արվեստագետներ։ Ակադեմիան սիրով կհյուրընկալի նաեւ այն երգիչներին, որոնք, ասենք՝ ընդամենը մեկ դերերգ պատրաստելու համար կդիմեն մեզ։ Բարձրակարգ ուսումը կապահովեն նաեւ արտերկրից հրավիրված ճանաչված մասնագետներ։ Մեզ մոտ ծրագրել ենք նաեւ անցկացնել վարպետության դասընթացներ»։

Վաղուց աշխարհում ամռան ամիսներին բացօթյա ամֆիթատրոններում կամ դահլիճներում կայանում են օպերային, բալետային արվեստների փառատոներ։ Այդ առումով հայտնի է իտալական «Արենա դի Վերոնան», գերմանական «Անտառային բեմը» եւ այլն, իսկ օգոստոսի 16-ից Մոսկվայում Վերդիի «Տրավիատա»-ով կմեկնարկի «Բաց օպերա» նախագիծը, որի բացօթյա ներկայացումները տեղի կունենան Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին (ВДНХ) կից «Կանաչ թատրոնում»։ Հետաքրքրությանը՝ կգա՞ մի օր, որ մենք էլ կունենանք բացօթյա, մի քանի հանդիսատեսի համար նախատեսված դահլիճներ, Գեղամ Գրիգորյանը տեղեկացրեց, որ, իր խոսքերով՝ Քանաքեռում կառուցվող Օպերային արվեստի միջազգային ակադեմիային հանդիպակաց  նախատեսված է կառուցել  մինչեւ 1500 հանդիսատեսի համար  բացօթյա դահլիճ, որը մեզ էլ հնարավորություն կընձեռի ամռան ամիսներին ներկայանալ օպերային, բալետային ներկայացումներով, անցկացնել նաեւ, ինչպես ընդունված է Արեւմուտքում, միջազգային փառատոներ։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31