Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆ

Օգոստոս 14,2015 10:10

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունմեկերորդ

ԱՖՂԱՆՍՏԱՆ

Երբ «Ծիծեռնակի» սիրունատես ու բարեսիրտ խմբագիրը պարոն Շահամիրյանին կանչեց իր կաբինետ եւ առաջարկեց կրճատվել, պարոնն էնպիսի աղմուկ բարձրացրեց, որ քիչ անց Կարմիր բանակի մեր էդ մամուլի շենքի ողջ ժողովուրդը  հավաքվեց «Ծիծեռնակի» խմբագրի կաբինետի դռան մոտ, եւ մինչ այդ Ռոլանդն ու ես մեզ գցել էինք խմբագրի  կաբինետ եւ պարոն Շահամիրյանին հանգստացնելու փորձեր էինք անում,  եւ մեծ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց փրփրակալած Շահամիրյանին դուրս բերել խմբագրի աշխատասենյակից, եւ Շահամիրյանին խմբագրի աշխատասենյակից մի կերպ դուրս բերելով՝ ես ու Ռոլանդն զգացինք, որ տարեց պարոնը ֆիզիկապես լավ էլ ուժեղ է, եւ երբ իրեն մի կերպ ու զոռով դուրս բերինք միջանցք, միջանցքում արդեն ահագին ժողովուրդ էր հավաքված, եւ Շահամիրյանը շարունակում էր աղաղակել՝ «Աֆղանստա՜ն եմ սարքելու». ասում եմ՝ շարունակում էր, որովհետեւ խմբագրի կաբինետում էլ էր էդ նույնը գոռում, եւ երբ ես ու Ռոլանդը Շահամիրյանի թեւերն ընկած տարանք մեր սենյակ, Շահամիրյանը շարունակում էր գոռալ՝ «Աֆղանստա՜ն եմ սարքելու», բայց երբ Կատյային ու Տաթեւիկին նկատեց, անակնկալի եկավ, խեղճացած նայեց նրանց ու խեղճացած ասաց՝ «հազար ներողություն, աղջիկներ», եւ Կատյան թարս նայեց Շահամիրյանին ու ասաց՝ «միգուցե Ժենյա Ղուկասովնայից ներողություն խնդրեիք», եւ Շահամիրյանը բավական երկար մտածեց ու ոչինչ չասաց, եւ Կատյան Շահամիրյանին թարս նայելով՝  սենյակից դուրս եկավ, եւ Տաթեւիկը Շահամիրյանին ասաց՝ «միգուցե ասեիք՝ ինչ է պատահել», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչինչ ալ չի պատահել» եւ մի քիչ էլ մտածեց ու սրտնեղած ավելացրեց՝ «ինչ որ պատահել է, ինձ է պատահել», եւ չնայած Տաթեւիկը տեղյակ էր Շահամիրյանի կրճատման պատմությանը, Շահամիրյանին նայելով ասաց՝ «չեմ հասկանում՝ ինչ է պատահել», եւ Շահամիրյանը բավական երկար մտածեց, ձեռքը գցեց մոխրամանին, մոխրամանն ամբողջ ուժով  խփեց հատակին ու աղաղակեց՝ «Աֆղանստա՜ն եմ սարքելու», եւ Ռոլանդն էս անգամ չդիմացավ ու քթի տակ փռթկացրեց, ու ես Տաթեւիկին աչքունքով հասկացրի, որ գնա, եւ երբ Տաթեւիկը սենյակից դուրս եկավ, Շահամիրյանը թարս նայեց Ռոլանդին ու ասաց՝ «դուն ա՞լ, Բրուտոս», եւ Ռոլանդը ծիծաղը զսպելով՝ Շահամիրյանին հարցրեց՝ «ի՞նչ Բրուտոս, պարոն Շահամիրյան», եւ Շահամիրյանը Ռոլանդին թարս նայելով ասաց՝ «մտքիս ծայրեն անգամ չէր անցնի, որ դուն ալ ինձի կդավաճանես», եւ Ռոլանդը զարմացած նայեց Շահամիրյանին ու հարցրեց՝ «ինչի՞ց ենթադրեցիք, որ ձեզ դավաճանել եմ», եւ մինչ Շահամիրյանը կմտածեր՝ ինչ պատասխաներ, ես Շահամիրյանին հարցրի՝ «այսինքն, ինձնից սպասո՞ւմ էիք»,  եւ Շահամիրյանը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «քեզմե ի՞նչ պիտի սպասեի», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինձնից սպասո՞ւմ էիք, որ ձեզ կդավաճանեմ», եւ Շահամիրյանը զարմացած նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց դուն ինձի դավաճանած չես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն ինչեն բացի, պարոն Ռոլանդը Սուրիո եւ Լիբանանին մեջ բազում ազգականներ ունի», եւ ես ժպտալով Շահամիրյանին ասացի՝ «ես ոչ Սիրիայում ազգականներ ունեմ, ոչ էլ Լիբանանում, բայց երբեք ձեզ չեմ դավաճանի», եւ արդեն մի քիչ հանգստացած Շահամիրյանը գոհացած ժպտալով ինձ ասաց՝ «հուսամ», եւ ես ժպտալով Շահամիրյանին ասացի՝ «կարող եք վստահ լինել», եւ Ռոլանդը թարս նայեց ինձ ու ասաց՝ «էդ շիրա ե՞ս տալի», եւ ես ժպտալով Շահամիրյանին ասացի՝ «Ռոլանդի վրա էլ կարող    եք վստահ լինել», եւ Ռոլանդը թարս նայեց ինձ ու ասաց՝ «մենակ դու էիր պակաս, որ պարոն Շահամիրյանի մոտ ինձ բարեխոսեիր», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու Ռոլանդին ասաց՝ «համենայն դեպս, կարող էիր նախապես հեռաձայնել եւ ինձ նախազգուշացնել, պարոն Ռոլանդ», եւ Ռոլանդը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ  նախազգուշացնեի», եւ Շահամիրյանը թախծոտ ժպտալով ասաց՝ «այդ չարաբաստիկ կրճատման վերաբերյալ», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «որ հաճելի լուր լիներ, անմիջապես կզանգահարեի ու աչքալուսանք կտայի», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու Ռոլանդին ասաց՝ «եթե հեռաձայնեիր ու նախապես տեղեկացնեիր, միգուցե անակնկալի չգայի եւ հունեն դուրս չգայի», եւ Ռոլանդը բավական եկար մտածեց ու ասաց՝ «կարող ա ճիշտը էս տարբերակն էր», եւ Շահամիրյանը զարմացած հարցրեց՝ «ո՞ր տարերակը» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «աշխարհով մեկ խայտառակ եղա» եւ մի քիչ էլ մտածեց ու  ասաց՝ «աղմուկիս վրա ամբողջ շենքի աշխատողները սենյակներեն  դուրս թափվեցան», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թամաշայի համար խելքներն իրանցը չի», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամենքս ալ հետաքրքրասեր ենք» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «հետաքրքրասիրության համար ոչ ոք ոչ ոքի իրավունք չունի մեղադրել», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես հույսս չեմ կորցրել», եւ Շահամիրյանը զարմացած նայեց Ռոլանդին ու հարցրեց՝ «ի՞նչ հույս», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ Ժենյա Ղուկասովնան էդ բանը չանի», եւ Շահամիրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն արդեն որոշումն ընդունած է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչքան հասկացա, իրեն վերեւներեն կարգադրած են», եւ Ռոլանդը մի քիչ մտածեց ու ասաց՝ «վերեւներում  ինքն էլ մարդ ունի», եւ Շահամիրյանն ասաց՝ «տեղյակ եմ, որ իր ամուսինը Կենտկոմում կաշխատի», եւ Ռոլանդն ասաց՝ «Կենտկոմում առաջ էր աշխատում» եւ  մի քիչ մտածեց ու  ավելացրեց՝ «արդեն մի քանի ամիս ա՝ Կուլտուրայի մինիստր ա աշխատում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31