Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Պերմյակովի դատավարությունը թատրոն էր»

Օգոստոս 13,2015 21:01

«Վալերի Պերմյակովի գործի առանձնահատկությունը նկատի ունենալով, քանի որ վերջինս առնչվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ, նրան 10 տարով դատապարտելը ավելի շատ պոպուլիստական որոշում եմ համարում, որի նպատակն էր հաճոյանալ Հայաստանի հասարակությանը` հաշվի առնելով այդ գործի նկատմամբ հանրային մեծ ուշադրությունը: Այլ պարագայում, եթե Պերմյակովը չմեղադրվեր սպանության մեջ, առավել քան համոզված եմ, որ պատիժը ավելի քիչ էր լինելու»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն` անդրադառնալով երեկ տեղի ունեցած դատավարությանը եւ հրապարակված վճռին:

Իրավապաշտպանին նման եզրահանգման հիմք է տվել նաեւ մեղադրողի խոսքը, ով իր ելույթում նշեց, որ Պերմյակովը մեծ վնաս հասցրեց հայ-ռուսական բարեկամությանը եւ Հայաստանում` ՌԴ-ի վերաբերյալ բացասական կարծիքի ձեւավորմանը, քանզի դատաքննություն էր տեղի ունենում եւ նշյալ բաներն իրավական կատեգորիայում որեւէ կերպ չեն տեղավորվում: Ավելին, դա որեւէ կերպ քրեորեն հետապնդելի արարք չի ու նման հոդված էլ չկա, որով մարդուն հնարավոր լինի մեղադրել:

«Դա ապացույցն է նրա, որ երեկվա դատավարությունը ամբողջությամբ թատերական ներկայացում էր` նախօրոք մշակված, բայց վատ սցենարով, քանզի շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չհնչեցին: մասնավորաբար, այդպես էլ հստակություն չստացավ պատճառը, որի համար Պերմյակովը լքել էր զորամասի տարածքը: 1,5 ամսվա ընթացքում ընտանիքին կարոտելով հաստատ նման գործողության չեն գնում, առավել եւս Թուրքիայի տարածքով ՌԴ հասնելու մտադրությունը ամենաֆանտաստիկ տրամաբանության մեջ էլ չի տեղավորվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Հաջորդ ուշագրավ հանգամանքը կողոպուտի հանգամանքն էր, որը չի համապատասխանում մինչ այս շրջանառության մեջ գտնվող վարկածներին: Թեեւ սա արդեն տվյալ գործի քննության շրջանակների հարց չէ, բայց քանի որ դատավարության ժամանակ այդ մասին էլ խոսվեց, իրավապաշտպանը տարակուսում է` եթե կողոպուտի նպատակ ուներ, այդ դեպքում ինչո՞ւ է մանկահասակ երեխային սպանել: Ընդհանրապես, Արթուր Սաքունցը մի շարք հակասություններ է տեսնում այն ամենում, ինչը ռուսական կողմը ապացուցված փաստ է համարում ու հենց դա էլ նրան հիմք է տալիս պնդել, որ ռուսական կողմը հակված չէ ճշմարտությունը բացահայտել: «Անվստահությունը ռուսական կողմի նկատմամբ էլ ավելի խորացավ: Մի բան է, երբ նման խայտառակ հանցագործություն է կատարվում, այլ բան, երբ դրա բացահայտման եւ արդարադատության իրականացման ուղղությամբ կամք չես տեսնում: Այդ ձգտման բացակայությունը շատ ավելի վտանգավոր ու մտահոգիչ է»,- ասում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով դատավարության ժամանակ հնչած այն փաստին, որ ռազմաբազայի ղեկավարությունն իր ուժերով է փորձել հայտնաբերել Պերմյակովին ու հայկական կողմին չի հայտնել զինված զինվորի փախուստի մասին մոտ 7 ժամ, ապա ՀՀ տարածքում օպերատիվ-հետախուզական աշխատանք են կատարել ու այդպիսով նպաստել են ծանր հանցագործության կատարմանը, իրավապաշտպանը ՀՀ-ի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգության փաստ է համարում ու գտնում է, որ ՀՀ իրավապահ մարմիններն այդ փաստով պետք է ռազմաբազայի ղեկավարության դեմ քրեական գործ հարուցեն: Իրավապաշտպանը ռուսական ռազմաբազայի ղեկավարության մեկ այլ հանցագործության մասին էլ հիմնավոր կասկածներ ունի` Պերմյակովի ավելի շուտ են հայտնաբերել ու պահել իրենց մոտ` մինչեւ որոշեն սցենարը:

«Ու ներկայացվեց թատրոնը, որ իբր բռնել են սահմանը խախտելու ժամանակ: Այսպիսով, ռուսական կողմը Պերմյակովի վրա նաեւ սահմանը խախտելու հիմնավորումը տվեց: Բայց, քանի որ նրան չեն փոխանցել հայկական կողմին, ինչպես հայ-ռուսական համաձայնագիրն է սահմանում, ուստի, ստացվում է, որ ռազմաբազայի ղեկավարությունը եւ սահմանապահ զորքի ղեկավարությունը եւս մեկ հանցագործություն են կատարել եւ դա երեկվա դատավարությամբ ապացուցվեց: Մենք միջնորդություններ ներկայացրել ենք նրանց նկատմամբ քրեական գործ հարուցելու»,- ասաց Արթուր Սաքունցը` հավելելով, որ սա լրացուցիչ հիմք է պնդելու, որ ռուսական կողմը ամեն գնով կոծկում է Ավետիսյանների սպանության գործի իրական պատճառը ու հանուն դրա պատրաստ է մի շարք հանցագործություններ ընդունել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Atshak says:

    սաքունցցցցցցցցցցցցցցցց 😀 😀 😀

  2. ՀՀ քաղաքացի says:

    Մարդիկ հասկացեեեեեեեեեեեեեեեեեեեեք, ռուսները վստահելի գործընկեր չեն եղել, չեն եւ չեն լինի: Բոլորին աջուձախ քցում են: Եթե ռուս ԲԻԲԻՆԸ չփորձեր թալանել մեզ, այս մարդասպանը շատ ավելի մեղմ պատիժ կստանար: Ռուսները գործընկեր են ձեւանում ու պետությունների խաբում, անհրաժեշտ պահին` փախնում: Մի մարդասպան զինվորի եղածն ինչ է, որ չգցեն:

  3. Կարո Մելիքյան says:

    Զինվոր պերմյակովը հրամանն է ի կատար ածել, իսկ թե ում՞, այ դա է ՝հարցերի հարցը….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31