Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայրիկի թխած տորթից թունավորվել են (տեսանյութ)

Օգոստոս 13,2015 15:12

Երեխաների թունավորման պատճառները հանրապետության գլխավոր վարակաբանը մեծամասամբ կապում է շոգ եղանակի հետ

Այս տարի թունավորման դեպքերը մի քիչ ավելին են, քան նախորդ տարի էր: Այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց հանրապետության գլխավոր վարակաբան, «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցի ղեկավար Արա Ասոյանը: Ըստ նրա՝ դեպքերի ավելացում է արձանագրվել, որովհետեւ այս տարի օդի ջերմաստիճանն ավելի բարձր է. «Անցյալ տարի 40-41 աստիճան շոգ չենք ունեցել: Բայց որ ասեմ՝ սարսափելի թիվ է, ազգային անվտանգության խնդիր է, տենց բան չկա, սիրելիներս»:

Ասոյանը խորհուրդ է տալիս ցերկվա շոգի ժամերին, եթե մարդիկ կարող են, հաց չուտեն, ջուր, հեղուկ խմեն. «Շոգին չի կարելի սնվել, մանավանդ մեր ծանր սնունդները, խմորեղենները, նորմալ սնվեք, թան խմեք»:

Արեւի տակ դրված ձմերուկներն էլ, ինչպես հորդորեց գլխավոր ինֆեկցիոնիստը, չգնել, միայն սառնարանային պայմաններում պահվող ձմերուկը գնել.«Թե չէ, ձմերուկը լավ բան է, շատ կերեք»:

Այս սեզոնին երեխաների մոտ հաճախակի նկատվող փորուծություններն էլ պարոն Ասոյանը կրկին շոգ եղանակով պայմանավորեց՝ «Այս շոգ եղանակին երեխաների աղիները դժվար են մարսում սնունդը»:

Aravot.am-ը խնդրեց Ասոյանին անդրադառնալ վերջերս ճամբարներում եւ մանկապարտեզում    երեխաների թունավորման դեպքերին: Ասոյանն ասաց, որ ճամբարի երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի  խանգարումներն են եղել, շոգին սնունդը շուտ որակազրկվում է, բոլորը չէ, որ կարողանում են մարսել, ինֆեկցիոն գործոն չի եղել: Մեր այն հարցին՝ արդյոք երեխաների հետ աշխատող մասնագետները չպիտի՞ հատուկ սննդակարգ մշակեն՝ հաշվի առնելով եղանակի գործոնն ու երեխաների հանգամանքը, բժիշկը պատասխանեց. «Կոտայքի մարզի դեպքն առանձնացնում եմ. այնտեղ մայրիկը տորթ էր թխել տանը ու բերել էր, այն երեխաներն էլ, որ կերել էին, խնդիր է եղել»: Մեր այն դիտարկմանը՝ չպիտի՞ մայրիկին արգելեին այդ տորթը հյուրասիրել երեխաներին, Ասոյանն ասաց՝ «Այո, պիտի արգելեին»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում թունավորման դեպքեր են եղել Վայոց ձորի մարզի ճամբարում, որտեղից 16 երեխա է հոսպիտալացվել, թունավորման դեպք է եղել նաեւ ԵԿՄ-ի ճամբարում հանգստացող երեխաների շրջանում, ինչպես նաեւ  «Հատիսի լանջին» ռեստորանում հարսանիքի 30-ից ավելի հյուրերի մոտ:

Ասոյանը ռեստորանային բիզնեսով զբաղվողներին խորհուրդ տվեց թունավորումներից խուսափելու համար հրավիրել սննդի մասնագետի, որն այս շոգ եղանակին համապատասխան սննդակարգ կկազմի եւ խնդիրներ չեն լինի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31