Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 9000 դրամ՝ թվային հեռարձակման սարքի համար. Ամալյանը՝ բնակիչների ծախսի մասին

Օգոստոս 13,2015 14:13

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի ղեկավար Գրիգոր Ամալյանը այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց, թե ինչպես կարող են քաղաքացիները միանալ թվային հեռուստատեսությանը, որի համար պետությունը տարբեր սարքերի, սարքավորումների, դրանց տեղադրման համար ծախսել է մոտ 6 մլրդ 125 հազար դրամ:

Հարցին՝ թվային հեռուստահաղորդիչների միացումը տնային պայմաններում ինչպե՞ս է կատարվելու, Գրիգոր Ամալյանը բացատրեց. «Բոլոր այն քաղաքացինրը, որոնք ունեն վերջին 2 տարիներին ձեռք բերված հեռուստացույցեր, չունեն որեւէ խնդիր կատարելու փոփոխություններ՝ թվային հեռուստածրագրերը դիտելու համար: Ընդամենը անհրաժեշտ է համալարել: Նույնն են մնում անտենային համակարգերը, անտենայի կաբելները, փոփոխության որեւէ անհրաժեշտություն չկա: Այն քաղաքացիները, որոնց հեռուստացույցերը DVB-T2 ազդանշանի համար նախատեսված չեն, պետք է ձեռք բերեն կցորդ սարքեր, որոնք արդեն շուկաներում վաճառվում են: Հեռուստատեսային պարկը անընդհատ նորացվում է, եւ նույնիսկ ցանկության դեպքում մյուս տարի չեք կարողանա որեւէ խանութից ձեռք բերել հեռուստացույց, որը անալոգային հեռարձակման համար է նախատեսված: Արդեն 2 տարի է՝ ներկրվում են միայն թվային հեռարձակման ընդունիչով»:

Մեր հարցին՝ մոտավորապես  ի՞նչ ծախսի մասի է խոսքը այն ընտանիքների համար, որոնք նպաստառուների ցանկում ընդգրկված չեն, տարբեր գնահատականներ կան, որ այդ կցորդ սարքն արժե 10-20 հազար դրամ եւ մասնագե՞տ պիտի կանչեն, որ կցորդ սարքը միացնի, Գրիգոր Ամալյանը անձնական օրինակն ասաց. «Ես առաջիններից եմ ձեռք բերել այդ սարքը, ձեռք եմ բերել ե՛ւ 7000 դրամով եւ ամենաթանկը՝ 9000 դրամով: Քանի որ շուկան դեռեւս ողողված չէ այդ սարքավորումներով՝ գինը բարձր է: Առաջարկը երբ մեծ կլինի շուկայում, նույնիսկ կարող է իջնել գինը: Իսկ միացման համար բացարձակ որեւէ մասնագիտացում պետք չէ: Ինչպես  կաողանում եք անալոգային հեռուստատտեսության դեպքում ալիքները համալարել, նույն վստահությամբ կարող եք համալարել նաեւ թվային հեռուստատեսությունը»: Այլ կերպ ասած՝ կարգավորումներում հարց է լինում՝ անալոգայի՞ն, թե՞ թվային: Քաղաքացիները պետք է ընդամենը սեղմեն թվայինը:

Գրիգոր Ամալյանը նշեց, որ Երեւանում ավելի դանդաղ է ընթանում թվային հեռարձակման անցումը, որովհետեւ մայրաքաղաքում բավականին զարգացած են կաբելային հեռուստաընկերությունները, բնակչության զգալի մասը հանդիսանում է մալուխային հեռուստաընկերության բաժանորդ: Այս բաժանորդները շարժառիթ չունեն միանան, որովհետեւ նույն հեռուստածրագրերը կարողանում են դիտել մալուխային հեռարձակմամբ: Իսկ մարզերում 2 շարժառիթ կա: Առաջինը՝ պակաս զարգացած են մալուխային հեռուստաընկերությունները, մյուս կողմից մարզի համար էական շարժառիթ է այն, որ նախկինում մարզային բնակավայրերում միջին ցուցանիշը 4-5 հեռուստածրագիրն էր, հիմա դարձել է 9»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31