Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզային հեռուստաընկերությունները փակվելու վտանգի տակ են

Օգոստոս 13,2015 13:53

Գրիգոր Ամալյանն աաջարկում է մրցակցել մասնավոր մուլտիպլեքսների հետ, որ չփակվեն

«Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի ղեկավար Գրիգոր Ամալյանը այսօր «Հենարան» ակումբում խոսեց թվային հեռուստատեսության առավելությունների մասին: Նա ասաց, որ հանրապետությունում արդեն ավարտվել են թվային վերգետնյա հեռարձակման ծրագրի հիմնական աշխատանքները:

Իսկ թե ինչ առավելություններ է տալու այն, Գրիգոր Ամալյանի խոսքերով՝ պատկերն ու ձայնային ազդանշանը լինելու է շատ ավելի բարձր որակով. «Այն, ինչ տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել անալոգային հեռարձակման ժամանակ, թվային հեռարձակման պարագայում հնարավոր է դառնում: Ձեզ շատ հայտնի թվային արբանյակային հեռարձակման պարագայում, երբ հեռուստադիտողն ունի  ընտրել ըստ նախասիրության, թե որ լեզվով դիտի հաղորդումը: Սա թույլ է տալիս իրականացնել նաեւ թվային հեռուստատեսությունը: Ուզում եք տեսնել վազող տողերը, թե չտեսնել, որեւէ հաղորդման ժամանակ դիտել լրատվական հաղորդման վազող տողը, որը բաց է թողել եւ այլն: Սա անալոգային հեռարձակման պարագայում հնարավոր չէ կազմակերպել, իսկ թվային հեռուստատեսությանը հնարավորութուն է տալիս ավելի գրավիչ հաղորդումներ պատրաստել: Կարծում եմ, մեր հեռուստատեսությունները արագ կադապտացվեն նոր տեխնիկական հնարավորություններին, որից կշահեն առաջին հերթին հեռուստադիտողը եւ հեռուստաընկերությունները»:

Հարցին՝ տեխնիկական խնդիրների պատճառով հնարավո՞ր է փակվեն մարզային հեռուստաընկերությունները, որովհետեւ նման մտահոգություն կա՝ Ամալյանն ասաց, որ մարզային կարգավիճակ ունեցող հեռուստաընկերությունների ճակատագիրը դեռեւս անհայտ է. «Թվայնացման տեսանկյունով օրենսդրորեն  դեռես չկան նրանց հետագա գործունեության չափորոշիչները: Ոչ մարզային հեռուստաընկերությունների համար մեր օրենսդրությունը սահմանել է չափորոշիչներ՝ նրանց հետագա լիցենզավորման եւ գործունեության շարունակելու կարգը: Եթե նրանք ինտեգրվեին տեսականորեն մեր ցանցում՝ մեզ համար ծախսային մասը հստակ է, որովհետեւ չենք կարող մեր ցանցում այլ արտադրողների սարքեր ինտեգրել, բացառությամբ այն ընկերության, որը մեզ մատակարարել է համակարգ, հակառակ դեպքում խնդիր կունենաք երաշխիքային պարտավորությունների կատարման: Չեմ կարող ասել, թե մարզային հեռուստաընկերություններն ինչ կարգով կինտեգրվեն»:

Լրագրողները ճշտեցին՝ կլինե՞ն փակվող մարզային հեռուստաընկերություններ՝ Ամալյանը պատասխանեց. «Նրանք կունենան հնարավորություն մրցակցելու մասնավոր մուլտիպլեքսների հետ»:

Գրիգոր Ամալյանը նշեց, որ արբանյակային ազդանշանը մատչելի է, բայց հնարավոր չէ ապահովել 100 տոկոս բնակչության ծածկույթ, ըստ վերգետնյա հեռարձակման կապուղիների միջոցների, որովհետեւ նույնիսկ Երեւան քաղաքում կան առանձին շենք-շինություններ, որոնք իրենց քաղաքաշինությամբ ազդանշանի ստվերում են հայտնվում, բացի այդ, Հայաստանը բարդ տեղանք ունի, լեռնային է, եւ դա նույնպես խնդիրներ է ստեղծում:

Նա ասաց, որ հետաձգվել է ոչ թե թվային հեռարձակման իրագործման ժամկետները, այլ անալոգային հեռարձակման անջատման ժամկետները: Հունիսի 30-ից արդեն ողջ ՀՀ-ում կա թվային հեռարձակում: Թե ինչու անալոգայինը չեն անջատել, պատճառը սոցիալական է, մինչեւ քաղաքացիները հասցնեն ձեռք բերել համապատասխան սարքեր. «Անապահով խավի համար սարքերի ձեռքբերման մրցույթ է հայտարարվել: Կարող եք հանգիստ լինել, այդ սարքերով ՀՀ անապահով քաղաքացիները կապահովվեն՝ մինչեւ անալոգային հեռարձակման անջատումը»: Իսկ թե ի՞նչ միջոցների, դրամաշնորհների հաշվին է արվում այդ ամենը՝ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Դրամաշնորհ չէ, դա ՀՀ կառավարությունն անում է իր ծախսերի հաշվին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Ստացվում է, որ եթե մի գործի գլուխ կանգնած է Ամալյանը անպայման մի կամ մի քանի հեռուստաընկերություն պիտի փակվի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31