Բնակչության 95 տոկոսը վերադարձել է իր բնակավայր
«Բավական դժվար պայմաններում կարողացանք պատրաստվել եւ գալ Հայաստան, դա նաեւ մեծ ծախս էր: Բայց հաղթահարեցինք, քանի որ մեզի համար երազի պես մի բան էր, առաջին անգամ էինք մասնակցում համահայկական խաղերի»,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում իր տպավորությունները պատմեց Համահայկական ամառային վեցերորդ խաղերի Քեսաբի թիմի պատվիրակության ղեկավար Շանթ Լենցյանը: Թիմի 17 մարզիկները երկու բրոնզե մեդալ են վերցրել: Թիմում մինչեւ քսան տարեկան երիտասարդներ են, ու նրանցից շատերին առաջին անգամն են Հայաստանում լինում:
«Մեկուկես տարի արդեն իրավիճակն ավելի լավ է»,- անրադառնալով արդեն Քեսաբում տիրող իրավիճակին, մանրամասնեց բանախոսը: Քեսաբը զբոսաշրջային գյուղ է: Տեղի բնակիչները հիմնականում զբաղվել են նաեւ գյուղատնտեսությամբ: Բնակչության 95 տոկոսը վերադարձել է իր բնակավայրը, զբոսաշրջիկներ դեռ չկան, բայց մարդիկ ձեռք-ձեռքի տված վերանորոգում են իրենց բնակավայրը: Հիմնական զբաղմունքնը հողագործությունն է: Շանթ Լենցյանը պատմում է, որ փոքր ռմբակոծություններ լինում են, բայց դրանք չեն խանգարում: Զինվորները, որոնք անհամեմատ ավելի շատ են, քան Քեսաբի ռմբակոծության օրերին էին, պաշտպանում են: «Մենք մեզ ապահով ենք զգում, չգիտեմ`կկրկնվի, թե՞ ոչ»,- ասաց Լենցյանը`պատասխանելով հարցին իրենց ապահով զգո՞ւմ են, չե՞ն վախենում, որ ամեն ինչ նորից կկրկնվի:
Գյուղն այժմ 2500 բնակչություն ունի: Նաեւ մոտ 30-40 ընտանիքներ Հալեպից են գնացել Քեսաբ: Ներկայիս խնդիրները նյութական դժվարություններն են, քանի որ հողագործությունը նյութական ներդրումներ է պահանջում:
Կարդացեք նաև
«Բարեբախտաբար մարդկային կորուստները քիչ էին: Հրապարակի մեջտեղի երկու եկեղեցիները այրել էին, խանութները, տները կողոպտված ու վառված էր: Առաջին օրերին շատ վատ էր, հիմա շատ փոխված է, վերանորոգված է»,- պատմում է Շանթ Լենցյանը`հավելելով, որ 85 տոկոսով վերականգնված է գյուղը. «Մեկ-երկու տարի հետո ավելի լավ կլինի, կարեւորը երիտասարդներին կարողանանք պահել Քեսաբում»:
Նա շնորհակալ է համայն հայությունից`Քեսաբին ու քեսաբահայությանը սատար կանգնելու համար`թե նյութապես, թե հոգեպես:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ