Մտավորականները քննադատում են հայ առաքելական եկեղեցու դիրքորշումը՝ չմկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացված հայերի ժառանգ երկու հայուհիներին և Տիգրանակերտից ժամանած Էրդալ Մերջանին:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատեց. «Այն, որ այս հայությունը դարձ է կատարում դեպի իր ինքնություն, դա գնահատելի է: Ուստի պետք էր այս երեքին հրապարակավ աշխարհին ի լուր մկրտել ու ցույց տալ, թե այս մարդիկ որտեղից եկան ինչու են իսլամացել, որից հետո կարող էր կարգի մասին շրջաբերական տարածել: Ձևական բաները պետք է մի կողմ թողնել: Հենց այս երեքին պետք է ցուցադրաբար կնքեին ու ցույց տրվեր ողջ աշխարհին, թե ինչու են նրանք իսլամացել»: Պարոն Գասպարյանի կարծիքով՝ Մայր Աթոռի զգուշավոր կեցվածքը անընդունելի է:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հայտարարեց, թե փակ դռներով եկեղեցին եկեղեցի չէ ու նկատեց. «Ըստ իս՝ եկեղեցին ունի կարևոր խնդիր՝ այնպես անել, որ մարդն ընդունի Հիսուս Քրիստոսին որպես տեր ու փրկիչ: Եթե մարդ պատրաստ է ընդունել դա, բոլոր մնացած խոչընդոտները շինծու են»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը պարզաբանեց. «Մեր եկեղեցու համար յուրաքանչյուր հայի վերադարձը հայ եկեղեցի միայն ուրախալի ու ողջունելի է: Մայր Աթոռը չի խոչընդոտում նման դեպքերին, այլ ցույց է տալիս այն ճանապարհը, որով կարող է խնդիրը լուծում ստանալ»: Հոգևորականը նշեց, որ մկրտվել ցանկացողը պետք է ընթացակարգ անցնի և ստանա Պոլսո պատրիարքարանից թույլտվություն, որպեսզի իրենց նախապատրաստեն ու կարողանան մկրտվել հայ եկեղեցում»:
Կարդացեք նաև
Հոգևորականը նաև բարձրացրեց հոգևոր անվտանգության հարց. «Մենք մտավախություն ունենք, որ այս մկրտության ներքո բազում թուրքեր կարող են մկրտվել, ինչը խնդիրներ է ստեղծելու բազմաթիվ խնդիրներ ունեցող պոլսահայ համայնքում»:
Aravot.am-ի դիտարկմանը, թե Արևմտյան Հայաստանից ժամանած հայերի համար խնդիր է Պոլսո պատրիարքարանից թույլտվություն ստանալը, առավել ևս, որ Արամ Աթեշյանը հրաժարվում է այդ թույլտվությունը տալ, կամ հրաժարվում է մկրտել իսլամացած հայերին, Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանն արձագանքեց. «Նման բան հնարավոր չէ: Յուրաքանչյուր մարդ, ով դիմում է պատրիարքարան, անցնում այդ ընթացակարգը, որևէ հայկական եկեղեցի չէր կարող մերժել: Ինչ վերաբերում է պատրիարքարանին, ապա չեմ կարծում, որ պատրիարքարանը խոչընդոտ է հանդիսանում, որ մարդիկ կարողանան իրենց ինքնությունը վերականգնել»: Հոգևորականը չկարողացավ մտաբերել, թե քանի իսլամացած հայ է մկրտություն ստացել: Մեր հարցին՝ Արևմտյան Հայաստանում ապրող հայերը պատմում են, որ դա գաղտնի է արվում ու վկայական չեն տալիս, հոգևորականը հակադարձեց, թե նման բան չկա:
Մեր այն դիտարկմանը, թե Սփյուռքի նախարարությունից լրիվ այլ բան են պարզաբանում , հոգևորականը պատասխանեց. «Որքան գիտեմ Սփյուռքի նախարարությունը զբաղվում է Հայաստան- Սփյուռք հարցերով: Եվ իբրև Մայր Աթոռի ներկայացուցիչ՝ ևս մեկ անգամ նշեմ, որ տվյալ անձանց ցույց է տրվել ճիշտ ճանապարհը: Թող այդ մարդիկ դիմեն պատրիարքարան, անցնեն այս ընթացակարգը և կարողանան մկրտվել»: Հոգևորականը նաև հերքեց, թե Արամ Աթեշյանը շրջաբերական է տարածել ու մանրամասնեց. «Նման շրջաբերական գոյություն չունի, քանի որ կանոնական առումով արքեպիսկոպոսը չի կարող շրջաբերական տալ հայ եկեղեցու համար, այլ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Անհարկի շահարկվում է նաև Վեհափառի անունը, բայց չի եղել որևէ հեռախոսազրույց, մարդիկ պիտի ազնիվ լինեն ու չընկնեն ավելորդ մեկնաբանությունների մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ