«Եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում հայկական կողմը ապահովեց հրադադարի կատարումը, եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում է, մեկ՝ իջնում: Մեր հարեւանները փորձելու են քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներ շահել»,-այսօր կառավարության նիստում վարչապետին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարի ներկայացմամբ՝ այս պահին Հայաստանի սահմաններում եւ ԼՂՀ շփման գծում իրավիճակը վերահսկելի է, չնայած, որ երեկ հակառակորդի գնդակից մեկ զոհ է եղել: Նախարարը վարչապետին տեղեկացրեց, որ հակառակորդը սկսել է խոշոր հրաձգային զենքից էլ կրակել՝ 60-ից մինչեւ 120 միլիմետր ականանետից: Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ վերջին օրերին մի քանի դիվերսիոն հարձակումների փորձ է արվել, սակայն հայկական կողմից կանխվել է. «Մենք հաստատակամ ենք եւ պարտականությունները գերազանց կատարում ենք: Մենք մեր առջեւ դրված խնդիրները կատարում ենք եւ պատրաստ ենք զսպման համապատասխան մեխանիզմներ ձեռնարկել»,-ասաց պաշտպանության նախարարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ