ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը՝ ՕԵԿ-ի ակտիվության, սահմանադրական բարեփոխումների եւ սահմաններում շարունակվող լարված իրավիճակի մասին:
-Պարոնն Խաչատրյան, ՕԵԿ-ն ու «Հայկական վերածնունդն» ամռան ընթացքում բավական ակտիվորեն աշխատում են բնակչության հետ` նոր մարդիկ ներգրավելով, փորձելով առավել ուժեղացնել դիրքերը: Լինելով կուսակցության Արարատի մարզի պատասխանատու՝ ասում են, որ Դուք ամենաակտիվն եք, վերջերս էլ Վեդի քաղաքում բավական տպավորիչ հավաք եք կազմակերպել, ինչն առիթ է դարձել Ձեր եւ մյուս քաղաքական ուժերի պատասխանատուների միջեւ լարված հարաբերությունների առաջացման:
– Ընդհանրապես, եթե նկատել եք՝ մեզ մոտ աշխատելաոճը տարբերվում է շատերից: Մեր քաղաքական ուժի համար աշխատանքն ու առավել եւս՝ քաղաքական աշխատանքը սեզոնային բնույթ չի կրում, ընտրությունից ընտրություն չի լինում: Մարդիկ ներգրավվում են կուսակցություն, այժմ նաեւ «Հայկական վերածնունդ» ոչ թե մեր գեղեցիկ աչքերի կամ հայտարարությունների համար, այլ ելնելով այն աշխատանքի գնահատականից, որ կատարել է մեր քաղաքական թիմը անցած գրեթե երկու տասնամյակների ընթացքում՝ պարոն Բաղդասարյանի գլխավորությամբ եւ առաջնորդությամբ: Իսկ արված գործերը շատ են, միայն Արարատի, Վեդիի տարածաշրջանում մենք բազմաթիվ հարցեր ենք բարձրացրել եւ լուծում տվել դրանց: Առանձնահատուկ կերպով ուզում եմ առանձնացնել վերջերս լուծված խնդիրներից մեկը, որը վերաբերում է ոռոգման ջրի խնդրին, եւ առաջացրել էր մի քանի համայնքների բնակիչների զայրույթը: Մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ վերակառուցվեց Վեդի-Ուրցաձոր-Ջերմանիս-Մարտունի 20 կիլոմետրանոց ճանապարհը, որը Արարատի մարզը Գեղարքունիքի մարզին կապող ամենակարճ ճանապարհն է: Արարատի մարզի մի շարք համայնքներում, մասնավորապես՝ Վեդի քաղաքում լուծվել է խմելու ջրի հարցը, դեռեւս 2009 թվականին հիմնեցինք եվրոպական չափանիշներին համապատասխան միջին մասնագիտական կրթական հաստատություն: Մենք շատ քաղաքացիների աջակցել ենք սոցիալական, առողջապահական, կրթական տարբեր հարցերում, այս շարքը կարող ենք երկար թվարկել:
Մենք երբեք մարդկանց բերման չենք ենթարկել կուսակցություն, առավել եւս այս պահին՝ «Հայկական վերածնունդ», իսկ եթե մեր շարքերի համալրումից որոշ մարդկանց մոտ ջղաձգումներ են առաջանում, ապա դա իրենց խնդիրն է: Ավելին՝ մենք միշտ աշխատելու ենք ու կաշխատենք նույն ոճով, իսկ աշխատանքը արդյունքներ անպայման կտա, ու եթե մարդիկ միանում են մեզ, կիսում մեր գաղափարները, ապա դա նշանակում է, որ մեր անցած ուղին, մեր քաղաքական կուրսը ճիշտ է եւ արդարացված:
Կարդացեք նաև
Այո, Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, ի հեճուկս որոշների, այսօր արագ տեմպերով համալրվում է: Նախաձեռնությանը միացած հասարակական-քաղաքական կազմակերպությունների թիվը շուտով կանցնի 100-ի սահմանը: Այս կարճ ժամանակահատվածում նման արդյունքը գոհացուցիչ է ու նաեւ գնահատականն է մեր կատարած աշխատանքի: Այստեղ ես չեմ առանձնացնի որեւէ մեկին: Սա թիմային աշխատանք է, որը մենք պատրաստակամ ու մեծ հավատով կատարում ենք: Մենք միշտ ազնիվ ենք աշխատել, ու չնայած դրան՝ բոլորին հայտնի է, թե շատերը ինչ միջոցներով են ձայներ հավաքում, երբ ընտրություններից առաջ մարդկանց ցուցակագրում են, անձնագրեր են հավաքում եւ նյութական խոստումներ են տալիս, իսկ որ ամենացավալին է՝ մեր քաղաքացին, ընտրողը հաճախ ընտրություն է կատարում ոչ թե հանուն իր ապագայի, այլ հանուն վերը նշված նյութական կարճաժամկետ շահի:
– Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հրապարակվեց, այն բավական քննադատության է արժանանում նույնիսկ այն անձանց ու ուժերի կողմից, ովքեր սկզբունքորեն կողմ էին բարեփոխումներին: Ձեզ համար որո՞նք են ամենաէական բացասական մոտեցումները, որոնք արտացոլված են այս փաթեթում:
– Սահմանադրության, այսպես կոչված, բարեփոխումների նախագծում գրեթե չկա մի ոլորտ, որը քննադատության դիմանա: Մենք բազմիցս արտահայտվել ենք այս նախագծի դեմ եւ հստակ ու փաստարկված նշել, որ Սահմանադրության այս տեքստը մեզ համար անընդունելի է: Գրեթե բոլոր գլուխներում անընդունելի բազմաթիվ դրույթներ կան՝ սկսած մարդու իրավունքներից, մինչեւ կառավարման համակարգ: Ցանկացած Սահմանադրություն պետք է կոնկրետ պետության ու հասարակության կյանքում խնդիրներ լուծի, իսկ Սահմանադրության այս նախագիծը ոչ միայն չի լուծում, այլեւ խնդիրներ է առաջացնում: Կամ միգուցե լուծում է խնդիրներ, բայց ոչ թե հասարակության ու պետության, այլ որոշակի նեղ թվով մարդկանց ու ուժերի համար:
– Տարբեր ընդդիմադիրներ խիստ քննադատում են սահմանադրական բարեփոխումների նախագիծը, բայց կարծես միասնական ու համակարգված պայքար չի ուրվագծվում: Ընդդիմադիր գործիչները կրկին իրենց ամբիցիաներն են ցուցադրում` հավանական միավորումը հենց սեփական անձի շուրջ պատկերացնելով: Այս իրավիճակում չե՞ք կարծում, որ իշխանությունը կրկին կհաջողի սահուն անցկացնել իր բարեփոխումը, մանավանդ, որ Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ԵԽ-ն եւ այլ հեղինակավոր եվրոպական կառույցներ կարծես սատարում են գործող իշխանությանը` սահմանադրական բարեփոխումների գործընթացում:
– Ես չգիտեմ՝ ով ինչ ամբիցիա ունի, սակայն մեր միակ ամբիցիան թույլ չտալն է, որպեսզի ունենանք նման Սահմանադրություն: Դրա համար իսկապես շատ ջանքեր կպահանջվեն, ինչու ոչ՝ նաեւ նման կերպ մտածող քաղաքական ուժերի եւ անձանց ջանքերի համախմբում: Իշխանությունը միշտ էլ կձգտի պառակտել ընդդիմությանը, անկախ նրանից՝ նրանք միասնական են, թե առանձին-առանձին: Ժամանակը ցույց կտա, թե ով կշարժվի նեղ քաղաքական ամբիցիաներով, ով՝ ընդհանուր շահերով: Մի բան հաստատ կարող եմ ասել, որ մեր շուրջ այս պահին ունենք բավականին համախմբում եւ պատրաստ ենք ավելի լայն համագործակցության:
Իսկ ինչ վերաբերում է ձեր կողմից նշված միջազգային կառույցների գնահատականներին, ապա ես միանշանակ չէի ասի, որ նրանք կողմ են, սակայն միեւնույն ժամանակ պետք է փաստեմ, որ երբեմն-երբեմն նրանց կողմից նկատում ենք լոյալության դրսեւորումներ իշխանության գործողությունների նկատմամբ: Պետք է նաեւ նշեմ, որ այդ կառույցները շատ հաճախ իրենց եզրակացություններում մանրակրկիտ խորամուխ չեն լինում հայաստանյան իրականության մեջ եւ շատ՝ առաջին հայացքից թվացող մանրուքներ հաշվի չեն առնվում, իսկ սատանան, ինչպես ասում են, մանրուքների մեջ է:
– Ակնհայտ է, որ աշնանը կարող են թեժ քաղաքական զարգացումներ տեղի ունենալ, իսկ դրան զուգահեռ, որպես կանոն, սահմանին միջադեպերի թիվն ավելանում է: Ի՞նչ սպասել այս անգամ Ադրբեջանից: Անցած տարի օգոստոսին, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում էր սահմանամերձ գյուղերը, մի խումբ պատգամավորներ այցելեցին առաջնագիծ: Այս օրերին նման այցելություններ լինո՞ւմ են:
– Ադրբեջանից միշտ էլ պետք է ամենավատը սպասել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքական իրավիճակ է Հայաստանում: Մենք չպետք է մեր զգոնությունը թուլացնենք եւ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք լուրջ ռազմական գործողությունների:
Այո, անցած տարի, երբ սահմանին իրավիճակը լարված էր, տեղի ունեցան մի շարք այցելություններ թե հայ-ադրբեջանական եւ թե ղարաբաղա-ադրբեջանական առաջնային գիծ, ինչը կարծում եմ՝ շատ կարեւոր է խրամատում կանգնած մեր զինվորին ոգեւորելու, բարոյահոգեբանական վիճակն էլ ավելի բարձր պահելու համար: Զինվորը պետք է զգա, որ միայնակ չի: Նման այցելությունները ես կարեւորում եմ, եւ դրանք շարունակական բնույթ են կրում: Այսօր էլ անհրաժեշտության դեպքում մենք այցելում ենք առաջնային գիծ եւ բոլորովին վերջերս նման այցելություն ունեցել ենք:
– Սահմանային միջադեպերը նաեւ առիթ դարձան, որ շուրջ 40 սահմանամերձ համայնքների հարկային արտոնություններ տրվեցին: Ի՞նչ եք կարծում՝ դա բավարա՞ր քայլ է սահմանամերձ տարածաշրջաններում տնտեսական կյանքը ակտիվացնելու, մարդկանց իրենց բնակավայրերում պահելու համար:
– Բնականաբար, իմ պատասխանը բացասական է: Այն, ինչ արվել է, դա ամենաքիչն է, որ պետք է արվեր: Սահմանամերձ համայնքները այսօր ունեն այն բոլոր խնդիրները, ինչ ունեն մյուս համայնքները՝ դրան ավելացրած այն խնդիրները, որ առաջանում են հակառակորդի կողմից այդ համայնքները հաճախակի կրակի տակ պահելու պատճառով: Այսինքն՝ այս համայնքները նաեւ բառիս բուն իմաստով սահման են պահում, հետեւաբար պետք է առանձնահատուկ քաղաքականություն մշակվի եւ իրականացվի դրանց նկատմամբ: Այստեղ պետք է ոչ միայն հարկային արտոնություններ շնորհել, այլ նաեւ առկա խնդիրներին համալիր լուծումներ առաջարկել, որոնք գոյություն ունեն գրեթե բոլոր ոլորտներում: Լուծում տալ ե՛ւ զբաղվածության, ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ առողջապահության ու մնացած բազմաթիվ խնդիրներին: Ցավոք, ինչպես այս, այնպես էլ մյուս ոլորտներում մեզանում բացակայում են հստակ մշակված ռազմավարությունը եւ դա կյանքի կոչող պատասխանատու անձինք:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
12.08.2015
Կեցցեք պարո՛ն Խաչատրյան
միանշանակ իրավացի եք և ջղաձիգ մարդկանց վրա ուշադրություն պետք չէ դարձնել, նրանց մոտ նախանձը դեպի ՕԵԿ մոլուցք է…