Իրանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում իրանական գազը միջազգային շուկաներ արտահանելու շուրջ
Իրանը եւ Հայաստանը Թեհրանում օրերս ստորագրել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման նոր պայմանագիրը: Իրանական կողմից պայմանագիրը ստորագրել է Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադին, իսկ հայկական կողմից` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը: Ըստ «Iran Daily»-ի` պայմանագրի համաձայն՝ իրանական կողմը կտրամադրի ծրագրի ֆինանսավորման համար նախատեսված 117,6 միլիոն դոլար գումարի մի մասը՝ 90,5 միլիոն դոլարը, իսկ շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 18 ամսվա ընթացքում: Նոր էլեկտրագծի շնորհիվ Հայաստանի եւ Իրանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը ներկայիս 300 մեգավատից կհասնի մինչեւ 1000 մեգավատի: Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը նշել է, որ հայ-իրանական 3-րդ էլեկտրագիծը նաեւ կմիանա Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերին, ու հավելել. «3-րդ էլեկտրագիծը հնարավոր կդարձնի, որ Իրանի էներգետիկ համակարգերը Վրաստանի եւ Հայաստանի միջոցով միանան Թուրքիայի էներգետիկ համակարգին»:
Իրանի նկատմամբ տարածաշրջանի երկրների հետաքրքրությունն աննախադեպ է: Վրաստանի եւ Իրանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում Թբիլիսին: Ըստ վրացական ԶԼՄ-ների` Վրաստանի խորհրդարանն օրերս մամլո հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում էր Թեհրան կատարած Վրաստանի խորհրդարանական պատվիրակության աշխատանքային այցին: «Իրանական կողմը կարծում է, որ ներկայում Իրանի ու Վրաստանի միջեւ տարեկան 200 մլն դոլարանոց առեւտրաշրջանառությունը մոտակա տարիներին կարող է 10 անգամ ավելանալ՝ մինչեւ տարեկան 2 մլրդ դոլար»,- նշվել էր հաղորդագրությունում: Վրացական եւ իրանական կողմերը քննարկել էին նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի առեւտրի հարցեր, Վրաստանի տարածքով դրանց տարանցման հնարավորությունները:
Իրանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Հնդկաստանը, որը ծրագրում է ակտիվորեն ներդրումներ կատարել Իրանի ենթակառուցվածքներում, երբ վերացվեն այդ երկրի դեմ սահմանված պատժամիջոցները։ Հնդկաստանը ցանկանում է իր ապրանքների համար նոր ճանապարհ բացել դեպի Եվրոպա: Թեհրանը հույս ունի, որ Ճապոնիան կվերականգնի իրանական նավթի ներկրման նախկին ծավալը: Ըստ Ghall.com.ua-ի՝ խոսքը այն մակարդակի մասին է, որը գոյություն է ունեցել մինչեւ պատժամիջոցների սահմանումը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն, որը Թեհրանում հանդիպել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի ու արդյունաբերության փոխնախարարի հետ:
Կարդացեք նաև
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իտալական Eni-ի Versalis քիմիական ընկերությունը Իրանի հետ նավթաքիմիական պայմանագիր է ստորագրել։ Իրանական ազգային նավթաքիմիական ընկերությունը (NIPC) հայտնել է, որ Versalis-ը եվրոպական առաջին ընկերությունն է, որի հետ պայմանագիր է ստորագրվել հուլիսի 14-ին Վիեննայում ձեռք բերված միջուկային համաձայնագրից հետո։ Versalis-ը Իտալիայի խոշորագույն քիմիական ընկերությունն է։ Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին եւ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ֆեդերիկա Գուիդին մեկնել էին Իրան եւ հանդիպել իրանցի նախարարների հետ։ Այդ հանդիպումներում քննարկվել էին Իրան իտալական ընկերությունների վերադարձի ու ներդրումներ անելու հարցերը։
Բացի այդ, Իրանը մտադիր է ավելացնել ոսկու արդյունահանումը՝ հասցնելով տարեկան մինչեւ 10 տոննայի: Ըստ ISNA-ի` երկրում հայտնաբերվել է մոտ 1.2 հազար վայր՝ թանկարժեք մետաղի հավանական առկայությամբ: Իրանի երկրաբանության եւ օգտակար հանածոների կազմակերպության ղեկավարի տեղակալ Բեհրուզ Բոռնան նշել է, թե ընդհանուր առմամբ հայտնաբերվել են ոսկու պաշարներով 21 նահանգներ, իսկ հաստատված պաշարները գնահատվում են 340 տոննա:
Ինչ վերաբերում է Իրանի` այլ երկրների հետ հարաբերություններին, ապա France Presse-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է օգտվի իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պատմական համաձայնագրից՝ Իրանի ժողովրդի արժեքավոր վստահությունը շահելու համար: «ԱՄՆ-ի նախկին իշխանությունները չեն օգտվել լավ հնարավորություններից։ Ավելի լավ կլինի օգտվել պատմական այս իրադարձությունից՝ նվաճելու համար Իրանի ժողովրդի արժեքավոր վստահությունը, որը տասնամյակներ շարունակ տուժել է ԱՄՆ-ի ագրեսիվ քաղաքականությունից»,- ասել է Զարիֆը։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրեր առաջ նկատեց, որ եթե տապալվի Իրանի հետ գործարքը, ապա կխաթարվի վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ՝ որպես միջազգային դիվանագիտության առաջնորդի։
Միաժամանակ Իրանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունների են սպասում Թուրքիան, Ռուսաստանը: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին սպասում են Մոսկվայում, սակայն առայժմ այցի ստույգ ժամկետը հայտնի չէ: Օրերս պետք է կայանար Իրանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա, սակայն այն, ըստ Haberler.com-ի, հետաձգվել է։ Այս այցը համարվում է առանցքային, քանի որ Զարիֆը Թուրքիայի իշխանությունների հետ քննարկելու է տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ։
Մինչ Հայաստանում դեռ քննարկում ու գնահատում են Իրանի հետ փոխհարաբերությունները ամրացնելու հնարավորությունները, Ադրբեջանը Իրանի ուղղությամբ կոնկրետ քայլեր է իրականացնում: Իրանական Mehr գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները ծրագրում են ապասառեցնել երկրում սառեցված 120 միլիոն դոլարի իրանական ակտիվները։ Այս տեղեկությունը հայտնել է Իրանա-ադրբեջանական առեւտրային-տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Մեհդի Մոհթաշամին` հավելելով. «Թեհրանում ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ երկու երկրները համաձայնության են եկել 500 միլիոն դոլարի իրանական ակտիվների մի մասի ապասառեցման շուրջ, որը կուղղվի երկու երկրների միջեւ առեւտրի զարգացմանը»։
Օրերս հրապարակվեց մեկ այլ ուշագրավ տեղեկություն: Իրանական ISNA գործակալության փոխանցմամբ` Իրանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում իրանական գազը համատեղ միջազգային շուկաներ արտահանելու շուրջ: Այս տեղեկությունը հայտնել է Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Ալիռեզա Քամելին: Նրա խոսքով՝ իրանական գազը Եվրոպա արտահանելու հարցով Իրանը ներկայումս լուրջ բանակցություններ է վարում «Ադրբեջանի նավթային պետական ընկերության» հետ: Խոսքը, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարով արտահանելու մասին է: Միաժամանակ, իրանական նույն գործակալությունը տեղեկացրել է, թե վերջերս Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆայեւի` Թեհրան կատարած այցի ժամանակ Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին նշել է, թե նավթն արտահանելու համար Իրանը կարող է օգտագործել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:
Իսկ ավելի վաղ Թեհրանում Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաեւի հետ հանդիպմանը Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Բիժան Զանգանեն նշել էր, թե Իրանը պատրաստ է ադրբեջանական նավթի սվոփային (առեւտրային ֆինանսական փոխանակային գործարք) մատակարարումներ իրականացնել Պարսից ծոցի տարածաշրջան։ Վերջինիս հավաստմամբ` ադրբեջանական նավթը կարող է Կասպից ծովում գտնվող իրանական Նեկա նավահանգստից խողովակաշարով տեղափոխվել Թեհրանի նավթավերամշակման գործարան, իսկ փոխարենը Ադրբեջանը նավթ կստանա Իրանի հարավային սահմաններում։
Ի դեպ, հետաքրքրական էր մեկ ուրիշ տեղեկություն. վերջերս բեռնարկղեր փոխադրող առաջին փորձնական գնացքը, հաղթահարելով ավելի քան 3500 կիլոմետր, Չինաստանից անդրկասպյան երթուղով ժամանել է Ադրբեջան։ Գնացքը Չինաստանից դուրս է եկել հուլիսի 28-ին եւ 5 օրից հասել է Ադրբեջան։ «Ղազախստանի երկաթուղիներ» ընկերության նախագահ Ասկար Մամինը նշել է, որ անդրկասպյան երթուղին ունի վիթխարի պոտենցիալ, որը Ղազախստանն ու Ադրբեջանը կվերածի Ասիայի ու Եվրոպայի միջեւ տարանցիկ կամրջի։ Նա նաեւ հավելել է, որ Չինաստանից Ղազախստանի միջոցով դեպի Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա ձգվող երթուղին կնպաստի Ղազախստանի արտահանման ու տարանցիկ պոտենցիալի ընդլայնմանը, ինչպես նաեւ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու մրցունակության աճին։
Պաշտոնական Թեհրանն առաջին քայլերն է իրականացնում իր նավթն ու գազը արտահանելու ուղղությամբ: Դատելով Իրանի պաշտոնատար անձանց հայտարարություններից` առաջիկա երեք տարում Իրանը կտրուկ ավելացնելու է գազի արդյունահանումը:
Իրանական նոր բացված «պատուհանի» հնարավորությունների, «Մետաքսի ճանապարհի»` Հայաստանի մասնակցության ծրագրերի մասին քննարկումները չեն կարող երկար տեւել` հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ շտապողականությունը: Ժամանակն է, որ Հայաստանը տարածաշրջանային ավելի նախաձեռնողական քաղաքականություն վարի` տարածաշրջանային նոր ծրագրերից չմեկուսանալու նպատակով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.08.2015