Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի երազանքը, ձախորդ ընդդիմությունն ու Վենետիկի հանձնաժողովն՝ իր ադրբեջանցի փորձագետով

Օգոստոս 13,2015 12:03

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանը որոշ դեպքերում ավելի ազնիվ է, քան ընդդիմությունը

Ներկայիս ռեժիմի հավերժ վերարտադրություն». ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով՝ այս խնդիրն է լուծում Սահմանադրության նախագիծը: Որոշ ընդդիմադիրներ վստահեցնում են, որ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից առաջ քաշված կեղծ օրակարգ է՝  2017-2018-ի ընտրություններից շեղելու նպատակով: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Աթանեսյանն արձագանքեց. «Ընդդիմադիրները չգիտեմ՝ ինչով են զբաղված: Ի՞նչ ընտրություն: Երբեւէ ընտրություն տեսե՞լ է այս ժողովուրդը: Ե՞րբ են կարողացել այդ ամեն ինչը կանխել: Ժողովուրդը իրենց կողքին է եղել, ձախորդաբար այդ բոլոր հնարավորությունները բաց են թողել: Սեփական ձախորդությունը բարդել իշխանությունների եւ  ժողովրդի համախմբված չլինելու վրա, կներեք, դա պատիվ չի բերում: Ի՞նչ ընտրություն, երբ մարդն ասել է՝ ինչ կուզենք՝ կխփենք, այդպես էլ անում է: Ինքը ավելի ազնիվ է այդ դեպքում, քան  ցանկացած ընդդիմադիր: Ընտրություն այս երկրում չի եղել եւ չի լինելու միանշանակ»:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի՝ սահմանադրական նախագծի հետ կապված առաջարկներին՝ Տիգրան Աթանեսյանն ասաց. «Ինքը աշխարհի վերջը չի: Եվրոպական շատ լուրջ համալսարաններ առհասարակ լուրջ չեն համարում այդ հանձնաժողովը: Չեմ ասում՝ անլուրջ հիմնարկ է, բայց դա ընդամենը խորհրդատվական մարմին է, որի կարծիքը պետք է լսել: Հանձնաժողովում կա ադրբեջանցի փորձագետ, հիմա ի՞նչ, իր կարծիքն է՞լ պետք է լսենք, կամ, ասենք, Թուրքիայի, Ալբանիայի իրավաբանները ինչո՞ւ պետք է խորհուրդ տան, թե ես իմ երկրում ոնց ապրեմ: Դա ընդամենը խորհրդատվական մարմին է, դոգմա չէ, պետք չի հիմք ընդունել, ուրախանալ կամ տխրել: Ընդամենը մի կարծիք է, ասում են: Մենք էլ ունենք նորմալ իրավաբաններ, որոնք կարող են ասել՝ մենք հակասո՞ւմ ենք եվրոպական իրավունքին, թե՞ ոչ: Հիմա հանձնաժողովն էլ է մի բան ասում: Ասեց՝ ասեց, դա ընդամենը շարքային մի կարծիք է, Վենետիկի հանձնաժողովը չի ապրելու այստեղ, իրենց կարծիքն ինձ առհասարակ հետաքրքիր չէ: Մենք ենք տանջվելու այդ Սահմանադրության ձեռը»:

Որքան էլ իշխանությունները վստահեցնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ չի լինելու, ԱԺ նախագահ չի լինելու, Տիգրան Աթանեսյանը չի հավատում, որ նա իր ձեռքից բաց կթողնի իր լծակները. «Ո՞նց բաց կթողնի նման լծակները»: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հավաստիացումներին, ըստ Տիգրան Աթանեսյանի՝ «այնտեղ սեփական կարծիք ունեցող չկա, իրենց արգելված է ունենալ»:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննադատողներին իշխանությունները մեղադրում են նրանում, որ տեքստը չեն կարդում ու չեն մտնում բովանդակային քննարկման մեջ: Ասում են՝ վատն է ու վերջ: Փաստաբանի խոսքերով՝ «Եթե մտնում ես բովանդակային քննարկման մեջ, ուրեմն ինչ-որ մի բան սկզբունքորեն ընդունում ես եւ սկսում ես աշխատել այդ ամենի վրա: Հետեւաբար, բովանդակային քննարկումն իրենց երազանքն է, ու չի կատարվի, ամեն դեպքում՝ ինձ համար: Իսկ կարդալ իրենք չգիտեն, ես շատ էլ լավ կարդում եմ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31