Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դերենիկ Գաբրիելյան. «Համահայկական խաղերը համահայկական միասնականության վառ դրսեւորում է»

Օգոստոս 13,2015 13:59

 

Համահայկական 6-րդ ամառային խաղերը թե մարզաձեւերի, թե մասնակիցների քանակով ռեկորդային է: Ու չնայած դրան՝ մրցումներն ընթանում են կազմակերպված, ինչը մրցավարական գլխավոր հանձնաժողովի եւ մրցումները սպասարկող մրցավարների պրոֆեսիոնալիզմի արդյունք է:

«Առավոտը» զրուցել է Խաղերի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյանի հետ:

– Պարոն Գաբրիելյան: Դուք միջազգային ամենաբարձր մակարդակի մրցումներ սպասարկելու հսկայական փորձ ունեք: Բայց այլ բան է համալիր մրցումների մրցավարությունը կազմակերպելն ու իրականացնելը: Դժվար չէ՞:

– Հեշտ չէ, բայց բոլոր 17 մարզաձեւերի սպասարկմանը ներգրավել ենք  մեր բոլոր լավագույն մասնագետներին: Այս անգամ մրցումներն ընթանում էին ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում, Աբովյանում եւ Ստեփանակերտում: Բնականաբար, դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն էր մրցավարական գլխավոր հանձնաժողովի համար: Պետք էր մշտական կապի մեջ լինել բոլորի հետ, հընթացս կարգավորել եւ լուծել առաջացող հարցերը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք տեղերում աջակցել են Համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացմանը՝ մարզպետարաններին եւ քաղաքապետարաններին, ազգային ֆեդերացիաներին, սպորտի եւ երիտասարդության նախարարությանը, ՀԱՕԿ-ին, ՀԽՀԿ-ի բոլոր անդամներին, իմ գլխավորած գլխավոր մրցավարական հանձնաժողովի անդամներին, որոնք միասնական աշխատում են վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր: Սա նաեւ համահայկական միասնականություն է:

– Մասնակիցներից եւ պատվիրակություններից դժգոհություններ կամ բողոքներ չե՞ն եղել:

– Առանց դրա աշխարհում ոչ մի մրցում չի լինում: Իհարկե, թեկուզ քիչ, եղել են, այն էլ՝ հիմնականում նախնական փուլերում, երբ մասնակից թիմերի պրոֆեսիոնալիզմը այն չէ: Եվ երբ մրցավարական հանձնաժողովում մանրամասն ուսումնասիրել ենք դրանք, պարզվել է, որ իրենք են սխալ մեկնաբանել կատարվածը, մրցավարները ճիշտ են գործել: Բոլոր դեպքերում մենք հրավիրում ենք հայտ ներկայացնողներին, բացատրում օրենքները, կարգը, իրականությունը եւ նրանք համոզվում են, որ մրցավարական կողմնակալություն կամ դիտավորություն չի եղել: Այս առումով Համահայկական խաղերի մասնակից բոլոր պատվիրակությունների ներկայացուցիչներին կհորդորեի՝ պարզապես գալուց առաջ ավելի խորն ուսումնասիրել կանոնադրությունը եւ օրենքները:

Խաղերն արդեն թեւակոխել են ավարտական փուլ: Ասպարեզում մնացել են բարձրակարգ թիմերը, որոնց պայքարն սպասարկելն էլ ավելի դժվար է ու ավելի պատասխանատու: Բայց վստահ եղեք, որ մրցավարները բարձրակարգ ու բազմահմուտ պրոֆեսիոնալներ են: Այնպես որ, ոչ մի մարզաձեւում ու ոչ մի հանդիպմանը որեւէ կողմնապահություն չի լինելու:

– Մրցավարները միայն Հայաստանի՞ց են:

– Մենք բոլոր պատվիրակություններին խնդրել ենք, որպեսզի իրենց հետ նաեւ մրցավարներ բերեն: Բայց ոչ բոլորն են կարողացել: Մարզաձեւեր կան, որտեղ շատ բարձր մակարդակի պայքար է ծավալվում հենց նախնական փուլից: Օրինակ, տղամարդկանց բասկետբոլը: Այստեղ, իսկապես, նաեւ բարձր մակարդակի մրցավարություն պետք է ապահովել: Դրա համար ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար եւ մեր բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեդերացիայի միջոցներով Վրաստանից, Ղազախստանից, Իրանից հրավիրել է միջազգային կարգի մրցավարներ, որոնք այստեղ են առաջին օրվանից եւ առաջին օրվանից էլ աշխատում են: Ես գոհ եմ մեր ֆուտբոլի ֆեդերացիայից, որը սիրով տրամադրել է ոչ միայն խաղադաշտերը, համապատասխան գույքը, այլեւ ապահովել բարձրակարգ մրցավարներով՝ միջազգային կարգի մրցավար Կարեն Նալբանդյանի գլխավորությամբ:

Վերջին երկու օրերին, երբ մասնակիցների համար արդեն մեդալներն են տեսանելի, այլ բնույթի դժգոհություններ են ի հայտ գալիս, որոնք գլխավոր մրցավարական հանձնաժողովի իրավասություններից դուրս են: Հատկապես պարտվող թիմերը սկսում են կասկածել մրցակից թիմի կազմում հանդես եկած այս կամ այն անդամի հայ լինելու հարցում, ինչը Խաղերի պարտադիր պահանջ է:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31