Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանից էլ ունենք չվերթ դեպի Եգիպտոս

Օգոստոս 13,2015 16:47

Բայց տեսնես՝ ինչո՞ւ են մեր զբոսաշրջիկները նախընտրում թռչել Թբիլիսիի օդանավակայանից

Արձագանքելով Aravot.am-ի օգոստոսի 4-ի՝ «Հայաստանի երկինքն ուղղակի իմաստով բաց կմնա, բյուջեն էլ՝ դատարկ» հրապարակմանը, որտեղ մասնավորապես անդրադարձել էինք մեր զբոսաշրջիկների՝ դեպի Եգիպտոս հոսքին, որոնք, սակայն, ոչ թե Հայաստանից են մեկնում, այլ Թբիլիսիի օդանավակայանից՝ այդպիսով հարստացնելով Վրաստանի բյուջեն, «Օլտուրս» ընկերության, որը մեր երկրում հանդիսանում է տուրօպերատոր, վաճառքի բաժնի մենեջեր Անգելինա Շահինյանն ասաց, որ «Օլտուրս»-ն արդեն երրորդ սեզոնն է՝ աշխատում է հայկական շուկայում եւ այս տարվանից էլ սկսած՝ «Զվարթնոց» օդանավակայանից իրականացնում է չվերթներ դեպի Եգիպտոս:

Մեր զրուցակցի խոսքերով՝ պահանջարկ կա նաեւ Հայաստանից. «Վերջերս շատ է խոսվում, որ Հայաստանի Հանրապետության ավելի շատ քաղաքացիներ են իրենց արտերկրի ճամփորդությունները դեպի Եգիպտոս, Հունաստան, Բուլղարիա կազմակերպում Թբիլիսիից, բայց կանգ առնենք մասնավորապես Եգիպտոսի վրա, քանի որ այն մեր ընկերության հիմնական ուղղությունն է: Լինելով վրացական ընկերության մասնաճյուղ՝ արդեն 3-րդ սեզոնն է՝ աշխատում ենք հայկական շուկայում: Պետք է նշեմ, որ երկու տարի աշխատելով հայկական շուկայում՝ ՀՀ քաղաքացիներին ուղարկել ենք Եգիպտոս, Անթալիա, Հունաստան Թբիլիսիից, բայց այս տարի մեր ընկերությունը որոշել է փոխել մարտավարությունը եւ ռիսկի դիմելով՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից ուղիղ չարտերային չվերթ է բացել դեպի Եգիպտոսի Հուրգադա հանգստավայր: Սկզբում չվերթները ծրագրված էին մինչեւ օգոստոսի վերջը, բայց երկու չվերթներից հետո որոշեցինք ժամկետը երկարացնել մինչեւ սեպտեմբերի վերջը: Ուզում եմ ընդգծել, որ հենց մեր ընկերությունն է, որ հանդիսանում է տուրօպերատոր, մնացած տուրընկերությունները հանդիսանում են տուրգործակալներ, որոնք իրացնում են տուրփաթեթները զբոսաշրջիկներին: Իրականացնելով չվերթներ դեպի Եգիպտոս Թբիլիսիից եւ այս պահին էլ նաեւ Երեւանից՝ մենք այն վառ օրինակն ենք, որը թույլ է տալիս ասելու, որ հայկական շուկան հրապուրիչ է եւ բաց է»:

Որպես Թբիլիսիի օդանավակայանից թռչելու հիմնական պատճառ նշել էինք տուրփաթեթների եւ ավիատոմսերի թանկ լինելը, որը Հայաստանից մեկնելու դեպքում էական տարբերություն է տալիս հատկապես, եթե հանգստանալու ես մեկնում ընտանիքով:

Այս առնչությամբ Անգելինա Շահինյանն արձագանքել է. «Տուրիզմը բիզնեսի շատ ճկուն ոլորտ է. տուրփաթեթի արժեքը կախված է հյուրանոցների եւ ավիատոմսի գներից: Քանի որ ամեն մի տուրկազմակերպություն հանդիսանում է մասնավոր ընկերություն, հենց նա էլ որոշում է՝ ինչ գին պետք է ունենա  ավիատոմսն այս կամ այն ուղղությամբ, եւ միայն առողջ մրցակցությունը կնպաստի ավիատոմսի գնի իջեցմանը: Ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհում՝ եթե կա պահանջարկ, բնականաբար, ամեն մի ընկերություն ցանկանում է շատ վաստակել, այդ պատճառով էլ տոմսերի գները բարձր են: Եթե մեր քաղաքացիների վիճակն անմխիթար լիներ, որպեսզի բոլորը գնային Թբիլիսիից թռչելու՝ ես չեմ կարծում, որ այդ քանակությամբ չարտերային չվերթներ երկար կյանք կունենային մեր ոչ այնքան մեծ երկրում: Մեր շուկան ներկայումս բաց է տուրօպերատորների եւ ավիաընկերությունների համար»:

Ի դեպ, Հայաստանի օդանավակայանից դեպի Եգիպտոս չվերթը միայն Հուրգադա հանգստավայր է, մինչդեռ մեր հայրենակիցներից շատերը նախընտրում են Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստավայրը:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31