Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

60-ն անց մնջախաղացները նշեցին իրենց թատրոնի 40-ամյակը

Օգոստոս 13,2015 15:54

1970-ական թվականների Երեւանի մնջախաղի թատրոնի հիմնադիր կազմի արտիստները, որոնց տարիքն արդեն «պտտվում» է 60-ի շուրջը, պարբերաբար, հատկապես իրենց թատրոնի համար հոբելյանական տարեթվերին հավաքվում են Երեւանում։ Տարիները «տարիքավոր» մնջախաղացներին ցրել է աշխարհով մեկ եւ տարել տարբեր զբաղվածության ոլորտներ։ Մնջախաղացներից, ովքեր Երեւանում են, օրերս շտապել էին բաց չթողնել առիթն ու հավաքվել էին նշելու իրենց թատրոնի 40-ամյա հոբելյանը։ Իր տեսակով այս «բացառիկ» իրադարձությանը ներկա էր նաեւ «Առավոտը»։

Միանգամից սիրո, կարոտի ու հիշողությունների շունչը թեւածեց օդում, եւ կարծես Հայաստանում «լուռումունջ» այս արվեստի հիմնադիրները միմյանց հերթ չտալով՝ սկսեցին հիշել 70-ականների հյուրախաղերը, բեմական արկածներն ու թատրոնի հիմնադրման հետ կապված դժվարությունները։ Նրանք ոգեւորությամբ էին փաստում հատկապես հյուրախաղերը, որոնց շնորհիվ հանդիպել էին անվանի արվեստագետների, այդ թվում՝ Արկադի Ռայկինին, Վիլյամ Սարոյանին, Լեոնիդ Ենգիբարյանի ուսուցիչներ Սլավսկուն ու Նեմիրովսկուն։ Հատկանշական է, որ մնջախաղացներն ունեցել են իրենց մականունները, այսպես. Լեւոն Իվանյանը՝ Բոնի, Ռոբերտ Ծատուրյանը՝ Ջոնի, Ստեփան Պողոսյանը՝ Ֆերնո, Արմինե Նալբանդյանը՝ Արմի, Կարինե Շահինյանը՝ Կարա, Հասմիկ Ասլանյանը՝ Հասո, Բաբկեն Թումանյանը՝ Բաբո, Զորիկ Համբարձումյանը՝ Զոզո։ Անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ չհնչեցին  մնջախաղացներ՝ հմայիչ Նունե Օգանեզովայի եւ նրա ամուսնու՝ Լեւոն Հովսեփյանի մականունները։   ՝

mnjaxaxacner mecacac

Մնջախաղացների 40 տարիների հիշողությունները հասկանալի պատճառով չենք կարող «տեղավորել» մեկ հոդվածում, բայց դրանցից մեկ-երկու ուշագրավների հետ սիրով կծանոթացնենք։

Արտիստներն իրարից խոսք փախցնելով՝ հիշում էին, թե ինչպես Ռուբեն Հախվերդյանն իր առաջին երգերի «պրեմիերան» ներկայացնում էր թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ Արսեն Փոլադովի վարձով տանը։ Փորձերից հետո էլ հավաքվում էին Փոլադովի տանը եւ մինչեւ ուշ գիշեր մտքեր փոխանակում, բանավիճում… Կատակում էին, թե դեռ տուն չհասած՝ արդեն շտապում էին փորձի։ Վաստակաշատ դերասանները նշեցին նաեւ, որ իրենց ղեկավարը մեկ-երկու անգամ Հախվերդյանին հրավիրել է մնջախաղի թատրոնի հետ հյուրախաղերի, որտեղ հախվերդյանական երգերի ներքո հանդես էին գալիս մնջախաղային համարներով։ Ասացին, թե նույնիսկ մեկ անգամ առիթ է եղել ամբողջական համերգ ունենալ, որի հայտագրում գրված էր՝ «Երեւանի մնջախաղի վոկալ-գործիքային անսամբլի ելույթը»։

Ի դեպ, չգիտես ինչու, մնջախաղացների այս հավաքը վարող Բոնին հենց սկզբից՝ առանց մանրամասնելու, ասաց, թե սա «դինոզավրերի հավաք» է։ Նշենք, որ նա իր խոսքով, հիշողություններով հերթ չէր տալիս երբեմնի գործընկերներին։

Ուրախ, զվարթ, կատակներով հագեցած այս ոչ պաշտոնական հոբելյանական հավաքը ունեցավ նաեւ «մինորային շեղումներ». մնջախաղացները հիշեցին արդեն երկնային կյանքով ապրող իրենց գործընկերներին՝ Մակիչին, Ռուզանին, Խաժակին եւ իհարկե՝ Մնջախաղի թատրոնի հիմնադիր ու 20 տարիների գեղարվեստական ղեկավար Արսեն Փոլադովին։

«Առավոտի» հարցին, թե՝ այսօրվա Երեւանի մնջախաղի պետական թատրոնի հոբելյանը նաեւ իրե՞նցն են համարում, մնջախաղացները «խորով» տվեցին հակիրճ պատասխան՝ միանշանակ։

Ի դեպ, մնջախաղային շարժումը Հայաստանում սկիզբ է առել 1969թ.-ին, իսկ պրոֆեսիոնալ թատրոնի կարգավիճակ ստացել 1974թ.-ին: Մի հետաքրքիր դիտարկում. Երեւանի պետական մնջախաղի թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ Ժիրայր Դադասյան) իր 40-ամյակը նշեց 2014թ.-ին, իսկ հիմնադիր կազմը՝ ընդամենը վերոնշյալ հավաքով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31