Aravot.am-ը Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում այսօր հրապարկված Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքներից ո՞րն էր հատկապես նորություն իրենց համար:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիի 102-րդ ռազմաբազայի տարածքում քննվեց Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, եւ ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը, ու նրան այս հոդվածներով դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: «Պաշտոնապես որեւիցե ցուցմունքի ծանոթ չենք եղել, քանի որ իրավունք չունեինք ծանոթանալու, բայց, ընդհանուր առմամբ որոշակի տեղեկությունների տիրապետում էինք ցուցմունքների հետ կապված՝ մասնավորապես, թե ի՞նչ նպատակով է ներս մտել, ի՞նչ եղանակով եւ այլն: Մի քանի հանգամանքներ կային, որոնք որ այս պահի դրությամբ մեզ հայտնի չէին, օրինակ՝ այն տեղեկատվությունը, որ ինքը նախապես սվին-դանակը ասենք ամրացրել էր ինքնաձիգին, նոր մտել ներս: Էն, որ ներսում ինքը փորձել էր փնտրել թանկարժեք իրեր ու գումար, փնտրելու հանգամանքը, համենայն դեպս, հայտնի չէր եւ բավական հետաքրքական էր:
Որոշակի հստակեցումներ եղան նաեւ ժամերի հետ կապված, թե որ ժամին է լքել զորամասը, երբ է մտել Ավետիսյանների տուն, հիմնական, մոտավոր ժամանակները եւ ինչքան ժամանակ է գտնվել, ինչ գործողություններ է արել՝ չնայած որ փորձեցին շրջանցել, տանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ցուցմունքները չհրապարկել, բայց գոնե այս տվյալները մենք այս պահին ունենք: Ինչքան գիտեինք, որ իր նպատակը եղել է սահմանը հատի, որ տեղափոխվի Թուրքիայով Ռուսաստանի Դաշնություն, էս պահին միանշանակ պարզ դարձավ, որ բուն նպատակը սահմանը հատելն է եղել:
Փորձենք հետագայում անդրադարձ կատարել հենց սահմանը հատելու վերաբերյալ մեր նախկին դիրքորոշմանը: Նախկինում պնդում էինք, որ պետք է էդ հոդվածով քրեական հարուցվի, այսինքն ի վերջո եղել է նպատակը, նպատակը իրականացնելուն ուղղված գործողությունները կատարել է սահմանը հատելու եւ էս պահին պետք է էդ հարցը միանշանակ քննարկման առարկա դարձնի հայկական կողմը իրականացվող քննության շրջանակներում», ասաց Երեմ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Հարցին՝ ճիշտ է, փաստաբանները տպավորություններով չէ, որ պիտի առաջնորդվեն, այդուհանդերձ Պերմյակովին տեսնելիս ի՞նչ տպավորություն ստացաք, արդյո՞ք նա կկարողանար միայնակ 7 հոգու գազանաբար սպանել, փաստաբանն ասաց. «Դուք լավ նշեցիք, որ տպավորություններով դժվար է խոսել, փորձը ցույց է տալիս, որ նման հանցագործությունը մեկ անձը հնարավորություն ունի կատարելու:
Կոնկրետ այս պայմաններում միայանա՞կ է, թե՝ ոչ, ընդհանրապես ոչ մի բան չեմ կարող ասել մինչեւ քրեական գործի ամբողջ ծավալին չծանոթանամ, բայց տեսականորեն մեկ հոգին կարող է նման հանցագործություն կատարել, հատկապես Ավետիսյանների տան դասավորվածության պայմաններում, որը որ իրար շարունակությամբ գտնվող սենյակներ ունի: Այսինքն` յուրաքանչյուր սենյակից հաջորդ սենյակի մուտքն է, բայց կոնկրետ իր պարագայում արել է միայնակ, թե ՞ոչ, էս պահին պատասխան տալ չեմ կարող», – ասաց փաստաբանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ