Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե՛ դատավարությունը, թե՛ Պերմյակովի պահվածքը արտառոց էին». Լուսինե Սահակյան (Տեսանյութ)

Օգոստոս 12,2015 21:00

Aravot.am-ի հետ զրույցում գազանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը, անդրադառնալով Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում տեղի ունեցած այսօրվա դատավարությանը, որով նա մեղադրվում է զենքով դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու հոդվածներով, ասաց.

«Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, մենք դեռեւս իրավունք չունենք նախաքննական նյութերին ծանոթանալու: Պերմյակովի ցուցմունքներին մենք ծանոթ չէինք, այսօր առաջին անգամ լսեցինք նրա ցուցմունքները: Քանի որ դրանք հրապարակվեցին մասնակի, եւ ամբողջական չէին. ըստ էության այն հատվածները, որոնք առավելապես մեզ հետաքրքրում են, դրանք չընթերցվեցին՝ նկատի ունենալով, որ իբրեւ գործը հանձնվել է հայկական կողմին, ուստի չեն հրապարակում:

Չնայած ես ձեզ ասեմ, որ դատավարության ընթացքում, ճիշտն ասած, շատ արտառոց իրավիճակ էր, կարծես բոլոր կողմերը համաձայնեցված արագ դատավարություն էին անում: Համենայնդեպս ինձ համար շատ անծանոթ գործընթաց է սա, հրապարակվում են ինչ-որ մասեր, ընդ որում որոշ դեպքերում հրապարակվում են երրորդ դեմքով, այսինքն` ակնհայտ երեւում է, որ նրանք սեղմած են հրապարակում ցուցմունքները: Եւ ուղղակի չէին ընթերցում ցուցմունքները, մի մասը ընթերցում էին, մի մասը երրորդ դեմքով էին հրապարակում, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք, ըստ էության, կոնսպեկտից էին քաղում:

Ցուցմունքերում կային հակասություններ, բայց ասեմ, որ մենք բավական լուրջ տվյալներ ստացանք, որոնք այս փուլում ես չեմ հրապարակի, սակայն կային տվյալներ, որոնք շատ հետաքրքրական էին,հետագայի համար մենք, անպայման, դրանք կօգտագործենք: Եւ հետարքրքական է նաեւ, թե այդ մասերը արդյո՞ք տրամադրվել են հայկական կողմին, թե՝ ոչ:

Այո, ցուցմունքները պետք է որ տրամադրած լինեն, սակայն կային տվյալներ գործի, որոնք սպանության մասին չէին վերաբերվում, սակայն էական նշանակություն ունեին սպանության մասով: Հայկական կողմը, երբ մեզ տրամադրի նյութերը, մենք կտեսնենք արդյոք ամբողջակա՞ն են, թե ոչ, եթե ամբողջական նյութերը տրված չլինեն հնարավոր է միջնորդություն ներկայացնենք, որ դրանք ամբողջական ստանանք, որովհետեւ դրանք էական նշանակություն ունեն»:

Հարցին, թե ինչպիսի՞ն էր Պերմյակովի պահվածքը փաստաբանի գնահատմամբ, մեր զրուցակիցն ասաց. «Արտառոց պահվածք էր, տպավորություն էր, թե ընդհանրապես իր դատավարությունը չէ, որովհետեւ շատ անտարբեր էր: Այո, ինչպես նկատեցիք, շատ դեպքերում քնում էր նույնիսկ: Ընդհանրապես դատավարությունը շատ արտառոց էր, տպավորություն էր, որ շատ արագ ուզում են դատական ակտին հասնեն եւ համաձայնեցված գնում են արագության»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31