Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում ժամը 9.30-ից մեկնարկեց ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ՌԴ քրեական օրենսգրքի 3՝ զենքով դասալքության, հրաձգային զենք-զինամթերք հափշտակելու եւ դրանք ապօրինի կրելու հոդվածներով առաջադրված քրեական գործի քննությունը:
Ռուսական ռազմաբազայի տարածքը հսկում էին ինչպես տեղի ոստիկանները, այնպես էլ ռազմազայի աշխատակիցները. դատական պրոցեսը լուսաբանելու համար հավատարմագրված լրագրողներից վերցրեցին նրան հեռախոսները, ստուգեցին պայուսակների պարունակությունը:
Դատական նիստը դեռ չսկսված՝ Ավետիսյանների հարազատները ռուսական 102-րդ ռազմաբազայի դիմաց վատացան, իսկ նիստի ընթացքում նրանց համար բժիշկ հրավիրվեց: Փոխարենը բավական անտարբեր էր Վալերի Պերմյակովը՝ կարծես դատվողը ինքը չէր: Նա գտնվում էր առանձնախցում, դեմքը շուռ էր տվել դահլիճում նստածներից, առանց ձեռնաշղթաների էր, երբեմն ննջում էր՝ գլուխը ձեռքերի մեջ վերցրած, անգամ հարկ չէր համարում պատասխանել դատավորի հարցերին:
Կարդացեք նաև
Դատական նիստը թույլատրեցին նկարահանել ընդամենը 15 րոպե, որից հետո թույլատրվեց միայն ձայնագրել: Վալերի Պերմյակովի այս գործը ուղիղ 72 հատոր էր, դատարանի սեղանին այլեւս տեղ չկար հատորները դնելու:
Ամբաստանյալը ի սկզբանե հրաժարվեց ցուցմունք տալ, որի պատճառով էլ հրապարակեցին նրա նախաքննական ցուցմունքները: Մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ ծարավելու, ջուր խմելու նպատակով Ավետիսյանների տուն մտնելու վարկածը հորինվածք էր: Ըստ նախաքննական ցուցմունքների, Վալերի Պերմյակովը ձանձրացրել է զինծառայությունից, ուզել է տուն վերադառնալ, կարոտել է հայրենիքը, տնեցիներին, այդ պատճառով էլ լքել է ռազմբազայի տարածքը, զենքն էլ վերցրել է Գյումրիում մարդկանց վախեցնելու, հափշտակություններ կատարելու ու իր ուզած գումարն ու իրերը ստանալու նպատակով:
Ավետիսյանների տուն էլ մտել է դարձյալ նրանց սենյակներում գումար ու ոսկյա իրեր որոնելու նպատակով, որպեսզի ունենա իրեն անհրաժեշտ գումարը, հատեր Թուրքիայի սահմանը, այնտեղից էլ գնար Ռուսաստան: Վերջինիս ցուցմունքները հակասական էին, մասնավորապես կապված Ավետիսյանների տանը գտնվելու ժամաքանակի հետ, մի տեղ նշում է, որ 15 րոպե է մնացել այնտեղ, լրացուցիչ ցուցմունքում նշել է, որ մնացել է ժամը 3-4-ից մինչեւ 6-ը: Մի տեղ նշում է, որ Թուրքիա գնալու ճանապարհին զանգահարել է, տաքսի ու սնունդ պատվիրել, մեկ այլ տեղ հերքում է:
Դատական նիստը տեւեց 8 ժամ, քննվեցին 4 վկաներ, ընթերցվեցին տարբեր փորձագիտական եզրակացություններ ու փաստաթղթեր, ընդհուպ մինչեւ դպրոցի տնօրենի ու փոխտնօրենի բնութագրերը: Փորձաքննություններից պարզ դարձավ, որ Պերմյակովը հոգեկան աֆեկտի տակ չի գտնվել, գիտակցական նորմալ վիճակում է եղել, նա, ընդհանուր առմամբ, առողջ է, զենքը, որով սպանել է Ավետիսյաններին, կցված է եղել իրեն, նախկինում 8 անգամ դասալիք է եղել:
Նշենք, որ դատավոր Շելյադեեւ Ալեքսանդր Ռոմանովիչի խնդրանք հիշեցնող հարցերից ամբաստանյալը ոչ մեկին չպատասխանեց: Դատավորի այն հարցին, թե չէի՞ք ցանկանա բնութագրել ձեր անձը, հնչեց Պերմյակովի կտրուկ պատասխանը՝ ոչ: Նմանապես դատավորի այն հարցին, թե չէի՞ք ուզում ասել՝ ինչ առողջական վիճակում եք, դարձյալ հնչեց մերժողական կտրուկ պատասխան:
Նշենք, որ Պերմյակովի փաստաբանը՝ Դանիելյան ազգանվամբ, անընդհատ շեշտում էր, որ ինքը պաշտպանում է նրա շահերը կապված դասալքության,. զենք-զինամթերք հափշտակելու ու կրելու մեղադրանքով: Փաստաբանը իր պաշտպանական խոսքում ասաց, որ շատ դժվար է Պերմյակովի շահերը պաշտպանել, քանի որ նա մի քանի հանցանքների մեջ է մեղադրվում: Ասաց, որ վստահում է դատարանին, գիտի, որ վերջինս արդար վճիռ կկայացնի: Վալերի Պերմայովը իր վերջին խոսքում նշեց, որ ինքը իրեն մեղավոր է ճանաչում, պատրաստ է կրել պատիժը: Այս խոսքերը նա հնչեցրեց բավական հանգիստ, սառնասրտորեն:
Իսկ զինվորական դատախազ Անդրուսենկո Վլադիմիր Ալեքսանդրովիչը նրա նկատմամբ հարուցված երեք հոդվածների համար 10 տարվա ազատազրկում պահանջեց, որը նա կանցկացնի ուղղիչ աշխատանքային գաղութում: ՌԴ Քրեական օրենսգրքի 338 հոդվածի 2-րդ մասով պահանջեց 7 տարի ազատազրկում, 226 հոդվածի 3-րդ մասով դարձյալ 7 տարի, իսկ 222 հոդված 1-ին մասով 3 տարի ազատազրկում: Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը, որը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշում էր, որ չի պատկերացնում, թե վերջինս մենակ է գործել սպանությունը, ուզում է տեսնել Պերմյակովին ու հասկանալ, թե նա ի վիճակի՞ էր այդ ամենը անել, միգուցե իր կարծիք փոխվի, դատավարության ընթացքում ասաց, որ դատը շոու է, իսկ Պերմյակովը սադիստ է, որն այնքան ապահով էր իրեն զգում, որ անգամ համարձակություն ունեցավ իրենց կողմը շուռ գալու ու ուսումնասիրելու: Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների փաստաբանները նշեցին, որ իրենց տպավորությամբ բոլոր կողմերը կարծես համաձայնեցված դատավարություն էին անում: Նրանց կարծիքը քիչ անց:
Իսկ վայրկյաններ անց դատարանը կհրապարակի Պերմյակովի դատավճիռը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ