Վաղը կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետից գումար կխնդրի հողամաս ձեռքբերելու համար: Գյուղնախարարի հիմնավորմամբ, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման եւ Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապաստասխանեցնելու նպատակով սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հողամաս է անհրաժեշտ, որի համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից կվճարի 16 միլիոն 800 հազար դրամ:
Գումարը ծառայությանը կհատկացվի այս տարվա երրորդ եռամսյակում` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի եւ շինությունների ձեռքբերում» հոդվածով:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ