Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կկայանա հոգեբուժարաններում խոստացված հեղափոխությունը

Օգոստոս 12,2015 15:31

Հայաստանում գրեթե բոլոր փակ հաստատությունները շատ դեպքերում համարվում են հնարավոր բռնության օջախներ: Այդպիսիք են նաև հոգեբուժարանները, որտեղ  քաղաքացիները հիմնականում ենթարկվում են հարկադիր բուժման:

Որոշ դեպքերում հոգեբուժական հաստատությունների հնարավորությունները չարաշահվում են, ինչպես եղավ Ժուլետա Ամարիկյանի պարագայում, երբ նրա գույքին տիրանալ ցանկացող հարազատների զանգի հիման վրա կնոջը տեղափոխեցին Ավան հոգեբուժական կլինիկա ու 28 օր շարունակ ենթարկեցին հարկադիր բուժման:

Ավելին, դատական ատյաններում նրա իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Տիգրան Հայրապետյանի պնդմամբ, տիկին Ամարիկյանը ֆիզիկական բռնության ու խոշտանգումների էր ենթարկվել:

Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Մարդու իրավունքների վիճակը ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում» զեկույցից տեղեկանում ենք, որ Ժուլետա Ամարիկյանը մոտ մեկ ամիս տառապել է հոգեբուժարանում տիրող մթնոլորտից ու պայմաններից: Նշել է, որ հոգեբուժարանում գտնվելու առաջին 5 օրերի ընթացքում չի սնվել, միայն ջուր է խմել: Ժուլետա Ամարիկյանը հրաժարվել է տրամադրված դեղերից, քանի որ երբ առաջին օրը խմել է այդ դեղերը, սիրտը վատացել է ու չի կարողացել քնել ողջ գիշեր: Ըստ նրա՝ բժիշկները տեղյակ են եղել, որ նա դեղերը չի խմում և փորձել են դրանք փշրանք դարձնելով, ստիպելով խմեցնել, ինչպես նաև դուրս գրելիս ստիպողաբար ներարկել են:

Փաստաբանը շեշտում է նաև, որ ոստիկանության կողմից Ամարիկյանին հոգեբուժարան տանելուց հետո նա ոչ մի զննության չի ենթարկվել, միայն «5 օր հետո դատարանը հարկադիր բուժման որոշում է կայացրել՝ ներկայացնելով, որ  վճռի հիմք են հանդիսացել նրա եղբոր (ում հետ Ամարիկյանը վեճ ուներ) տված բացատրությունները` որպես Ամարիկյանի ներկայացուցիչ»:

Ամարիկյանի և նրա փաստաբանի մեղադրանքները «Ավան» հոգեբուժարանը չի ընդունում և իր հերթին «իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու համար» դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ժուլետա Ամարիկյանի:

Մինչդեռ նմանատիպ դեպքերը բոլորովին բացառություններ չեն, ոլորտի մասնագետները վաղուց են ահազանգում, որ հարկադիր բուժման նշանակման իրավական հարցերում օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ խոշտանգումների կանխարգելման ու վերացման համար՝ մշտական մոնիթորինգ և արմատական բարեփոխումներ համակարգում:

Տարիներ առաջ, հոգեբուժարանում իր նկատմամբ բռնությունների մասին էր բարձրաձայնել նաև երգչուհի Սոնա Ավագյանը: ԱՄՆ դեսպանատուն կատարած այցելության ընթացքում նրա պայուսակում փոքրիկ բացիչ-դանակ է հայտնաբերվել: Երգչուհին պատմում էր, որ իրեն ընկալել են որպես «տեռորիստ» և վերցրել անձնագիրը՝ ասելով, որ այն կստանա ոստիկանությունից:
Եվ հենց ոստիկանությունում էլ որոշել են, որ Սոնա Ավագյանը հոգեբույժի կարիք ունի ու տեղափոխել են Նորքի հոգեբուժարան: Այստեղ արդեն բուժման ընթացքում նա 7 օր շարունակ հոգեմետ դեղեր է ստացել: «Սադիզմի դրսևորումներ են եղել այդ հիվանդանոցում իմ նկատմամբ», -ասել է Ավագյանը: Այդ հանգամանքը պարզել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Հետագայում դատարանը որոշել է, որ Սոնա Ավագյանը հասարակական վտանգ չի ներկայացնում և մերժել է հոգեբուժարանի միջնորդությունը Սոնա Ավագյանին հարկադիր բուժման ենթարկելու մասին, սակայն որևէ մեկն այդպես էլ պատասխանատվություն չի կրել երգչուհու 7-օրյա տառապանքների համար (Սոնա Ավագյանը լքել է Հայաստանը):

Հոգեբուժարաններում առկա մեկ այլ խնդիր էլ է բարձրացնում իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝  մահացությունների դեպքերի պատշաճ քննության ու գործերի հարուցման պրակտիկայի բացակայությունը:

Իրավապաշտպանի ներկայացրած տվյալներով, 9 տարիների ընթացքում (2006-2014 թթ.) 308 մարդ է մահացել հոգեբուժարաններում, որոնցից որևէ դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել, վերջին 4 տարիների ընթացքում 120-130 մահացության դեպքերից 40-ի դեպքում է նյութեր նախապատրաստվել իրավապահների կողմից, սակայն, դարձյալ քրեական գործեր չեն հարուցվել:

«Մենք այս մահերի պատճառները չգիտենք և չենք կարող բացառել, որ դրանցից որոշները եղել են խոշտանգումների հետևանքով»,- ասում է Սաքունցը:Sakunts 1

«Ավան» հոգեբուժարանի նախկին տնօրեն, Հայկական Հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը հիշեցնում է, որ  ըստ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի դրույթների «Հոգեկան խանգարումներով տառապող անձն առանց իր կամ օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է հոսպիտալացվել հոգեբուժական հանձնաժողովի կողմից պարտադիր հետազոտվելուց հետո, եթե`

1) նա վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար, կամ

2) բուժում չիրականացնելը կամ բուժումը դադարեցնելը կարող է վատթարացնել հիվանդի առողջական վիճակը»:

«Մնացած բոլոր դեպքերում մարդու նկատմամբ բռնություն գործադրել հնարավոր չէ, և, եթե որևիցե դեպքում խախտվում է այս դրույթը, ապա հարցը տեղափոխվում է բժշկականից՝ իրավական հարթություն»,- ասում է Սողոյանը:

«Բացի պետական ինստիտուտներից, որոնք մշտապես հարցը պահում են ուշադրության կենտրոնում, այսօր կան նաև  բավական շատ հասարակական կազմակերպություններ, որոնք իրավապաշտպան գործունեություն են իրականացնում և շատ ուշադիր լինելով նման հարցերում, որոշ դեպքերում նաև անհարկի աղմուկ են բարձրացնում, չհիմնավորված փաստերը ներկայացնելով, որպես իրականություն», -պնդում է Սողոյանը:

Սակայն, Սաքունցը հարցի լուծման տարբերակ է համարում հոգեբուժարանները մշտական դիտարկման, վերահսկողության տակ պահելը, ինչպես արվում է քրեակատարողական հիմնարկների դեպքում: Իրավապաշտպանը, մասնավորապես, առաջարկում է ձևավորել հասարակական դիտորդական խումբ՝ հոգեբուժարաններում տիրող իրավիճակի մշտական դիտարկում անցկացնելու համար:

«Դա կանխարգելող նշանակություն կունենա. երբ ազատ ելումուտ է կատարվում նման փակ հաստատություններ, հնարավոր խախտումների կամ վատ վերաբերմունքի դեպքերը կանխելու հնարավորություն է ստեղծվում», -բացատրում է նա:

Սակայն, մեկ այլ կարևոր ու հույժ անհրաժեշտ բարեփոխում է հոգեբուժարանների ապաինստիտուցիոնալիզացիա, այսինքն՝ երբ հոգեբուժական խոշոր հաստատություններից զատ ստեղծվում են այլընտրանքային ծառայություններ մատուցող կարճաժամկետ խնամքի շուրջօրյա տներ ու համայնքային ցերեկային կենտրոններ, , որտեղ կարող են բուժում ստանալ հոգեկան թեթև խնդիրներ ունեցող և հիմնականում խնամքի համար հոգեբուժարաններում հայտնված անձինք:

«Այժմ գործող համակարգում, հոգեկան առողջության հետ կապված անգամ թեթև խնդիրների դեպքում մարդկանց միանգամից տանում են հոգեբուժարան, մինչդեռ նրանց կարելի էր այլ, առավել մարդկային բուժում նշանակել»,- ասում է Սաքունցը:

Հայաստանում հոգեբուժարանների ապաինստիտուցիոնալացումը նախատեսվում է համակարգում ծրագրվող բարեփոխումների ծրագրերի, մասնավորապես Հայաստանում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-19 թվականների ռազմավարությամբ, որի ստեղծմանն ու իրականացմանն աջակցում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը: Գործընթացը սկսվել է ՀՀ Առողջապահության նախարարության հետ միասին և այժմ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացնում է ռազմավարության մի քանի կարևոր գործողությունների` կրթական և համայնքային կենտրոնների ստեղծման ծրագրերը:

Ռազմավարության և Հոգեկան առողջության հայեցակարգի կարևոր դրույթներից է համայնքային ծառայությունների հիմնումը, որի իրականացմամբ աստիճանաբար պետք է ստեղծվեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց համար խնամքի ծառայություն մատուցող կենտրոններ համայնքներում՝ փոխլրացնելու փակ հոգեբուժական հաստատություններին:

Հայկական Հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը վստահ է՝ ռազմավարության և հայեցակարգի իրականացումից հետո մենք կունենանք այնպիսի համակարգ, ինչը Հայաստանի պայմաններում հնարավոր առավելագույնը կլինի:

Սողոյանը  փաստում է, որ վերջին 25 տարում որևէ լուրջ ներդրում չի արվել հոգեբուժական ծառայությունում՝ գործնականում շենքերը չեն հիմնանորոգվել, սարքավորումներ ձեռք չեն բերվել:

«Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, իսկ ունեցածը շատ հեռու է անգամ բավարար լինելուց: Այսօր կան կազմակերպություններ, որոնց շենքային տարածքի 50%-ից ավելին ներկայումս չի օգտագործվում և առանց լուրջ ներդրումների, հնարավոր էլ չէ օգտագործել»,- ասում է Սողոյանը:

Այս փաստաղթղթերի ուսումնասիրման, դրանցից բխող օրենքների մշակման ու ոլորտում հետագա ծրագրերը մշակելու, կանոնակարգելու համար ստեղծվել էր մասնագիտական աշխատանքային խումբ:

Նույն խմբի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փորձագետ Մարիետա Թեմուրյանը զեկույցի մշակման աշխատանքի ընթացքում ուսումնասիրություններ է կատարել հանրապետության հոգեբուժարաններում ու եզրակացրել է՝ երբ մարդը մտնում է հոգեբուժական հաստատություն, չի կարող նրա գեթ մեկ իրավունք չոտնահարվել:

Բացի այդ, հոգեբուժարաններում կան մարդիկ, հիվանդներ, ովքեր հոգեբուժարաններում գտնվելու անհրաժեշտությունը չունեն այլ միայն խնամքի կարիք ունեն: «Մեր առաջարկությունն է՝ փակել հոգեբուժական հաստատությունները, իսկ մինչ այդ դրանք պետք է բեռնաթափվեն»,- նշում է փորձագետը:

Սողոյանը, սակայն, հակադարձում է, որ կոնկրետ հոգեբուժարան փակելու մասին նշված փաստաթղթերում ոչինչ չկա, սակայն նախատեսվում է մոտեցումների փոփոխություն՝ տարանջատել խնամքի և բուժական ծառայություններ մատուցող հաստատությունները, ընդ որում՝ խնամքի հաստատությունները հնարավորինս մոտեցնել համայնքներին և աստիճանաբար անցում կատարել խոշոր խնամքի հաստատություններից դեպի այլընտրանքային խնամքի ծառայություններ:

Հոգեբուժարաններին այլընտրանք հանդիսացող խնամքի կենտրոն ստեղծելու նախաձեռնությունը իր վրա է վերցրել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը (ԲՀՀ-Հայաստան):

«Որոշվեց աշխատանքային խմբի մշակած ստանդարտներով կենտրոն բացել Սպիտակում, իսկ հետագայում այդ կենտրոնի հիմքի վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է մեծացնել դրանց աշխարհագրությունը»,- ասում է ԲՀՀ-Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:Davit Amiryan1

Խնամքի կենտրոնը կգործի հենց Սպիտակ քաղաքի կենտրոնական մասում, և այստեղ դրա հիմնումը նպատակ է ունեցել կոտրել կարծրատիպերը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց հանդեպ:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, հոգեբույժների ասոցիացիան փորձում էին տարածք ընտրել ու երկար ուսումնասիրությունից հետո ընտրությունը կանգ առավ Սպիտակի վրա, որտեղ տարածքը շատ հարմար էր` մարդիկ կարող են բանջարեղեն ու այլ մշակաբույսեր աճեցնել, զբաղվել տարբեր գործունեությամբ և ունենալ հնարավորություն ինտեգրվել համայնքի կյանքին: Եվ ամենակարևորը՝ ի պատիվ համայնքի, համայնքը կոնկրետ ֆինանսական մասնակցություն ունի կենտրոնի ստեղծման աշխատանքներում», -ներկայացնում է Ամիրյանը:

Այժմ շինարարական, վերանորոգման աշխատանքներ են ընթանում և սպասվում է, որ աշնանը այն շահագործման կհանձնվի: Այս կենտրոն ընդունվելու կարգը աշխատանքային խումբը մշակել է, սակայն այն պետք է հաստատվի իրավասու մարմնի կողմից:

Բայց Ամիրյանն ասում է, որ դեռ քննարկվում է, թե հատկապես ովքեր և որ բնակավայրերից են ընդունվելու այս կենտրոն: «Հիմա քննարկում ենք, բայց ցանկալի է, որ Սպիտակի խնամքի կենտրոն առաջին 16 հոգին ընդունվեն հենց Լոռու մարզի բնակիչները, քանի որ շատ են հոգեբուժարաններում բուժում ստանալու համար հերթի մեջ գտնվողները», -ասում է Ամիրյանը:

Նա հույս ունի, որ Սպիտակի կենտրոնը օրինակ կծառայի նաև մյուս մարզերում նմանատիպ կենտրոններ բացելու համար, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի հանրային առողջապահության ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյանը կարևորում է բնակավայրերում նման կենտրոնների գործունեությունը, քանի որ դրանց օգնությամբ հիվանդները կինտեգրվեն հասարակությանը ու կապ կպահպանվի ընտանիքի անդամների հետ:

«Աշխատանքներ պետք է տարվեն, որ այդ հիվանդները անընդհատ չմնան կենտրոնում, չորս պատի մեջ, ի վերջո նրանք ինտեգրման կարիք ունեն»,- նկատում է Պապիկյանը:

Հոգեկան առողջության ոլորտում բարեփոխումների այս ծրագրերը  դանդաղ, բայց  ընթացքի մեջ են, սակայն մինչ դրանք հասանելի կդառնան, մինչ համակարգն իրապես կփոխվի, բազմաթիվ մարդկանց իրավունքներ են խախտվում ու ճակատագրեր խեղվում.

«Մինչև ապաինստիտուցիոնալիզացիան, մինչև հոգեբուժարանները բեռնաթափելը, համայնքային ծառայությունների ձևավորումը պետք է անպայման գործող հոգեբուժարաններում արմատական փոփոխություններ կատարվեն, փոխվի հիվանդի նկատմամբ վերաբերմունքը, այլապես այսօր, այս պայմաններում հոգեբուժարանները խոշտանգումների ու մարդու իրավունքների բազմաթիվ այլ խախտումների  խնդրահարույց օջախներ են»,- նշում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +(374) 99 266 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: Հանուն հավասար իրավունքների

Թվիթեր:  Հավասար իրավունքներ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31