Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք կարծում եք, որ նախագահին հավ գողանալու համար պետք է իմպիչմենտի ենթարկեն…» Ֆելիքս Թոխյան

Օգոստոս 12,2015 14:26

Ըստ ՍԴ անդամի՝ այն տեսակետը, որ այս նախագծով մեր ապագա նախագահը դառնում է Անգլիայի թագուհի՝ բացարձակ հիմնավորված չէ

«Նախագահն այսօր կորցնում է անմիջական մանդատը: Երկրում կլինի միայն մեկ Սահմանադրական պետական մարմին՝ ԱԺ-ն: Դա բերում է նրան, որ մի շարք հարցերում չի ունենալու ինքնուրույնություն, մի շարք հարցերի ընդունման ժամանակ նրա ստորագրությունը անպայման կրկնաստորագրություն է պահանջելու, նրա ստորագրության տակ ստորագրելու է կա՛մ վարչապետը, կամ կոնկրետ ոլորտի նախարարը, որը պատասխանատվություն է կրելու պառլամենտի առջեւ: Նախագահի հիմնական գործառույթը Սահմանադրության պահպանումն է եւ ազգի միասնության պահպանումը: Նա պետք է լինի անաչառ եւ ապակուսակցական անձնավորություն»,- այսօր «Հայացք» ակումբում Սահմանադրական փոփոխությունների նախագծի դրույթներն այսպես մեկնաբանեց Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը:

Ըստ նրա՝ առաջին փուլով շատ դժվար է ՀՀ-ում որեւէ մեկը նախագահ ընտրվի, երկրորդ փուլով հնարավոր է, բայց հաշվի առնելով մի շարք երկրների տխուր փորձը, մեր նախագծով նախատեսվել է երրորդ փուլը, երբ ՀՀ նախագահը կընտրվի ընտրիչների ձայների մեծամասնությամբ: Դա արդեն երաշխավորում է, որ որեւէ մեկը հաստատ մի ձայն ավելի կստանա:

Aravot.am-ի հարցին՝  նախագծում նշված է, որ ՀՀ նախագահին կարող են պատասխանատվության ենթարկել կամ պաշտոնանկ անել, եթե նա կատարել է ծանր հանցագործություն, այսինքն, սա ենթադրում է, որ նախագահը կարող է գողություն անել եւ պատասխանատվության չենթարկվե՞լ, Ֆելիքս Թոխյանը պատասխանեց. «Դուք մեկնաբանում եք, թե ինչ է ծանր հանցագործությունը: Քրեական օրենսգրքում գրված է, թե ինչ է ծանր հանցագործությունը: Եթե ՔրՕրում նշվում է, որ հավ գողանալը ծանր հանցագործություն է, ապա՝ հա, բայց չի նշվում մեր օրենսգրքում»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, ստացվում է, որ այդպե՞ս է, կարող է գողություն անել եւ պատասխանատվության չենթարկվե՞լ, նա պատասխանեց. «Եթե դուք կարծում եք, որ նախագահին հավ գողանալու համար պետք է իմպիչմենտի ենթարկեն, դա….»:

Նախագծում լավը, դրականը, ըստ Թոխյանի, այն է, որ նախագահի իմպիչմենտի հիմքերից մեկը ավելացել է՝ Սահմանադրության կոպիտ խախտում, ինչը չի եղել:

Մեր հարցին՝ եթե նախագահի լիազորություններն այդպես  կրճատվել են, կրկնաստորագրություն է պահանջվում նրա հրամանների համար, ինչի՞ համար է այդ պաշտոնը, մեզ պե՞տք է այդպիսի նախագահ, Ֆելիքս Թոխյանը պատասխանեց. «Դա պետության գլուխն է: Նախագահն ունի բավականին լուրջ եւ ինքնուրույն լիազորություններ, եւ այն տեսակետը, որ այս նախագծով մեր ապագա նախագահը դառնում է Անգլիայի թագուհի՝ բացարձակ հիմնավորված չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31