Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր Սահմանադրությունը չի թողնելու միասեռ ամուսնություն, չի թույլատրվում». ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան

Օգոստոս 12,2015 14:08

Այսօր Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում անդրադարձավ նաեւ Սահմանադրության փոփոխություններով ընդդիմությանը հատկացված դերին:

Նրա համոզմամբ՝ ընդդիմությանը նախագծում լուրջ լծակներ են տրված. «Նախատեսվում է, որ ԱԺ-ն հարցերի լուծումը մեծապես կարող է տալ ձայների 3/5-րդով: Քաղաքական մեծամասնությունը պետք է գնա կոալիցիայի ընդդիմության հետ, որ հարցի լուծումը լինի, ուզես-չուզես, այլապես չես կարող որեւէ բարձրաստիճան անձի նշանակում անես: Սա շատ կարեւոր է, որը բարձրացնում է ընդդիմության դերակատարումը: Նախագծում ընդդիմության իրավունքներն աննախադեպ ընդլայնվել են, առաջ պարզ մեծամասնությամբ կարող էին հարցի լուծում տալ»:

Aravot.am-ի դիտարկմանը, որ գիտենք, թե ինչպես է դա լինելու, «ֆիկտիվ» ընդդիմության հետ կոալիցիա կկազմեն, դա չեղավ ընդդիմության լիազորությունների մեծացում, Ֆելիքս Թոխյանն արձագանքեց. «Ֆիկտիվ է, թե ոչ, դա պետք է լինի ձայների 3/5-րդով: Մենք կարող ենք ենթադրություններ անել, բայց  եթե պառլամենտը չի հավաքելու 3/5-րդը, ուզես-չուզես՝ ընդդիմության հետ գնալու ես քաղաքական համաձայնության»:

Անդրադառնալով ամուսնության դրույթների հետ կապված մտահոգություններին՝ Ֆելիքս Թոխյանն ասաց. «Ընտանիքի, կանանց, երեխաների վերաբերյալ մտահոգությունները սին են: Այո, եվրոպական տենդենցը, իմ խորին համոզմամբ, մեր մենթալիտետին խորթ է, նաեւ՝ երեխաների մասով: Չկա Սահմանադրության մի դրույթ, որը ինձ համար մտահոգիչ կարող է լինել, թե երեխաների իրավունքները ավելի քիչ են պաշտպանված: Մեր Սահմանադրությունը չի թողնելու միասեռ ամուսնություն, չի թույլատրվում: Ով որ մտահոգություն է հայտնում՝ լավ չի կարդացել: Ոչ էլ երեխաների հետ կապված կարող են ունենալ մտահոգություն»:

Ընդ որում, պարոն Թոխյանը հստակ ասաց, որ առաջարկված այս նախագիծը կարելի է համարել վերջնական, այստեղ հնարավոր է տեխնիկական ինչ-որ փոփոխություններ կատարեն, բայց գլոբալ փոփոխություններ չեն արվելու:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկների եւ քննադատությունների մասին խոսելիս՝ Ֆելիքս Թոխյանն ասաց. «Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունը եղել է ամենադրականը: Աշխատանքը իրենց հետ եղել է բաց, թափանցիկ եւ պրոֆեսիոնալ մակարդակով: Նրանք մի քանի դիտողոթյուն են արել: Շատ է քննարկվում 89-րդ հոդվածը, որը ըստ Սահմանադրական հանձնաժողովի անդամների, երկրում կայունության ապահովման երաշխիքն է: Կառավարությունները շուտ-շուտ փոփոխվում են, այդ հարցի լուծումը վերցրել են Իտալիայից: Իտալիան այդ տարբերակին եկել է 50 տարի հետո, իրենց տառապանքը փորձ ուներ, մտածեցին երկրորդ փուլի գաղափարը, որ բոլոր դեպքերում  պառլամենտում ունենան կայուն մեծամասնություն: Վենետիկի հանձնաժողովը չի քննադատել այդ կետը: Նրանք դեմ չեն, ասում են՝ քանի ձեր երկրում չի եղել անկայունության դրսեւորումներ, միանգամից Սահմանադրության մեջ այդպես կոշտ, իմպերատիվ մի ամրագրեք, տվեք հնարավորություն այդ ամրագրումը կատարել Ընտրական օրենսգրքում, պետք լինի՝ կարող եք հեշտ հանել ԸՕ-ից: Ես կողմ եմ այդ դրույթին, որովհետեւ ավելի լավ է ժողովրդին տալ վերջնական ընտրությունների հնարավորությունը մեծամասնություն ստեղծելու, քան թե քաղաքական ուժերին տալ այդ հնարավորությունը պառլամենտում ժողովրդի մեջքի հետեւում գալ քաղաքական համաձայնությունների եւ ձեւավորել արհեստական մեծամասնություն: Վենետիկցիների առաջարկությանը կողմ եմ ֆրակցիաների մասով, որ որ ֆրակցիաների ստեղծումը սահմանափակում է պատգամավորների մանդատը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31