Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտահոգիչ է, որ  ՍԴ-ն կարող է դիմումների հեղեղի տակ ուղղակի թաղվի». ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան

Օգոստոս 12,2015 14:00

Ըստ Թոխյանի` Սահմանադրական դատարանի 9 անդամները քիչ են, լավ կլիներ ավելացվեր անդամների թիվը մինչեւ 12

 

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կողմնակից չէ խորհրդարանական կառավարման համակարգին, բայց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գնահատում է պրոֆեսիոնալ աշխատանք:

Այսօր այդ մասին «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում նա նշեց, որ նախագծում Գերմանիայի Սահմանադրության մոդելն է օգտագործված. «Սա  դասական Գերմանիայի մոդելն է: Մի հարցում վերցրել ենք Իտալիան՝ 89-րդ հոդվածն է: Մեր նախագծով երկրի տեր ու տիրակալը ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում դառնում է  կառավարությունը, որը մշակելու եւ իրագործելու է երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, լինելու է հաշվետու ԱԺ-ին: Բայց իշխանության իրական կենտրոնը փոխվում է դեպի կառավարություն, իսկ կառավարության ղեկավարը վարչապետն է, որը նախագծով շատ բարձր դիրք է ստանում եւ դառնում է համար մեկ անձը երկրի: Ինչ-որ տեղ մենք ստեղծում ենք կանցլերական պետություն՝ Գերմանիայի օրինակով»:

Անդրադառնալով դատական իշխանությանը՝ Ֆելիքս Թոխյանն ասաց, որ առ այսօր դատական անկախ իշխանություն ՀՀ-ում չի կայացել, եւ շատ խնդիրներ են առաջացել, իսկ նոր նախագծով հեղափոխական փոփոխություններ են նախատեսվում. «Առաջինը դատական խորհրդի ստեղծումն է, որը լինելու է դատական իշխանության անկախության երաշխավորը, կազմված է լինելու 10 հոգուց: Դատարանների նախագահները ընդգրկված չեն  լինելու կազմի մեջ: Բացի ՍԴ անդամներից, բոլոր դատավորները նշանակվելու եւ ազատվելու են դատական խորհրդի եզրակացության հիման վրա»:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանին, այստեղ Ֆելիքս Թոխյանը հիմնավոր եւ մի մասն էլ՝ մտահոգիչ փոփոխություններ է տեսնում. «Ճիշտ եմ համարում, որ ավելացվել է քաղաքացիների՝ դեպի ՍԴ դիմումների ծավալը: Եթե մինչեւ հիմա մեզ կարող էին դիմել միայն օրենքի սահմանադրականության հարցով, այսօր ընդլայնվում է, եւ դա կարող է մեծ խնդիրների բերել: Մտահոգիչ է, որ  ՍԴ-ն կարող է դիմումների հեղեղի տակ ուղղակի թաղվի»:

Նա ասաց, որ Գերմանիայում այդ խնդրից խուսափելու համար պետական տուրքը բարձրացրին, հետո ասեցին՝ միայն փաստաբաններով կարող են դիմել, դա էլ չօգնեց, հետո մտցվեց իրավունքի չարաշահման ինստիտուտը՝ ՍԴ-ն ինքն է  որոշում՝ դիմումը եթե համարում է ակնհայտ անհիմն՝ քեզ տուգանում է, որ դու ինչ-որ դատարկություն ես բերել դատարան: Դա արվում է նրա համար, որ դիմումների հեղեղը կանխվի:

Ըստ Ֆելիքս Թոխյանի՝ այս ֆունկցիաները ՍԴ 9 անդամների համար շատ են, լավ կլիներ ավելացվեր անդամների թիվը մինչեւ 12:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31