ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին միանալ՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:
«Անալիտիկ» մամուլի ակումբում նա հայտարարեց. «Ո’չ, բոյկո’տ և բացարձակ ժողովրդավարություն ասողներ, եկեք միանանք իրար և ներկայացնենք միակ ամենաճիշտ տարբերակը և պայքարենք»: ԱԻՄ առաջնորդը հայտարարում է, որ եթե քաղաքական ուժերի հետ չստացվի, աշխատելու է ժողովրդի հետ:
Պարոն Հայրիկյանն առաջարկում է Սահմանադրության իր տարբերակն ու հիշեցնում. «Տկարամիտներն անգամ ուրանում են, որ ես գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Իսկ հիմա ես մարզիչի կարգավիճակում եմ»: Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ մեր երկրում սահմանադրական բարեփոխումների հրատապ իրավիճակ և քաղաքական ճգնաժամ չկա, քանի որ քաղաքական ճգնաժամ նշանակում է, երբ չեն աշխատում Ազգային ժողովն ու կառավարությունը:
Կարդացեք նաև
Հայրիկյանի վերաբերմունքը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հստակ է. «Այս նախագիծը գոյություն չունի, սահմանադրական բարեփոխումները 20-րդ դարից սկսած կատարվում են մեկ նպատակով՝ ավելացնել քաղաքական մասնակցությունը և ժողովրդավարությունը, հակառակ դեպքում անհրաժեշտ չէ»:
Aravot.am-ի հարցին՝ ՀԱԿ-ը հայտարարել է «ոչ»-ի շարժում նախաձեռնելու մասին, պատրա՞ստ են համագործակցության, նա պատասխանեց. «Մեր քննարկումների ժամանակ «Ժառանգությունը», ՀԻմնադիր խորհրդարանը ևս հայտարարել են «ոչ»-ի, բոյկոտի մասին: Բայց թող ասեն որտեղ, երբ, մենք պատրաստ ենք ամեն ինչ դնել մի կողմ և միանալ: Սակայն ՀԱԿ-ը նման բան չի ասում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ