Գեւորգ Պետրոսյանը` հնարավոր քրդական պետության ստեղծման մասին
Թուրքիայում քրդական հարցի սրումը, Թուրքիայի եւ Իսլամական պետության միջեւ առճակատումների հասնող հակասությունները, Թուրքիայում նոր կառավարության ձեւավորումը թուրքագետ Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է դիտարկել մեկ փաթեթում եւ դրանից Հայաստանի համար օգուտներ քաղել: Այդ մասին այսօր թուրքագետը խոսեց «Զարկերակ» մամուլի ակումբում:
Aravot.am-ի դիտարկմանը`առավել ճիշտ չէ՞ այդ հարցերը դիտարկել տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ միեւնույն փաթեթում ու առավել հստակ պատկերացումներ կազմել այն մասին, թե ի՞նչ ազդակներ են սպասվում Հայաստանին, թուրքագետը համաձայնեց` նկատելով, որ Իսլամական պետւթյան ընդլայնումը չի բխում ՀՀ-ի ու առհասարակ հայության շահերից, մանավանդ, որ Սիրայում մենք արդեն առնչվել ենք դրա ակնհայտ հակահայկական ուղղվածության հետ: Ավելի լայն հարթության մեջ դիտարկելով քրդական գործոնն էլ՝ թուրքագետը կարծում է, որ ՀՀ-ն ու հայությունը երկու հավասար կողմ ունի` թուքական պետություն եւ քուրդ բնակչություն: Թեեւ Արեւմտյան Հայաստանում դե յուրե թուրքական պետությունն է, բայց այդ տարածքներում քրդեր են բնակվում, ովքեր ուզում են սեփական պետություն ստեղծել: Հասկանալի է, որ այդ պետությունը լինելու է մեր պատմական հողերի մի մասի վրա:
«Այս առումով Թուրքիայում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները նաեւ մեզ համար են էական` մեր պահանջատիրության տեսանկյունից»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը`հավելելով, որ ՀՀ-ն թիրախում է բոլոր առումներով, միակ օգուտն այն է, որ Թուրքիայում «ժամանակավոր գզվռտոցը» շեղում է Թուրքիայի ուշադրությունը ՀՀ-ից:
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, ՀՀ-ն առայժմ հավանաբար փորձում է հասկանալ իր շահը: Լրագրողներից մեկի դիտարկմանը` Սիրայիում տեղի ունեցածից հետո արդեն իսկ պետք է դասեր քաղեինք ու սցենարներ ունենայինք, բայց դեռ իրավիճա՞կ ենք վերլուծում, բանախոսը հակադարձեց, որ 2,5 տարի տեւած թուրք-քրդական բախումը երկու օրում անասելի զարգացումներ ստացավ, հետեւաբար բարդ է այդքան արագ վերլությունններ անել եւ ծրագրեր մշակել:
Ամեն դեպքում, նա գտնում է, որ Հայաստանը պետք է հասկանա`հնարավոր Քրդստան պետության հետ ինչպիսի՞ հարաբերություններ պիտի ունենանք`դաշնակցային, թե՞ հակառակորդի: Թեեւ Թուրքիայում քրդական պետություն ստեղծելու մասին նա դեռ վաղ է համարում խոսել, բայց նկատում է, որ Հյուսիսային Իրաքում քրդերն արդեն մոտ են դրան, ինչը լուրջ նախադրյալ կարող է լինել: Հյուսիսային Իրաքում, ի դեպ, ԱՄՆ-ը սատարում է քրդական պետության ստեղծմանը, թեեւ Թուրքիայում թուրքական իշխանությանը հնարավորություն է տվել քրդերին ջարդելու: Թուրքիայում Քրրդստանի ստեղծումը, բանախոսի կարծիքով ձեռնտու կլինի Իսրայելին. այն կլինի իր միակ դաշնակիցը տարածաշրջանում: Դա, սակայն, կարող է նաեւ ԱՄՆ-ին ձեռնտու լինել`եվս մեկ հենակետ ունենալու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ