Այսօր՝ առավոտյան ժամը 9.30-ին, Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում լսվեց Վալերի Պերմյակովի՝ զենքով դասալքության, զինամթերք հափշտակելու, եւ ապօրինի զենք կրելու փաստով հարուցված քրեական գործը։
Կարդացեք նաև
Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալուց, ուստի եւ հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները։ Թե ո՞րն է եղել դասալքության պատճառը, Պերմյակովը իր ցուցմունքում նշել էր, որ այլեւս չէր ուզում ծառայել, ձանձրացել էր, դրա համար էլ լքել էր զորամասը՝ իր հետ վերցնելով զենք, որպեսզի փող եւ իրեր ձեռք բերեր քաղաքից… Մի քանի տների դռների է հպվել, որոնք փակ են եղել, Ավետիսյանների տան դարպասը բաց էր, դռան ապակին կոտրել է, բանալին եղել է ներսի կողմից, եւ բացել… Ըստ ցուցմունքի՝ 5 հազար դրամ գումար է հափշտակել կանացի դրամապանակից, վերցրել է հագուստ եւ կոշիկ, հեռախոսներ, ըստ նրա՝ նա իմացել է Թուրքիայի մոտավոր սահմանը եւ ցանկացել է անցնել Թուրքիա, իսկ այնտեղից՝ Ռուսաստան։ Հարցին՝ թե ինչո՞ւ էիր զենք վերցնում, Պերմյակովը պատասխանել է, որ ուզում էր վախեցնել մարդկանց, որպեսզի իրեն փող տային, եթե համարձակվեին չտալ՝ օդ կկրակեր վախեցնելու նպատակով։ Հավելել է նաեւ, որ զենքը վերցրել է թափառող շներից պաշտպանվելու համար։
Նախաքննական ցուցմունքում նշվում է նաեւ այն մասին, որ Գյումրու «CCCP» խանութի մոտ հանդիպել է մի տղամարդու, որն իրենից ինչ-որ բան է հարցրել, զենքը թաքցրել է, պատասխանել եւ շարունակել ճանապարհը։
Նա նշել է նաեւ, որ մինչեւ սահման հասնելը ինչ-որ տնակ է եղել, փորձել է տնեցիներին այնտեղից զանգել։ Ըստ նախաքննական ցուցմունքի՝ նրա նպատակն էր փախչել ու թաքնվել Չիտայում։ Թե ինչքան ժամանակ է գտնվել Ավետիսյանների տանը, նրա ցուցմունքները հակասական էին. մի տեղ նշում էր, որ գիշերվա ժամը 3-4-ի սահմաններում է եղել այնտեղ, մնացել 10-15 րոպե, իսկ լրացուցիչ ցուցմունքում էլ նշում է, որ Ավետիսյանների տունը լքել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում։
Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ուստինովն իր ցուցմունքում նշեց, որ երբ նկատել են, որ դասալիք կա, ռազմաբազայում հետաքննություն են անցկացրել, ժամը 6.00-ի սահմաններում էլ լրացուցիչ զորքերով են դուրս եկել քաղաք, իսկ 10.30-ի սահմաններում լսել Ավետիսյանների ընտանիքի սպանությոն լուրը։
Նշենք, որ դատավարությանը մասնակցող Ավետիսյանների հարազատները այն որակում են որպես շոու։ Հավելենք նաեւ, որ Պերմյակովի փաստաբանը ազգությամբ հայ է՝ Դանիելյան ազգանունով, վերջինս միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ առարկելով հրապարակել Ավետիսյանների ընտանիքի սպանությանը վերաբերող հատվածները, քանի որ, ըստ նրա, սա առանձին գործ է եւ չի առնչվում դասալքությանը։
Այս պահին դատը ընթանում է, եւ այսօր կկայացվի՞ դատավճիռ, դեռեւս հայտնի չէ։ Մանրամասները՝ հաջորդիվ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ