Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան`նոր ընտրությունների կամ ապստամբության շեմին. թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի կանխատեսումները

Օգոստոս 12,2015 12:06

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը չի բացառում առաջիկայում Թուրքիայում նոր խորհրդարանական ընտրությունները, ինչի թիրախում կհայտնվի քրդական քաղաքական ուժերի միավորումը: Այս մասին այսօր թուրքագետն իր տեսակետը բարձրաձայնեց «Զարկերակ» մամուլի ակումբում:

«Թուրքիան շարունակվում է առերեսվել իր համար լուրջ ու խորքային խնդիրների հետ: Թուրքիայի համար խնդիրների խնդիրը`քրդական հարցը, առավել քան սրված է: Դրան գումարվել են նաեւ հակասությունները Իսլամական պետության հետ, նոր կառավարության ձեւավորումը»,- ասաց նա: Այս խնդիրները թուրքագետը մեկ փաթեթում է դիտարկում ու կարծում է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանն, ամենայն հավանականությամբ կգնա Թուրքիայում նոր ընտրությունների անցկացման`քրդական գործոնը բացառելու համար:

Անցած խորհրդարանական ընտրություններում քրդական ուժերի միավորումը 13 տոկոս ձայն հավաքեց, ու թուրքական խորհրդարանում ներկայացված է 80 պատգամավորով`թույլ չտալով Էրդողանին միահեծան կառավարություն ձեւավորել: Ուստի, թուրքագետի համոզմամբ, ամեն ինչ տանում է արտահերթ ընտրությունների`քրդական կուսակցությանը քաղաքական դաշտից դուրս թողնելու եւ մեկ խնդիր նվազեցնելու համար:

Առաջիկա հինգշաբթի օրն արդեն պարզ կլինի` Քեմալական ժողովրդահանրապետական ու Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցությունների միջեւ հնարավո՞ր է կոալիցիան:

Հարցին`այս զարգացումներն իրավիճակ կփոխե՞ն Թուրքիայի քաղաքական կյանքում, բանախոսն արձագանքեց, որ այս իրավիճակն աննախադեպ է Թուրքիայի վերջին երկու տարիների կյանքում. «Բայց պետք է սպասել ընտրությունների, եթե դրանք լինելու են: Քրդական ժողովուրդների դեմոկարտիան եթե չկարողանա անցնել, այո, կտրուկ իրավիճակ կփոխվի: Իսկ ամեն ինչ արվում է, որ չանցնի: Այդ դեպքում զինված ապստամբներին նաեւ քաղաքական տարրերը կգումարվեն, ու բավական բարդ իրավիճակ կստեղծվի»: Լուրջ ապստամբություն թուրքագետը չի կանխատեսում, սակայն, առանձին օջախներ «կպայթեն»`լարելով իրավիճակը:

Թուրքական գործընթացներից, ըստ Գեւորգ Պետրոսյանի, Հայաստանը պետք է դրականը քաղի ու չվախենա թուրք-քրդական հակամարտության սրումից: Այդ խնդիրը 1984 թվականից կա. դա մեզ համար նորություն չէ. «Թուրքիայում ներքին անկայուն վիճակը բխում է ՀՀ-ի շահերից, քանզի իր ներքին խնդիրներով զբաղված, Թուրքիան արտաքին ոլորտում չի կարողանում ՀՀ-ի դեմ համակագված պայքար տանել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31