Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւանն ուր, Ուրմիան ուր». «Հայկական ժամանակ»

Օգոստոս 12,2015 11:37

Երեկ Հայաստանի բնապահպանական շրջանակներն անհանգիստ էին։ Պարսկական Մեջլիսի պատգամավոր Ալի Ալիլուն պարսիկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնել Հայաստանից ու Վրաստանից, մասնավորապես՝ Քուռ գետից եւ Սեւանա լճից բերված ջրերով։ Պատգամավորի խոսքը հրապարակել են իրանական մի քանի լրատվամիջոցներ, այդ թվում՝ PressTv.ir կայքը, հայալեզու «Իրան-Արմենիա» ռադիոն։

Ալիլուն նշել է, որ Քուոից եւ Սեւանից Ուրմիա ջուր կտեղափոխեն Իրանի տարածքում գործող 3 խոշոր պոմպերի միջոցով։ Կրակի վրա յուղ է լցրել ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հրապարակելով, թե իբր Իրանն արդեն համագործակցության համապատասխան համաձայնագիր է ստորագրել թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի հետ։

Ինչպես հայտնի է՝ Ուրմիա լիճը մինչեւ 150-250% աղիություն ունի։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Լիճը մոտ 80 տոկոսով ցամաքել է։ Դեռ 2014թ. հունվար ամսին Իրանի խորհրդարանը հավանության էր արժանացրել ջրանցքի կառուցման նախագիծը, որով Կասպից ծովի ջրերը պիտի հասցվեին Ուրմիա։

Ալիլուի հայտարարության հավաստիությունն աոաջինը հերքեց ՀՀ Բնապահպանության նախարարությունը։ «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Սեւանը մեր ազգային հարստությունն է, որի յուրաքանչյուր գրամ ջուրը խնայելու եւ լճի մակարդակը բարձրացնելու համար մեծ ջանքեր են գործադրվում, մեծ ներդրումներ արվում»,- ի պատասխան Ալիլուի՝ երեկ այս հայտարարությունն է տարածել նախարարության մամլո ծառայությունը։ Ինչ վերաբերում է իբր թե արդեն կնքված համաձայնագրին, նախարարությունը սրան վերաբերող տեղեկությունները նույնպես հերքեց։ «Հայաստանի եւ Իրանի միջեւ նման որեւէ համաձայնագիր չի կնքվել»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին նախարարությունից։

Այդուհանդերձ, բնապահպանական որոշ կառույցներ մտահոգ են եւ գտնում են, որ իրանցի պաշտոնյայի հայտարարությունը պատահական չէ: Բնապահպան, էկոդաշինքի անդամ Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջերս տարբեր տեղեկություններ են ստանում Սեւանի ավազանի բնակիչների կողմից, որ լճի շուրջ լուրջ պրոցեսներ են ընթանում, որ Համաշխարհային բանկով խոշոր ծրագրեր են նախատեսվում, որ լիճը գրավ է դրված եւ այլն։ Եթե պատգամավորը ասել է իրականության հետ կապ չունեցող բաներ՝ թող նախարարությունը հերքում ուղարկի հենց իրանական ԶԼՄ-ներին. պնդում է բնապահպանը։ Էկոլոգիական հասարակական դաշինքը եւ Հայաստանի Օրհուս կենտրոնները նամակ են ուղղել ՀՀ վարչապետին, պահանջելով հերքել կամ հաստատել տեղեկությունը։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31