Լրահոս
Օրվա լրահոսը

Ղալումյան-Մանթաշյան «կոալիցիան» անսասա՞ն է

Օգոստոս 12,2015 14:33

Իջեւանի քաղաքապետը հրաժարվեց հարցերին պատասխանել՝ նախքան դրանք լսելը

Իջեւանի քաղաքապետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը վերջերս դիմում է ներկայացրել ՀՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավար, մարզպետ Հովիկ Աբովյանին՝ ՀՀԿ-ին անդամագրվելու համար:  Նախկին ԲՀԿ-ականի սերն առ ՀՀԿ, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այս տարվա սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջեւանի քաղաքապետի ընտրությամբ, այլապես 2011 թվականի ընտրություններում՝ ՀՀԿ-ի դեմ կատաղի պայքար, ապա ԲՀԿ-ի նյութական ու մարդկային ռեսուրսով 1600 ձայնի առավելությամբ հաղթանակ տարած քաղաքապետին ի՞նչը պիտի ստիպեր ՀՀԿ-ի «դուռը չոքել»: Ի վերջո՝ գաղափարը չէր, որ Վարդան Ղալումյանին ՀՀԿ-ում եւ «Ժառանգությունում» կարճ ժամանակով հանգրվանելուց հետո ԲՀԿ էր տարել: Վարդան Ղալումյանով ՀՀԿ-ի կադրային բազան համալրելը դժվար թե իշխող քաղաքական ուժին դիվիդենդներ բերի՝ մանավանդ, որ իշխող ուժի ներկայացուցիչները ամենաբարձր մակարդակով խոսում են օրինազանցներից մաքրվելու մասին: Իսկ այս հարցում Վարդան Ղալումյանը, կարծես, «լավագույններից» է: Ըստ տեղացիների՝ վերջինիս հովանավորում է Տավուշի մարզի նախկին դատախազ, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության պետ Աննա Մանթաշյանը, ինչի համար էլ տիկին Մանթաշյանն արժանացել է Վարդան Ղալումյանի շնորհակալությանը՝ 3 սենյականոց բնակարանի տեսքով: Բնակարանը ձեւակերպվել է Մանթաշյանի հարսի` Լիլիթ Կյուրեղյանի անունով: Քանի որ նշված բնակարանի տրամադրման ժամանակ  քրեորեն պատժելի արարքներ են թույլ տրվել, ՀՔԾ-ում Աննա Մանթաշյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որի նախաքննությունը շարունակվում է մինչ օրս: Ուշագրավ է, որ քրեական գործ հարուցվել է միայն Աննա Մանթաշյանի նկատմամբ: Մինչդեռ անօրինականություններ թույլ տվող հիմնական անձը` Իջեւանի քաղաքապետը, գործով միայն վկա է: ՀՔԾ-ում հարցաքննության ժամանակ Վարդան Ղալումյանը նշված բնակարանի տրամադրման հարցը վերահասցեավորել է ավագանու անդամներին, թեեւ հասկանալի է, որ քաղաքի ավագանին այդ որոշումը կայացրել է քաղաքապետի պահանջով: Խոսակցություններ կան, որ Վարդան Ղալումյանն Աննա Մանթաշյանին  նաեւ հողատարածքներ է հատկացրել, որոնք ձեւակերպվել են այլ անձանց անուններով ու հետագայում վաճառվել՝ հաշվի առնելով այս բնակարանի հետ կապված զարգացումները: Աննա Մանթաշյանի նկատմամբ ՀՔԾ-ում հարուցված այս քրեական գործը միակը չէ: Նրա դեմ ՀՔԾ-ում մի քանի քրեական գործ կա հարուցված՝ համայնքապետերի հետ օրինազանց գործարքների գնալու համար, մասնավորաբար՝ Աղավնավանք համայնքում 1 հա չափով  հողատարածք Աննա Մանթաշյանի միջամտության արդյունքում օրենքի կոպիտ խախտումով  նույնպես տրամադրվել է նրա հարս Լիլիթ Կյուրեղյանին: Աննա Մանթաշյանի հարսն առանց  նախավճար մուծելու մասնակցել է աճուրդին ու, բնականաբար, հաղթող ճանաչվել եւ որոշ  ժամանակ անց գրանցել հողի նկատմամբ սեփականության իրավունքը: Մանթաշյանի անունը կապվում է նաեւ Դիլիջան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքերով միջադեպերի, Աչաջուր գյուղում տեղի ունեցած հանցագործությունների եւ այլնի հետ:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը օրենքի կոպիտ խախտումով սեփականության իրավունքով անհատույց բնակարան է հատկացրել նաեւ դեռ 2001 թվականին հաշվառումից դուրս եկած եւ ՌԴ քաղաքացիություն ընդունած Նինա Տոնյանին: Նինա Տոնյանը այդ բնակարանը ձեռք բերելու համար երբեւէ չի դիմել Իջեւանի քաղաքապետին, իսկ բնակարանի ձեռք բերման եւ հետագայում այն օտարելու հետ կապված բոլոր գործողություններն իրականացրել է լիազորագրերով: Բնակարանն, ի վերջո, այս գործարքի արդյունքում  բաժին է հասել մինչեւ սույն թվականի մայիս ամիսը Իջեւանի քաղաքապետի տեղակալ աշխատած Սուրեն Մանուկյանի աներ Համլետ Հովհաննիսյանին (Aravot.am-ը այս հարցին մանրամասն անդրադարձել է):

Վարդան Ղալումյանն արդեն տեւական ժամանակ անտեսում է նաեւ օրինական ուժի մեջ մտած վճիռները: Խոսքը Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն  Սվետլանա Բեգլարյանին 2012 թվականից զբաղեցրած պաշտոնից անհիմն ազատելու  վերաբերյալ 11.02.2015 թվականին  օրինական ուժի մեջ մտած վճիռը միտումնավոր չկատարելու մասին է (այս գործին եւս «Առավոտը» մշտապես անդրադարձել է ): Վճիռը չկատարելու հարցով Սվետլանա Բեգլարյանը դիմել էր Ոստիկանության Իջեւանի բաժին: Հարուցված քրեական գործը օրերս կարճվել է: Գործի շրջանակներում ինչպես քննիչի, այնպես էլ նրա ղեկավար Աննա Մանթաշյանի կողմից   որեւէ քայլ չի ձեռնարկվել  դատական ակտի կատարման ուղղությամբ: Սվետլանա Բեգլարյանը բողոք է ներկայացրել մարզի դատախազ Տիգրան Սարգսյանին: Վերջինիս պատասխանում ասված է, որ քննիչի գործողություններում հանցակազմ չկա:

Իջեւան քաղաքի բնակիչ Հրանուշ Մելքումյանը եւս ունի օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ: Վճռով պարտավորեցվում է Իջեւանի քաղաքապետարանին՝ Մելքումյանի հետ կապել 19 ք/մ հողամասի պայմանագիր: Աննա Մանթաշյանի միջնորդությամբ այս գործը նույնպես կարճվել է: Քննիչ Վ. Սարգսյանը անտեսելով օրենքով սահմանված կարգն այն մասին, որ հողամասերի տրամադրման  պայմանագիր կնքելու համար չափագրողի կողմից կազմված համապատասխան  հատակագիծը պարտավոր է հաստատել քաղաքապետը, գործը կարճել է այն հիմնավորմամբ, որ քաղաքացին չի ներկայացնում քաղաքապետի կողմից հաստատված հատակագիծը: Նույն հիմնավորմամբ քաղաքացի Մելքումյանին մերժել է նաեւ քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Քննիչը շրջանցել է այս հարցերը:

Այս հարցերի շուրջ «Առավոտը» փորձեց խոսել Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի հետ: Վերջինս հրաժարվեց հեռախոսով պարզաբանումներ տալ: Զարմանալին այն է, որ Վարդան Ղալումյանը հրաժարվեց պատասխանել նաեւ «Առավոտի» գրավոր հարցերին: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է հարցման երկու ձեւ՝ գրավոր եւ բանավոր: Վարդան Ղալումյանը երկուսն էլ մերժեց` դեռ հարցումը չլսած-չստացած: Նույն օրենքի համաձայն՝ տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: Հետեւությունները թողնում ենք ընթերցողներին, իրավապահներին ու ՀՀԿ-ին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.08.2015

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովիկ says:

    Անառակ որդու երեսից Իջևանը կորցրել է իր վաղեմի շքեղաշուք տեսքը:
    Անառակ, հանցագործ որդու երեսից համայնքում տիրում է նախընտրական մռայլ, անտարբեր մթնոլորտ,
    Այս հարցում մեծ դեր ունի մարզային իշխանությունը, որը չգիտես ինչու լռում է

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31