Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարոտախտի վերջին տասնամյակը

Օգոստոս 12,2015 13:22

Անդրանիկ Նիկողոսյանի առաջարկն ունի հոգեբանական հիմքեր

Հայաստանի ներկայիս Սահմանադրության առաջին կետում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Սահմանադրական փոփոխություններով կամ նոր Սահմանադրությամբ այդ հոդվածը չի փոխվի: Թե գործող Հիմնական օրենքում եւ թե առաջարկվող փոփոխություններում այդ գլուխը կոչվում է «սահմանադրական կարգի հիմունքները»: Կան հայեր, որոնք խոսում են Հայաստանում սահմանադրական կարգի հիմունքների դեմ եւ, մասնավորապես, չեն ուզում, որ Հայաստանն ինքնիշխան պետություն լինի: Լայն զանգվածներին գրեթե անհայտ գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը նրանց շարքից է: Իրավաբանները թող համապատասխան գնահատական տան նման դիրքորոշմանը: Բայց այդ հարցն ունի նաեւ քաղաքական եւ հոգեբանական կողմ:

Կարելի է, իհարկե, նման մարդկանց ասածներին լուրջ չվերաբերվել: Բայց եկեք անկեղծ լինենք եւ ընդունենք, որ ինքնիշխան պետություն ունենալու պատիվը եւ բերկրանքը ներկայիս հայաստանցիներից շատերը չեն զգում, հակառակ դեպքում նման գործիչները չէին համարձակվի առաջարկել, որ Հայաստանը մտնի այլ երկրի կազմի մեջ: 25 տարվա ընթացքում ձեւավորված այդ շերտի հոգեբանությունը հետեւյալն է. քանի որ Հայաստանի իշխանությունը վատն է, ապա ինքնիշխանության մեջ որեւէ իմաստ չկա, «բալքի» մեկը դրսից գա, լավ իշխանավոր դառնա ու «էս ժողովրդին» լավ պահի: Իմ տպավորությամբ՝ այդ մարդկանց մոտ վստահություն չկա, որ Պուտինը կվերցնի Հայաստանը եւ այն «լավ կպահի»: Իսկապես՝ վերջերս Ղրիմը վերցրեց եւ, կարծես թե, առանձնապես չի ծաղկեցնում: Բայց հոգեբանական մեխանիզմը պարզ է. իմ վիճակի համար ես չեմ պատասխանատու՝ մեղավորը «վատ պապաներն» են, որոնց պետք է փոխարինել «լավ պապաներով», բայց քանի որ «էս ազգի» մեջ «լավ պապաներ», կարծես թե, չկան, գուցե լավ կլինի, եթե նրանց փոխարինենք Պուտինով: Այդպիսի հոգեբանությամբ մենք երբեք նորմալ պետություն չենք ունենա, եւ Ա. Նիկողոսյանի նման գործիչները մշտապես «խոսելու տեղ» կունենան:

Ա. Նիկողոսյանը փորձում է մեզ գայթակղել նրանով, որ, մտնելով Ռուսաստանի կազմի մեջ, Հայաստանի սահմանը կդառնա ատոմային գերտերության սահման: Ինձ դա, ճիշտն ասած, բացարձակապես չի գայթակղում: Եթե ես դուրս եմ եկել վտանգավոր փողոց՝ մեջքիս, փորիս եւ երկու ձեռքիս թուրութվանքը կախած, դա իմ կյանքն ավելի անվտա՞նգ է դարձնում: Երեւի՝ հակառակը: Մանավանդ, որ իմ «չուզողներին» նույն «բարերարը» նույնպես թուրութվանք է տալիս: Մյուս կողմից՝ պարզ է, որ ոչ ժամանակակից արտադրական հզորություններով, ոչ բիզնեսի բարձր մշակույթով, ոչ էլ, ասենք, օրինականության բարձր մակարդակով Ռուսաստանը որեւէ մեկին չի կարող հրապուրել՝ միայն զենքով, գազով եւ նավթով:

«Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրենը» վստահ է, որ «Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ»: Հուսով եմ, որ այդպես չէ: Այդպես կլիներ, եթե Հայաստանում ապրեին միայն իմ հասակակիցները եւ ավելի տարեց մարդիկ: Բայց 10 տարուց մենք թոշակառու կլինենք եւ հասարակական կարծիքի վրա չնչին ազդեցություն կունենանք: Այնպես որ՝ հիմա կարոտախտով ապրողների ակտիվ գործունեության վերջին տասնամյակն է: Բարեբախտաբար, հիմա մեր երկրում կա երիտասարդություն, որը վարակված չէ խորհրդային կայսրության կարոտախտով, որը կրթություն է ստացել Արեւմուտքում, որը գիտելիքներ եւ տեղեկատվություն է ստանում ոչ միայն ռուսաստանյան պաշտոնական քարոզչությունից, այլեւ համացանցի բազմազան աղբյուրներից: Կան երիտասարդներ, որոնք աշխատում են արեւմտյան կապիտալով ընկերություններում (հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտում), որոնք շփվում են մտածողության եւ աշխատանքի կազմակերպման այլ՝ ոչ «հետխորհրդային» մակարդակի հետ:

Այնպես որ՝ «բացարձակ մեծամասնության» վերաբերյալ խիստ կասկածներ ունեմ: Փոխարենը վստահ եմ մեկ այլ բանում՝ ռուսական կայսրություն կամ Խորհրդային Միություն հնարավոր չէ վերականգնել: Մենք ապրում ենք տնտեսական հարաբերությունների եւ տեղեկատվական դաշտի բոլորովին այլ պայմաններում՝ դրանք հնարավոր չէ 30 տարով «հետ պտտեցնել»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տ.Ա. says:

    Փաստորեն Համաձայն եմ))))

  2. Գալուստ Ս-ին եւ մյուսներին says:

    Հայկական վերջին թագավորությունը անկվեց ոչ թե պատերազմական պարտության հետեւանքով, այլ որովհետեւ հայ իշխանները դիմեցին պարսից արքային՝ խնդրելով իրենց ազատել սեփական թագավորից, քանի որ զզվել էին կատարվող անօրինություններից ….
    ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ԱՐԴՅՈՔ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31