Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչ մի բեմ չի կարող փոխարինել Երեւանի օպերային թատրոնի բեմին»

Օգոստոս 12,2015 12:03

Ավստրիաբնակ սոպրանո Լիանա Ալեքսանյանը Հայաստանում է

Օպերային երգչուհի Լիանա Ալեքսանյանի առաջին բեմելը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ 2004 թ.՝ Անուշի դերերգով։ Այդ ժամանակ երգչուհին դեռեւս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողուհի էր։ Ներկայացումը նվիրված էր անվանի մանկավարժ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի հոբելյանին, գլխավոր դերերգերով էլ հանդես եկան պրոֆեսորի ուսանողները՝ Լիանա Ալեքսանյանը (Անուշ), Գարիկ Սաթյանը (Սարո), Գեւորգ Հակոբյանը (Մոսի)։ Բեմադրությունն իրականացրել էր Սերգեյ Դանիելյանի ուսանողը՝ ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանը։

Այս ներկայացումից հետո այլեւս Լիանա Ալեքսանյանին ոչ միայն մեր օպերային թատրոնում, այլեւ այլ համերգասրահներում չհանդիպեցինք։ Գիտեինք, որ նա վերջին տարիներին պահանջված երգչուհի է եվրոպական, մասնավորապես՝ Գերմանիայի օպերային թատրոններում։ Միայն այս տարի՝ ապրիլի 23-ին, տեղեկացանք, որ սոպրանոն իր ճանաչված կոլեգաների՝ ավստրիաբնակ Հասմիկ Պապյանի, Հովհաննես Այվազյանի եւ մոսկվաբնակ Արսեն Սողոմոնյանի հետ, մասնակցել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացած Վյաչեսլավ Արտյոմովի «Ռեքվիեմի» կատարմանը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային նվագախմբի, Յուրլովի անվան պետական ակադեմիական կապելլայի եւ Սվեշնիկովի անվան երգչախմբային ուսումնարանի տղաների երգչախմբի ընկերակցությամբ։

Այս օրերին Լիանա Ալեքսանյանը Երեւանում է։ Կարծես թե, կարիերայի սկզբի համար ամեն ինչ կար. կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողին թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը հրավիրում է իր իսկ բեմադրությունում գլխավոր դերերգով հանդես գալու, նաեւ ուսանողական տարիներին երգչուհին արդեն հասցրել էր մասնակցել հեղինակավոր միջազգային մրցույթների, այդ թվում՝ Վիեննայում՝ Հանս Գաբոր Բելվեդերի անվան, հաղթել էր ֆրանսիական Թուլուզում անցկացվող մրցույթում, բայց Երեւանի օպերային թատրոնի բեմում, փաստորեն, առաջին ու վերջին դերերգը Անուշն էր։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ արվեստագետը միայն նշեց, թե Երեւանի օպերային թատրոնում արտիստին հարիր վերաբերմունք ստացել է միայն Գեղամ Գրիգորյանի կողմից, հետո էլ առանց մանրամասնելու հավելեց. «Թատրոնի գեղարվեստական ղեկավարը պարոն Գրիգորյանն էր, բայց բացի նրանից, գլխավոր այլ պաշտոններ էլ կան, որոնցից մեկի հետ ունեցած միջադեպից հետո հասկացա, որ չեմ կարող շարունակել աշխատանքս, թեեւ պարոն Գրիգորյանն ինձ արդեն հանձնարարել էր սովորել գլխավոր դերերգերը Վերդիի «Տրավիատա»-ում, Դոնիցետիի «Պողիկտոս»-ում»։

Տեսարան ժամանակակից ռեժիսուրայով Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայից:

Տեսարան ժամանակակից ռեժիսուրայով Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայից:

Լիանա Ալեքսանյանը՝ Տրավիատայի կերպարում:

Լիանա Ալեքսանյանը՝ Տրավիատայի կերպարում:

Լիանա Ալեքսանյանը նշեց, որ ինքը ազատ արվեստագետ է, շուրջ 10 տարի պայմանագրային հիմունքներով բեմ է բարձրանում ոչ միայն գերմանական օպերային թատրոններում։ Մեր զրուցակիցը հիշեց, որ առաջին պայմանագիրը կնքել է գերմանական Բրաունշվայգի թատրոնի հետ, որտեղ երկու ամիս հանդես է եկել Տրավիատայի դերերգով՝ Վերդիի համանուն օպերային ներկայացման մեջ։ «Այդ թատրոնում ընդգրկվեցի նաեւ շուրջ 20 օպերային ներկայացումներում, փաստորեն, աշխատեցի երեք տարի։ Հրավիրվում էի նաեւ Բեռլինի, Համբուրգի, Մյունխենի, Շտուտգարդի, ավելի ուշ՝ Շվեյցարիայի եւ այլ թատրոններ»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Ասաց, որ իր բնակության մշտական վայրը Վիեննան է, թեեւ տանը քիչ է լինում։

Այս տարիներին էլ համագործակցել է իսկապես անվանի բեմադրիչների, դիրիժորների եւ երգիչների հետ։ Առանձնացրեց հատկապես Բուենոս Այրեսի «Teatro Colon»-ում իր մասնակցությամբ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերային ներկայացումը։ «Այս ներկայացումն իրականացրեց աշխարհահռչակ ռեժիսոր Հուգո դե Անան, որը մի շարք ներկայացումներ է իրականացրել Լա Սկալայում, Արենա դի Վերոնայում եւ այլ ճանաչված թատրոններում։ Ընդ որում, իր բեմադրություններում Հուգո դե Անան ե՛ւ զգեստների դիզայներ է, ե՛ւ խորեոգրաֆ, ե՛ւ դեկորների ու ռեկվիզիտի հեղինակ, ե՛ւ լուսային ինժեներ, այսինքն՝ ամեն ինչով ինքն է զբաղվում՝ բացի երգելուց ու դիրիժորությունից»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։ Հետաքրքրությանը՝ թեեւ Արեւմուտքում դերերգ ստանալու կամ բեմ բարձրանալու խնդիր չունի, հայրենիքում կտեսնե՞նք իրեն, մանավանդ որ, վերջերս մեր թատրոնում դարձյալ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը վարում է Գեղամ Գրիգորյանը, Լիանա Ալեքսանյանը պատասխանեց. «Դեռ չեմ հանդիպել պարոն Գրիգորյանին, չնայած ցանկությունս մեծ է, մանավանդ ինձ համար աշխարհի ոչ մի բեմ չի կարող փոխարինել Երեւանի օպերային թատրոնի բեմին…»։

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.08.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31