Վերջին շրջանում Հայաստանից սկսել են արտագաղթել բավականին ճանաչված մասնագետներ: Aravot.am-ի տեղեկություններով մեր երկրից բարձր որակավորում ունեցող բժիշկների արտահոսք է տեղի ունենում: Նրանցից շատերը՝ սրտաբաններ, ինվազիվ սրտաբաններ, մանկաբույժներ, վիրաբույժներ, հատկապես Մոսկվայում են աշխատանք փնտրում, եւ մեր աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանը մեր մասնագետներին գրկաբաց է ընդունում, մեր բժիշկները ստիպված չեն լինում երկար փնտրել աշխատանք: Մի քանի բժիշկներ էլ Դուբայում են աշխատանք գտել, որոշներն էլ՝ եվրոպական տարբեր երկրներում:
Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ արտագաղթող բժիշկներն Հայաստանում երկար տարիներ աշխատած եւ վաստակ ունեցող մասնագետներ են: Այդ դեպքում ինչո՞ւ են այլ երկրներում աշխատանք փնտրում, արդյոք Հայաստանում նրանց չեն գնահատում, մեր այս հարցին, Aravot.am-ի աղբյուրն ասաց, որ այլ երկրներում ավելի լավ պայմաններ են առաջարկում, ավելի բարձր աշխատավարձով.
«Իսկ Հայաստանում ընդհանուր վիճակը, մեղմ ասած՝ այնքան էլ լավ չէ: Հիվանդների քանակը վերջին ամիսներին մի քանի անգամ նվազել է: Մենք, որպես բժիշկներ, ուրախ կլինեինք, որ հիվանդների քանակը նվազեր միմիայն առողջ լինելու, առողջանալու հետեւանքով, սակայն մարդկանց վճարունակությունն է նվազել, մարդիկ փող չունեն, որպեսզի իրենց առողջության վերականգնման համար վճարեն: Այնպես չէ, որ արտագաղթող բժիշկներն ուրախությամբ են գնում: Մի քանի իմ ընկեր բժիշկներ 10 օրում աշխատանք են գտել ու ընտանիքին էլ են տարել, ասում են՝ չգիտեն՝ հետ կգա՞ն, թե՝ ոչ: Ոմանք էլ ստիպված չեն եղել գնալ աշխատանք փնտրել, դրսից հրավեր են ստացել, ու առանց երկար մտածելու գնացել են: Արտագաղթող բժիշկների շարքում է Հայաստանի համար եզակի մասնագետ, նրա եւ մյուսների անունները չեմ ուզում տալ, իրենք չեն ցանկանում, ասում են՝ լավ օրից չէ, որ գնում ենք»:
Օրերս Ռուսաստանի արդարադատության նախարարությանը հաստատել է արտասահմանցիների մասնագիտությունների վերաբերյալ աշխատանքի նախարարության հրամանը, որը նրանց իրավունք է տալիս հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալ: ՌԴ-ի համար նախընտրելի մասնագետներն են բժիշկները, ինժեներները, մաթեմատիկոսները, փականագործները, էլեկտրատեխնիկները, որոնք իրենց մասնագիտությամբ 3 տարի աշխատելուց հետո կարող են քաղաքացիություն խնդրել:
Կարդացեք նաև
«Սա ինչ-որ չափով կարող է խթանել հայ լավ մասնագետների արտահոսքին, բայց իրավիճակն է այդպիսին, լավագույնները, պահանջվածներն, այսպես, թե՝ այնպես, գնում են: Լավագույնները, մեծամասամբ, գնում են ոչ թե Ռուսաստան, այլ՝ ուրիշ երկրներ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Մեր այն դիտարկմանը, որ ՌԴ-ում լավ պայմաննե՞ր են առաջարկում լավ մասնագետներին, ժողովրդագիրն ասաց. «Ռուսաստանն իր խնդիրներ է լուծում, բարի եղի՛ր. դու էլ քո խնդիրները լուծիր»:
Ընդհանրապես, ըստ Եգանյանի, բոլոր երկրներն էլ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներհոսքն ապահովում են, փորձում են սահմանափակել ցածր որակավորում ունեցողների ներհոսքը. «Դա կոչվում է սելեկցիոն (ընտրովի) իմիգրացիոն քաղաքականություն»:
Անդրադառնալով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին եւ միգրացիայի խնդրին, պարոն Եգանյանն ասաց. «Ինչպես կար, այնպես էլ շարունակվում է՝ ավելի վատացման միտումների խորացմամբ»:
Հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ վերջին շրջանում ավելի շատ են գնում, Եգանյանն ասաց. «Կարելի է եզրակացնել, ավելի շատ են գնում մշտապես բնակության, քան՝ ժամանակավորապես: Ծնելիության ցուցանիշները վատանում են: Ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակը բացասական է ազդում թե՛ ժողովրդագրական, եւ թե՛ միգրացիոն գործընթացների վրա»:
Հիշեցնենք, որ օրերս ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ էր հրապարակել, ըստ որի մեր երկրում կյանքի գրեթե բոլոր բնագավառներում ժողովրդագրական ցուցանիշները նվազել են. այս տարվա 6 ամիսներին նվազել են ծնունդների, մահերի, ամուսնությունների եւ ամուսնալուծությունների դեպքերը, եւ միայն ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի դեպքերն են ավելացել: Ընդ որում, ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանից մարդկանց ելքերն ավելի շատ են եղել 75,464-ով, քան՝ մուտքերը:
ՌԴ-ում տնտեսական ճգնաժամի հետեւանքով հայ արտագնա միգրանտների վերադարձի հույս կա՞, մեր այս հարցին էլ Եգանյանն ասաց, որ եթե իրավիճակը որեւիցե կերպ չի փոխվում, չի լավանում, բոլոր բացասական արտամղող գործոնները ոչ միայն չեն թեթեւանում, այլեւ՝ ծանրանում են, անգամ եթե Ռուսաստանում վիճակը վատ է, որոշ մարդիկ այդքան վատ լինելով հանդերձ, ժամանակավոր շատ միգրանտներ էլի գնացել են. «Նրանք հարմարվում են ավելի քիչ վաստակին, ավելի ծանր պայմաններին, սա ինքնին ցուցանիշ է արդեն: Այլընտրանք չունեն, մարդիկ գիտակցելով, որ այնտեղ էլ վատ է, էլի գնում են: Մարդը հեռանկար չունի, եթե փոքր հնարավորություն լինի այստեղ վաստակելու՝ չի գնա»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Արտագաղթը շարունակվելու է, որովհետև հակաճգնաժամալին ծրագիր գրելու փոխարեն սահմանադրություն են գրում:
Վերջում Հայաստանում մնալու են իրենք, իրենց սրբազանը, ոստիկաններն ու հայ շոու բիզնեսի աստղերը