Օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը ՔԿՎ վարչակազմի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց կատարեց ՀՀ ԱՆ «Կոշ» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում:
Շրջայցի նպատակն էր ծանոթանալ ՔԿ հիմնարկների՝ դատապարտյալների և կալանավորված անձանց պահման վայրերի պայմաններին, խոհանոցների, սանհանգույցների սանիտարահիգիենիկ վիճակին, առկա խորքային ուսումնասիրություն և լուծում պահանջող այլ խնդիրներին:
Մասնավորապես «Կոշ» ՔԿ հիմնարկում Ա. Օսիկյանը եղավ քրեակատարողական հիմնարկի պատժախցերում, կատարեց մի շարք դիտարկումներ և զրուցեց պատժախցերում գտնվող դատապարտյալների հետ:
Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որի ընթացքում բարձրացված որոշ հարցերի լուծումներ տրվեցին տեղում, մի շարք խնդիրների լուծման համար էլ հանձնարարականներ տրվեցին իրավասու պաշտոնատար անձանց:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Ա. Օսիկյանը ՔԿ հիմնարկի վարչակազմի ուղեկցությամբ եղավ հիմնարկի հանձնուքների ընդունման սենյակում, զրուցեց դատապարտյալների հարազատների հետ, ապա ուղևորվեց բնակելի գոտի, հանդիպեց դատապարտյալների հետ, ծանոթացավ նրանց հուզող հարցերին:
ՔԿՎ պետի շրջայցի հաջորդ հանգրվանը «Արթիկ» ՔԿ հիմնարկի ճաշարանն էր, ուր Ա. Օսիկյանը ծանոթացավ դատապարտյալներին տրվող ճաշացանկին և հետաքրքրվեց սննդի որակով՝ տեղում տալով հանձնարարականներ՝ կապված որակյալ սննդի ապահովման անխափան գործընթացի հետ:
Ա. Օսիկյանը չշրջանցեց նաև ՔԿ հիմնարկի տարածքում գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ հատկապես կարևորելով դատապարտյալների և կալանավորված անձանց հոգևոր դաստիարակության հրամայականը:
Շրջայցի ավարտից հետո հիմնարկի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն ՔԿՀ վարչակազմի հետ, որի ընթացքում Ա. Օսիկյանը լսեց հիմնարկի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, ականջալուր եղավ բարձրացրած խնդիրներին ու ներկայացված առաջարկությունների և տվեց համապատասխան հանձնարարականներ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին