Ծնունդով Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղից ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանը սահմանամերձ Չորաթանում ձեռնոցների արտադրամաս է ստեղծել, ուր աշխատում է 50 հոգի: Ներկայումս ընթացքի մեջ է Արծվաբերդում արտադրամասի շինարարությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 24-ին այցելել էր Չորաթան, «Տավուշ տեքստիլ» ընկերության արտադրամաս:
Հեռախոսազրույց ունեցանք այժմ Մոսկվայում գտնվող Սուրեն Երիցյանի հետ: Նա հայտնեց, որ իրենց արտադրանքը արտահանվում է Ռուսաստան, ուր այն մրցակցության մեջ է Վիետնամում, ազատ տնտեսական այլ գոտիներում արտադրվող նման ապրանքների հետ:
Գործարարը ճիշտ չի համարում, որ ձեռնոց արտադրելու համար հումք ներկրելիս դրա 20 տոկոսը մաքսատանը վճարում է: Նա ճիշտ չի համարում աշխատողների աշխատավարձի գումարներից 26 տոկոս եկամտահարկի վճարումը, ասելով, որ ճիշտ կլիներ, եթե ինքը վճարեր միայն այդ գումարից աշխատողների կենսաթոշակային հիմնադրամին հասանելիք վճարները: Գործարարը հայտնեց, որ շահութահարկի արտոնությունից է օգտվում, սակայն դա էական աջակցություն չէ: Սուրեն Երիցյանը հայտնեց, որ ինքը հանդիպում է ունեցել Հայաստանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով զրույցի ժամանակ խոստովանել է, որ Ս. Երիցյանի հետ անարդար են վարվում:
Պաշտոնյան առաջարկել է որպես աջակցություն 3 տարով հետաձգել «Տավուշ տեքստիլի» կողմից ավելացված արժեքի հարկի վճարումը, ինչը Ս. Երիցյանը չի ընդունել. «Եթե սահմանամերձ գոտում արտադրության համար արտոնություններ չեն տրամադրում, էլ ինչո՞ւ եմ հեռավոր եզերքում արտադրամաս բացում, ոչ բարվոք ճանապարհներին բեռնատարների անվադողերը մաշում, այդ աշխատատեղերը կարող էի Երեւանում ստեղծել»,-ասաց Ս. Երիցյանը:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ Ռուսաստանում ռուբլու արժեզրկումը հավելյալ խնդիրներ է ստեղծել ռուսական շուկայում իրենց արտադրանքի մրցունակ լինելու համար: Սուրեն Երիցյանը չի հասկանում,թե ինչպես է կառավարությունն աջակցում Ադրբեջանի հետ սահմանագոտում աշխատատեղերի ստեղծմանը:
Նա ասաց, որ պետությունը սահմանագոտու անապահովներին ընտանեկան նպաստ է տալիս, իսկ ինքը նպաստի համեմատ բարձր աշխատավարձ է վճարում, մարդիկ, ովքեր հեռացել էին գյուղերից, ետ են վերադառնում հայրենի օջախներ, ընկերությունում աշխատանքի անցնում:
Ս. Երիցյանը չնայած նշված խնդիրներին, մտադիր է Տավուշի սահմանագոտում նոր աշխատատեղեր ստեղծել, ընդլայնել «Տավուշ տեքստիլի» գործունեությունը: Այդ ընկերության արտադրանքը կարտահանի նաեւ Թուրքմենստան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ