Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայ Առաքելական եկեղեցին չի մկրտել Համահայկական 6–րդ խաղերին մասնակցելու նպատակով Արևմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երևան եկած, 1915 թ. բռնի իսլամացված հայերի ժառանգ երկու հայուհիներին և Տիգրանակերտից ժամանած Էրդալ Մերջանին: Տարածաշրջանային հարցերով փորձագետ–վերլուծաբան Սարգիս Հացպանյանը տեղեկացրեց, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կիսլավոդսկից, որտեղ հանգստանում էր, մերժել է՝ պատճառաբանելով Կ.Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի շրջաբերականը: Նա իբր թե ասել է, որ այս մարդիկ մահմեդական են»:
Մինչդեռ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարբեր առիթներով հայտարարում էր, որ Արևմտյան Հայաստանից ժամանած իսլամացած հայերը մկրտվելու են: Սարգիս Հացպանյանը հարց է բարձրացնում, թե «Հրանուշ Հակոբյանը ինչպե՞ս պետք է արդարանա, որ հայտարարեց, թե էրդալը Փարամազ է դառնալու, բայց չդարձավ: Տիկին Հրանուշ Հակոբյանը այստեղ-այնտեղ հայտարարում է, որ Հայաստան են բերում ծպտյալ հայերի և այլն, բայց բերում են, որ հիասթափեցնե՞ն»:
Aravot.am-ը այս առիթով գրավոր հարցում ուղարկեց ՀՀ սփյուռքի նախարարությունը: Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է պատճառը, որ իսլամացած հայերը Հայաստանից հիասթափված են մեկնում, նրանց այստեղ չեն մկրտել, մինչդեռ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հրապարակային հայտարարել էր, որ նրանք մկրտվելու են, մի՞թե Հրանուշ Հակոբյանը տեղյակ չէր Կ.Պոլսի Պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի շրջաբերականից: Կամ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Սփյուռքի նախարարությունը, որպեսզի իսլամացած հայերի՝ մկրտության ցանկությունն իրագործվի:
Կարդացեք նաև
Ի պատասխան ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը գրավոր պատասխանեց. «Սկսենք նրանից, որ Հրանուշ Հակոբյանը Սարգիս Հացպանյանին բառացի ասել է հետևյալը. «Ես չգիտեմ, թե ինչու նրանց չեն մկրտել և իմ տեղակալ Վահագն Մելիքյանին կհանձնարարեմ ճշտի պատճառները և տեղեկացնի»:
Մանրամասնելով նշեմ, որ Դերսիմից երկու և Տիգրանակերտից մեկ իսլամացած հայերի մկրտության վերաբերյալ խնդիրը մեզ տեղեկացվել է հետևյալ կերպ. նրանց տարել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ առանց նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու և համաձայնեցնելու: Սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը պարզել է, որ մկրտարանում նրանց չեն մերժել, այլ ասել են, որ դա հնարավոր կլինի տվյալ օրվա միայն 17:30-ից հետո, որովհետև մինչ այդ տեղի են ունեցել մկրտություններ ըստ նախնական գրանցումների: Խմբի ղեկավար Րաֆֆի Պետրոսյանը հայտարարել է, որ այդքան ժամանակ չունեն և հաջորդ օրը իրենք լինելու են Խոր Վիրապում և այնտեղ կմկրտեն: Սակայն Խոր Վիրապից հարցում են ուղղել Մայր Աթոռ և քանի որ այնտեղ ևս գրանցում չի եղել, խնդրանքը մերժվել է: Նույն պատճառով մկրտությունը չի կայացել Նորավանքում և Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում»:
Դառնալով Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի շրջաբերականի՝ պարոն Սրապիոնյանը գրավոր պարզաբանում է. «Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի շրջաբերականի մասին հայտարարությունը մեղմ ասած ողբերգազավեշտական սցենար է: Յուրաքանչյուր քիչ թե շատ քրիստոնյայի հայտնի է, որ պատրիարքի տեղապահը շրջաբերականով Վեհափառին դիմելու իրավասություն չունի, լավագույն դեպքում նա կարող է խնդրանքով դիմել Վեհափառին, իսկ այդ մասին Հրանուշ Հակոբյանը հաստատապես տեղյակ է»:
Սփյուռքի նախարարության ձեռնարկելիք քայլերի մասին պարոն Սրապիոնյանը տեղեկացնում է. «Հայտնում ենք, որ Սփյուռքի նախարարը հարցը մի քանի անգամ քննարկել է հոգևոր կառույցների հետ և սույն խնդրի վրա նորից կհրավիրվի նշված կառույցների ուշադրությունը՝ արարողակարգը հնարավորինս պարզեցնելու և հեշտացնելու ակնկալիքով: Հայտնում ենք նաև, որ Սփյուռքի նախարարությունը մկրտելու իրավունք չունի և նրա խնդիրը բարձրացված հարցերը համապատասխան կառույցներին և գերատեսչություններին ներկայացնելն է, ինչն էլ այս դեպքում լիարժեքորեն արվել է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ուր էք գնում հայ ազգի անփառունակ ղեկավարներ և հոգևոր հայրեր? Բավական է ամեն տեղ ցուցաբերեք ձեր ճղճիմությունը: «Վեհափառը» պետք է ինքն անձամբ գար և մկրտեր այս գառներին՝ ծովափներում իր հաճույքները հոգալու փոխարեն: Ազգդ կործանվում է, իսկ դու ինչով էս զբաղված?